Մարտի 21-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինքի ծրագրային դրույթները, որոնք համահունչ են անկախության տարիներին գոյացած սեփականության վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումներին։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Արցախ ներկայիս փոխհարաբերությունների և դրանց ապագայի մասին պատկերացումներին, ինչպես նաև հանքարդյունաբերությանն ու բնապահպանությանը վերաբերող հարցերի։ Երկուստեք կարևորվել է ընտրակաշառքի որևէ դրսևորումից զերծ քարոզարշավի և ազատ ու արդար ընտրությունների անցկացման հրամայականը։
Հույս ենք հայտնել, որ Արցախում հնարավոր կդառնա արդարության հիմքի վրա կառուցված նոր հարաբերություններ ձևավորել, ինչն արձագանք կգտնի մեծ հայրենիքի տարբեր հատվածներում բնակվող քաղաքացիների սրտերում։ «Քաղաքացու որոշում» կուսակցության անունից հաջողություն ենք մաղթել պարոն Մայիլյանին՝ այդ ծրագրերը իրականություն դարձնելու գործում։
«Քաղաքացու որոշում» ՍԴԿ