Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագիտական եզրակացությունն արձանագրել էր դիմողի հուսահատության օբյեկտիվ վախերը, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության

Մարտ 23,2020 13:00

Բեդֆորդի շրջանի դատախազ Ապդայկը տարիներ առաջ երդվեց. «Ես սույնով հավաստիացնում եմ, որ եթե Վիրջինիայի Բեդֆորդ նահանգում Յենս Սոերինգը մեղավոր ճանաչվի մահապատիժ նախատեսող արարքի համար, ապա դատապարտումը կիրականացվի Միացյալ Թագավորության դատավորի անունից եւ Միացյալ Թագավորության կամքը կլինի, որ մահապատիժ չնշանակվի կամ ի կատար չածվի»:

Մեր փաստաբանները հաճախ են իրենց պաշտպանական ճառերը կառուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների հենքի վրա:  Հասկանալի է, քանի որ հեռահար պաշտպանական ծրագրերից մեկը հետագայում ներպետական հնարավորությունները սպառելուց հետո Եվրոպական դատարան դիմելն է:

Մի կալանավորի գործով օրեր առաջ ճանաչված փաստաբաններից մեկը հղում կատարեց «Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության գործին»: Որոշեցի ծանոթանալ այս գործի որոշ մանրամասներին:

Պարզեցի, որ այդ գործով ՄԻԵԴ դատավորներն ունեցել են «հատուկ» կարծիք, բայց այսպիսի ձեւակերպումներով. «Միասնական մասամբ համատեղ կարծիք», «Միասնական մասամբ չհամընկնող կարծիք», «Մասամբ չհամընկնող կարծիք», «Համատեղ մասամբ չհամընկնող կարծիք» եւ՝ «Մասամբ համընկնող մասամբ չհամընկնող կարծիք»:

Գերմանացի դիմումատուն  Անգլիայում գտնվել է կալանքի տակ եւ սպասել ԱՄՆ-ին հանձնմանը: Նա դատապարտվել էր մահապատժի՝ Վիրջինիայում կատարված սպանությունների համար: Տուժողները` 72-ամյա Ուիլիամ Ռեժինալդ Հայսոմն ու 53- ամյա Նենսի Աստոր Հայսոմն էին, դիմումատուի ընկերուհու` Էլիզաբեթ Հայսոմի, ով Կանադայի քաղաքացի էր, ծնողներն էին:

Համալսարանի ուսանող դիմումատուն սպանության ժամանակ եղել է 18 տարեկան, ընկերուհին՝ Էլիզաբեթը, 20 տարեկան: Ի դեպ, չափահասության տարիքի՝ 18 տարեկան չհասած անձի նկատմամբ մահապատիժ նշանակելն արգելված չէր Վիրջինիայի օրենսդրությամբ: Մահապատիժը Վիրջինիայում վերսկսվել է կիրառվել 1977 թվականից եւ մահապատժի կատարման եղանակը էլեկտրական աթոռն է:

Չնայած դրան, Վիրջինիա նահանգի նահանգապետը «մահապատիժը փոխարինելու» անսահմանափակ իշխանություն ունի (Վիրջինիայի Սահմանադրության հոդված V, բաժին 12): 1977 թվականից որեւէ գործ չի եղել, որ նահանգապետը կիրառեր իր այս իշխանությունը:

Դիմումատուն եւ ընկերուհին, ըստ ՄԻԵԴ գործի, միասին Վիրջինիայից անհետացել էին. ձերբակալվել էին Անգլիայում, այլ խարդախության գործով: Դիմողը քննիչի եւ Միացյալ Թագավորության ոստիկանության 2 աշխատակիցների ներկայությամբ խոստովանել էր սպանությունները: Նա նաեւ հայտնել էր, որ սիրել է օրիորդ Հայսոմին, բայց նրա ծնողները դեմ են եղել իրենց կապին, եւ որոշել են սպանել նրանց: Նրանք մեքենա էին վարձել Շառլոտտեսվիլում եւ մեկնել էին Վաշինգտոն, որտեղ պատրաստել էին իրենց այլուրեքությունը՝ ալիբին: Դիմողը գնացել էր սիրած աղջկա ծնողների բնակարան՝ իրենց հարաբերությունների մասին քննարկելու համար եւ երբ ծնողները ասել էին, որ ամեն ինչ անելու են դրան խոչընդոտելու համար, վիճել էին, որի ընթացքում դիմողը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էր նրանց:

