Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնի խախտմամբ անձին անզգուշությամբ մահ պատճառելը կպատժվի 2-4 տարվա ազատազրկմամբ

Մարտ 23,2020 11:48

Ազգային ժողովն այսօր քննարկում էր հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը, ինչպես առաջին ընթերցման ժամանակ էր հայտարարվել, վարչական եւ քրեական պատիժ է սահմանում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների եւ տեղեկատվության տարածման սահմանափակումները խախտող ԶԼՄ-ների համար: Փաթեթն այսօր քվեարկության դրվեց եւ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ (ամբողջությամբ):

Օրենսդրական փաթեթի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց սահմանված պատժամիջոցների վերջնական տեսքը: Նա նշեց, որ ինքնամեկուսացման եւ մեկուսացման կանոնը խախտելը բավարար չէ դատվելու համար. «Կանոնը խախտելը զանցանք է, եւ խախտողը վարչական պատասխանատվության կենթարկվի: Իսկ քրեական տեսանկյունից արարքը հանցագործություն կհամարվի, եթե կանոնը խախտելու հետեւանքով կվարակվի մեկ այլ անձ: Սահմանվում է տուգանք կամ կալանք մեկ ամիս ժամկետով: Իսկ եթե նույն արարքը ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, օրինակ՝ որեւէ օրգանի գործունեության ամբողջական դադարում, ապա սահմանվում է 500.000-700.000 դրամ տուգանք, կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ առավելագույնը երկու տարի ժամկետով: Իսկ եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձի՝ կանոնները խախտելու հետեւանքով մեկ այլ անձի անզգուշությամբ մահ կպատճառվի, պատիժը կլինի 2-4 տարվա ազատազրկում, նաեւ՝ գործունեության որոշակի տեսակներից կամ պաշտոնից զրկում»:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ այս վերջնական տարբերակը քննարկվել է ընդդիմադիր գործընկերների, Մարդու իրավունքների պաշտպանի հետ, եւ ընդդիմադիրների գրեթե բոլոր առաջարկները տեղ են գտել:

Պատգամավորը նաեւ շեշտեց՝ լրատվամիջոցների շրջանում շփոթմունք կա, թե այս օրենսդրական փաթեթն իրենց դեմ է ուղղված, սակայն ԶԼՄ-ների հանդեպ սանկցիաներն արդեն տասը տարի է՝ սահմանված են վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով. «Իսկ մեր այս փաթեթով տուգանքը 500-800 հազար դրամի շեմից նվազեցվում է մինչեւ 100-400 հազար դրամի շեմի: Մենք ԶԼՄ-ի հանդեպ սանկցիայի նորամուծություն չենք անում, սանկցիան եղել է, իսկ մենք մեղմացնում ենք»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031