Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Կոնչալովսկին ապտակեց Բեատա Տիշկեւիչին

Մարտ 23,2020 12:00

Խորհրդային կինոյի լեհ կոմսուհու պատմությունը

Բեատա Տիշկեւիչին Լեհաստանում անվանում էին Լեհաստանի ամենագեղեցիկ դեմքը, կինոյում  նա հիմնականում արիստոկրատների է մարմնավորել, քանի որ ինքն էլ  իրականում կոմսուհի էր:

Kulturologia.ru-ն որոշ դրվագներ է ներկայացրել ճանաչված դերասանուհի Բեատա Տիշկեւիչի կյանքից: ԽՍՀՄ-ում  նա նույնքան սիրված է եղել, ինչպես իր հայրենիքում:

Բեատա Տիշկեւիչը ծնվել է Վարշավայում` ազնվական ընտանիքում: Խորհրդային հանդիսատեսի համար  նրա տաղանդը  բացահայտել է Անդրոն Կոնչալովսկին՝ դերասանուհուն հրավիրելով նկարահանվել իր «Ազնվականության բույնը» (1969թ.) կինոնկարում:

Ո՞վ էր  Բեատա Տիշկեւիչը  եւ ի՞նչ կապ ուներ խորհրդային կինոյի հետ:  Նրա հայրը կոմս էր, նման մի ընտանիքից էլ մայրն էր:  Աղջիկը մեծացել է  ապահով ընտանիքում: Նրա ծնողները ամուսնալուծվել  են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եւ հայրը մեկնել է Անգլիա: Իսկ Բեատան եղբոր ու մոր հետ մնացել է Լեհաստանում եւ ճաշակել կարիքի դառնությունը: Նա  երազում էր դերասանական կարիերայի մասին, եւ ահա ստանում է առաջարկ նկարահանվելու «Վրեժ» (1957թ.) կինոնկարում։  Այդ ժամանակ նա 16 տարեկան էր:

1960-ական թվականներին նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, սակայն նրա հաջողությունը Ալեքսանդր Ֆորդի «Ազատության առաջին օրը» կինոնկարի հետ է կապվում։ Բեատան նկարահանվել է նաեւ Անջեյ Վայդայի «Սամսոն», «Մոխիր» եւ «Ամեն ինչ վաճառքի» կինոնկարներում, ընդհանրապես աշխատել է լեհական կինոյի ամենահայտնի ռեժիսորների հետ։ 1970-ական թվականներին հիմնականում նկարահանվում էր արտասահմանում:

Ինչպես արդեն նշվեց, ԽՍՀՄ-ում Բեատան հայտնի դարձավ Անդրոն Կոնչալովսկու «Ազնվականության բույնը» կինոնկարով։ Այդ տարիներին նկարահանվել է «Մարիսիան եւ Նապոլեոնը», «Տիկնիկ», «Կյանքից առավել թանկ», «Բալզակի մեծ սերը» եւ  այլ ֆիլմերում։ Ֆրանսիայում ապրելու տարիներին էլ  նկարահանվել է Կլոդ Լելուշի  «Էդիտն ու Մարսելը»  կինոնկարում։

Ինչ վերաբերում է Կոնչալովսկու հետ հանդիպմանը, դա ճակատագրական է եղել դերասանուհու համար: Նրանք հանդիպել են 1961-ին՝ Մոսկվայի կինոփառատոնի ժամանակ, որտեղ Բեատան ծանոթացել է նաեւ Սերգեյ Միխալկովի հետ: Ավելի վաղ Կոնչալովսկու հետ եւս մի քանի առանձին հանդիպում էր կայացել:

Բեատայի ու Կոնչալովսկու միջեւ սիրավեպ էր ծնվել: Ռեժիսորը հանուն սիրած էակի պատրաստ էր ամեն ինչի: Մի անգամ նույնիսկ վաճառել էր ռոյալը՝ Բեատայի համար թանկ  նվեր գնելու  համար: Բեատան երկար տարիներ պահպանում էր Կոնչալովսկու նամակները: Հետագայում խոստովանում է, որ նրա հետ շփվելուց հետո դժվար է այլ տղամարդկանց ընկալելը, բոլորը ձանձրալի են թվում:

Իր՝ «Գերադասելի խաբեություն» գրքում Կոնչալովսկին անդրադարձել է իրենց հարաբերություններին, կրքոտ համբույրներին ու կարոտակեզ նամակներին. «Բեատան ոչ թե ինձ հետ ամուսնացավ, այլ Վայդայի: Գուցե տարօրինակ թվա, բայց ես միշտ զգացել եմ, թե ինչպես է ինձ Վայդան խանդել նրա հանդեպ»: Վայդայի հետ ամուսնությունն էլ, սակայն, «փլուզվել» է: Երբ Բեատան վերադառնում է ԽՍՀՄ՝  նկարահանվելու «Ազնվականության բույնը» ֆիլմում, նրան սկսում է սիրահետել ՎԳԻԿ-ի երրորդ կուրսի ուսանող Վալերի Պլոտնիկովը, որը լուսանկարում էր կինոնկարի նկարահանումների ընթացքը: Սա հարուցում է Կոնչալովսկու խանդն ու զայրույթը: Բանը հասնում է նրան, որ Կոնչալովսկին ապտակում է դերասանուհուն:

«Ապտակն այնքան ուժեղ էր, որ թվաց, թե գլուխս ուսերիցս կպոկվի: Ես որոշեցի, որ ոչ մի վայրկյան չպետք է այստեղ մնամ, պետք է փախչել ոտքով, ինքնաթիռով, գնացքով, ավտոստոպով, ինչով հնարավոր է…»,-հետագայում հիշում է դերասանուհին: Ապա հավելում, որ երբ հուզված վազել է, նրա հետեւից փորձել է հասնել ռեժիսորը ու խնդրել, որ հենց այդպես խաղա: «Լաց եղիր ու այդպես խաղա, եթե ուզում ես նույնիսկ կիտրոն կտամ՝ ասաց ինձ Անդրոնը: Այդ պահին մտածեցի՝ այ քեզ ցինիկ, ցինիկ, բայց աշխարհում  ամենասիրելի մարդը»,-գրել է դերասանուհին:

1980-ական թվականներին, վերադառնալով Լեհաստան, Բեատա Տիշկեւիչը նկարահանվում էր հիմնականում երկրորդական դերերում։  Նա հանդես է եկել նաեւ  «Նոր ամազոնուհիներ», «Սեքս առաքելություն», «Եվրոպական պատմություն», «Վա Բանկ 2», «Երկու լուսին», «Նամակներ Մ-ին» եւ այլ ֆիլմերում։ Վերջին տարիներին Բեատա Տիշկեւիչը ընդգրկվում է կինոփառատոների ժյուրիի կազմում, զբաղվում է լուսանկարչությամբ, ակտիվ հասարակական գործունեությամբ: 2015-ին նա կոմսուհու է մարմնավորել  լեհական մի ֆիլմում: Դերասանուհին ասում է՝  80 տարեկանում  դժվար թե ազնվական տիկնոջ դեր խաղա, որովհետեւ, միեւնույն է, իր կեցվածքն արդեն հուշում է իր ծագման մասին:

Պատրաստեց՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031