Կորոնավիրուսի համավարակը, տարբեր կանխատեսումներով, կարող է տեւել 1-1,5 տարի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով համավարակի միջազգային իրավիճակին: Վարչապետն ասաց նաեւ՝ վերջնական ապացուցված չէ, բայց կարծիք կա, որ տաք եղանակն ազդում է վարակի ոչնչացմանը: Մինչ այս հարցի պատասխանը կլինի, ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն է մշակել: Վարչապետն ասաց, որ խնդիր է դրված ոչ այնքան վարակի տարածումը կանխել, այլ որ արդյունքում չունենանք մահեր կամ հնարավորիս քիչ մահացության դեպքեր ունենանք:
Կառավարության գործողությունները այս օրերին վարչապետը բաժանում է երկու ուղղությունների` կորոնավիրուսի կանխարգելման օպերատիվ հարցեր եւ տնտեսական խնդիրներ: Նրա կարծիքով, իրավիճակից շահած դուրս կգան այն պետությունները, որոնք կմշակեն եւ կգործարկեն ռազմավարական մոտեցումներ` երկարաժամկետ հատվածի համար: Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունն այժմ դրանով է զբաղված եւ առաջիկայում վերջնական ծրագիրը կներկայացվի հանրությանը: Իսկ մինչ այդ վարչապետը որոշ փակագծեր բացեց. արտոնյալ վարկեր կտրամադրվեն այն ընկերություններին, որոնք կարիք կունենան հավելյալ ֆինանսների`աշխատողների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրություն կազմակերպելու եւ ռազմավարական ներդրումներ անելու համար: Կառավարությունը կմասնակցի այդ ծրագրերին`սուբսիդավորելով վարկերը, որպեսզի բանկային համակարգում ռիսկայնությունից ելնելով չխուսափեն վարկեր տրամադրել:
ՀՀ կառավարությունը շեշտը դնում է գյուղատնտեսության զարգացման վրա: Լավ վարկային պատմություն ունեցող գյուղաբնակներին, որոնք կզբաղվեն ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերով, կտրամադրվեն վարկեր` զրո տոկոսով: Ծրագրերը վերաբերվում են նոր այգիներ հիմնելուն, ջերմոցային տնտեսություններին, խելացի գոտիների, ակրիլային ոռոգման համակարգերին եւ այլն: Իսկ որպեսզի բանկերը խնդիր չունենան, կառավարությունը 30 տոկոս մասնակցություն կունենա: Վատ վարկային պատմություն ունեցող գյուղացիներին առաջարկվում է ձեւավորել գյուղացիական կոոպերատիվներ, որոնց կառավարությունը մասնակցություն կունենա 50-70 տոկոսով: Կոոպերատիվների ձեւավորմանը կաջակցեն լիցենզավորված մենեջերները:
Կորոնավիրուսի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիների համար սոցիալական աջակցության նոր փաթեթ է մշակվում: Այն կլինի «Փարոսի» ենթաճյուղերից մեկը: Կառավարությունը օնլայն ռեժիմով հետեւում է աշխատաշուկայի շարժերին եւ աշխատանք փնտրող քաղաքացիները կօգտվեն կառավարության սոցիալական փաթեթից:
Կարդացեք նաև
Հանրապետության պարետը նոր որոշումներ է կայացրել`որ սահմանափակումների մասով: Վարչապետը հավաստիացնում է, որ կարճաժամկետ առումով կոշտ սահմանափակումները անհրաժեշտ են: Կառավարությունում նաեւ տարբերակներ են մշակում, թե ինչպե՞ս պետք է շարունակել կյանքը, եթե վիրուսի տարածման պատճառով սահմանափակումները երկարեն: Մեկ շաբաթվա ճգնաժամային աշխատանքի արդյունքում Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ մենք ունենք հնարավորություններ, այս ամենից դուրս գալ իբրեւ ավելի ուժեղ պետություն:
Վարչապետը վստահեցնում է` հայաստանյան շուկաներում ապրանքային դեֆիցիտ չկա: Բենզինի գնի էական անկում է նկատվել` կապված նավթի միջազգայի գնի անկման հետ: Դիզվառելիքի գինը շարունակում է բարձր մնալ: Վարչապետը խոստացավ, որ առաջիկայում կառավարությունը կզբաղվի այդ հարցով:
Այլ մանրամասները` տեսանյութում
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/836957460129950/
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