Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առողջ ժամանակներ գալուն պես» մանրամասն կներկայացվի ֆիլհարմոնիկի պատմությունը

Մարտ 23,2020 12:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 20-ին ծրագրված էր անցկացնել երեկո՝ նվիրված  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հիմնադրման 95-ամյակին: Հասկանալի պատճառով այն չկայացավ: Սակայն ՀԱՖՆ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը «Առավոտին» հավաստիացրեց, որ երեկոն կկայանա, բայց ե՞րբ, դա կախված է «նորին գերազանցություն» կորոնավիրուսից:

Տիկին Դալլաքյանը «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ հնարավորինս հակիրճ ներկայացրեց նվագախմբի պատմությունը. «Ֆիլհարմոնիկը կազմավորվել է 1925թ. մարտին, սկզբնապես որպես Երեւանի կոնսերվատորիայի նվագախումբ: Նրա հիմնադիրներն էին Երեւանի կոնսերվատորիայի տնօրեն Արշակ Ադամյանը՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ: Մեծ հաշվով նվագախումբը հիմք է հանդիսացել հետագայում Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ կոլեկտիվների համար:

Ներկայումս ՀԱՖՆ-ը հանդիսանում է Հայաստանում ազգային պրոֆեսիոնալ նվագախմբային երաժշտության կենտրոն: 2000-ից ՀԱՖՆ-ը գլխավորում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը: Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը նպաստում է լսարանի մշակութային եւ երաժշտական մտածողության զարգացմանը, մշտապես հանդես է գալիս սիմֆոնիկ եւ օպերային երաժշտության ծրագրերով՝ պրոպագանդելով դասական եւ ժամանակակից նվագացանկ, ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Վստահորեն կարող եմ հավաստիացնել, որ մեր ծրագրերը գրավիչ են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների ընդգրկումով: Ավելին, սկսած 2000-ի սկզբներից, նվագախմբի մշտական հյուրախաղերի շնորհիվ մենք  դարձել ենք հայ երաժշտության դեսպանը միջազգային ասպարեզում: Հիշեցնեմ, որ նվագախմբի երկացանկում առանձնահատուկ տեղ ունեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի եւ, իհարկե, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ»:

Տիկին Դալլաքյանը հավելեց, որ նվագախմբի մոտ մեկդարյա գործունեության հետ կապված ընդգրկուն տեղեկություն կհաղորդի «առողջ ժամանակներ գալուն պես»:

Մենք էլ հիշեցնենք, որ ֆիլհարմոնիկի հիմնադիրը գեղարվեստական ղեկավար Միքայել Մալունցյանն է:  Տարբեր տարիների էլ կոլեկտիվը ղեկավարել են  անվանի մաեստրոներ Օհան Դուրյանը, Դավիթ Խանջյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Վալերի Գերգիեւը, Վահագն Պապյանը,  Լորիս Ճգնավորյանը, իսկ 2000թ.-ից՝ Էդուարդ Թոփչյանը: Ի դեպ, ֆիլհարմոնիկ նվագախմբի ծննդյան տարեթվի առիթով կան հակասական տարբեր մեկնություններ: Այս մասին խոստանում ենք անդրադառնալ կորոնավիրուսից հետո կայանալիք ֆիլհարմոնիկի հոբելյանական երեկոյին:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Հիշեցնեմ, որ ներկայիս մաեստրոի ջանքերով, մեր դասականներից շատերը (այդ թվում հիմնադրի ստեղծագործությունները) մոռացվել են: Դրանց տեղը զբաղեցնում են եվրոպական, այսպես կոչված ,,գերհանճարների,, գործերը, որոնք մեր մշակույթի հետ որևէ կապ չունեն և չեն հետաքրքրում մեր լայն հասարակությանը: Իսկ ժամանակակիցներից, հիմնականում պարզունակ գործեր՝ ,,ժմուրիկի,, սկզբունքով … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031