Բեդֆորդի շրջանի շրջիկ դատարանի բարձրագույն դատարանն առանձնակի դաժանությամբ կատարված երկու տուժողների սպանության համար առաջադրված մեղադրանքով դիմումատուին սպառնում էր մահապատիժ, սակայն առանձին սպանությունների համար մահապատիժ չէր սպառնում: Վաշինգտոնում Անգլիայի դեսպանատունը միջնորդություն էր ներկայացրել ԱՄՆ իշխանություններին` հետեւյալ բովանդակությամբ. «Քանի որ Մեծ Բրիտանիայում մահապատիժը վերացվել է, դեսպանատանը հանձնարարվել է հանձնման մասին պայմանագրի համաձայն հավաստիացումներ պահանջել, որ պրն Սոերինգին մեղսագրվող արարքներում մեղավոր ճանաչելու ու դատապարտելու դեպքում … մահապատիժը, եթե նշանակվի, ի կատար չի ածվելու: Եթե ԱՄՆ կառավարության սահմանադրական լիազորությունների մեջ չի մտնում նման հավաստիացումների ներկայացումը, ապա Միացյալ Թագավորության իշխանությունները խնդրում են ԱՄՆ կառավարությանը ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ իրավասու իշխանություններին հանձնարարելու, որ մահապատիժ չնշանակվի կամ ի կատար չածվի նշանակվելու դեպքում»:

Բոննից գերմանացի դատախազին երդման ներքո տված հարցաքննության ժամանակ դիմումատուն հայտնել էր, որ «երբեք մտադրություն չի ունեցել սպանելու տեր եւ տիկին Հայսոմներին: Նա հիշել է, որ վնասվածքներ է հասցրել տեր եւ տիկին Հայսոմների պարանոցին». իսկ սպանությանը նախորդող օրերին իր եւ Էլիզաբեթի միջեւ ծնողների սպանության մասին խոսակցություն չի եղել:

Էլիզաբեթը հետագայում հանձնվել էր ԱՄՆ-ին՝ իր ծնողների սպանությանն օժանդակելու համար իրեն մեղավոր ճանաչելուց հետո նա դատապարտվել է 90 տարվա ազատազրկման (45 տարի՝ յուրաքանչյուր սպանության համար):

Դատարանի ուշադրությունն էր հրավիրվել դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության վրա, համաձայն որի՝ «Սպանության ժամանակ դիմողը գտնվել է հոգեբանական այնպիսի վիճակում, որում մի զուգընկերը ներշնչվում է մյուս զուգընկերոջ հոգեբանական հալյուցինացիաներից: Օրիորդ Հայսոմի խանգարվածության աստիճանը մոտ է հոգեբանականի եւ նա ունակ է եղել մի քանի ամիսների ընթացքում ներազդելու պրն Սոերինգի վրա, օրիորդ Հայսոմը բթացնող ու հիպնոսացնող ազդեցություն է ունեցել Սոերինգի վրա, որը հանգեցրել է աննորմալ հոգեբանական վիճակի, որում նա ռացիոնալ մտածել կամ օրիորդ Հայսոմի կյանքի վերաբերյալ պատկերացումները կասկածի տակ դնել չի կարողացել: Արդյունքում՝ հանցագործության կատարման ժամանակ Սոերինգը տառապել է մտավոր հետամնացությունից, որի պայմաններում նա մեղավոր չէ դիտավորյալ սպանության համար, սակայն մեղավոր է անզգույշ մահ պատճառելու մեջ»: Դիմողը չհանձնվեց ԱՄՆ-ին, նախ Եվրոպական հանձնաժողովի, ապա Եվրոպական դատարանի կիրառած ապահովման միջոցի ուժով եւ տեղափոխվել էր դատապարտյալների հիվանդանոց,  ուր պահվում էր հատուկ ռեժիմի հսկողության ներքո:

Փորձագիտական եզրակացությունն արձանագրել էր դիմողի հուսահատության օբյեկտիվ վախերը, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության: Դիմումատուն բողոքել էր տեղի քրեակատարողական հիմնարկից, մինչդեռ ՄԻԵԴ-ը «հավատացել» եւ հիմք էր ընդունել Վիրջինիայի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի երդումը:

Նախագահող Ռոլվ ՌիսսդալՀերբերտ Պեցոլդի վճռով մերժվել էր արդարացի փոխհատուցման պահանջը, դատարանը հանգել էր նրան, որ  դիմողին ԱՄՆ-ին հանձնելու մասին որոշման կատարման դեպքում տեղի կունենա 3-րդ հոդվածի խախտում, վճռել էր պարտավորեցնել Միացյալ Թագավորությանը դիմողին իրավական ծախսերի ու ծախքերի համար վճարի 26 752 ֆունտ ստեռլինգ ու ութսուն պեննի:

Պատրաստեց 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031