Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեջուրն արդեն այն չէ

Մարտ 22,2020 22:00

Ժամանակին՝ 2000-ին՝ «Նոյի թվին», երբ մեր խանութներում հայտնվեց չեխական գարեջուըը, ես որոշեցի զարմացնել հորս: Նրա պատմածներից դատելով՝ չեխական գարեջրից ավելի համեղ բան չէր կարող լինել: Նրա պատմություններից կարելի էր հասկանալ, որ խորհրդային ժամանակաշրջանում չեխական գարեջուրը մի բան էր, որի հետ արժեր ամուսնանալ եւ որի հետ կարելի էր նաեւ մահանալ:

Եվ ահա ես գնեցի այդ գարեջրից, գնեցի խեցգետիններ եւ պսպղացող աչքերով ներխուժեցի տուն: Նստած խմում ենք, զրուցում ենք անկարեւոր բաների մասին: Եվ մոտավորապես երրորդ շշից հետո հերս ասում է.
-Լսիր, այս գարեջուրն ինչ-որ էն չի:
-Ի՞նչ իմաստով «էն չի», – ասում եմ, – ահա նայիր՝ արտադրված է Չեխիայում, ամեն ինչ տեղը-տեղին:
-Խեցգետիններն էլ էն չեն:

Ես նայում եմ նրան ու փորձում եմ հասկանալ՝ այդ ինչո՞ւ նրան այս ամենը դուր չի գալիս:
Մի խոսքով, զրույցը գնաց «բա մեր ժամանակներում…» ուղղությամբ: Պարզվեց, որ ե՛ւ չեխական գարջուրն էր ավելի լավը, ե՛ւ խեցգետիններն՝ ավելի համեղ, եւ (այստեղ ես ամեն ինչ հասկացա) աղջիկներն էին ավելի գեղեցիկ: Եվ ես, նեղվածությունից, թե պատանեկան դաժանությունից, իսկ ավելի հավանական է՝ սեփական հիմարությունից դրդված, ասացի.

-Ա՛յ հեր, գարեջուրը չէ, որ անհամ է դարձել: Պարզապես դու այլեւս 20 տարեկան չես:
Պետք է խոստովանեմ՝ երբ 20 տարեկանից մի քիչ ես մեծ՝ դժվար է նրբանկատ լինել: Իմ այսօրվա տարիքում էլ դա հեշտ չէ: Եվ ընդհանրապես անհնար է նրբանկատ լինել, երբ 20 տարեկան ես, դեռ մի բան էլ՝ գարեջրի երրորդ բաժակից հետո: Մանավանդ, երբ իմ աղջիկներն էլ ինչ-որ «էն չեն»:

Ես այս պատմությունը հիշեցի կորոնավիրուսային panic shoping-ի նոպայից հետո, երբ շոգեխաշած մսով եւ լոբիով բեռնված տուն վերադառնալուց հետո բացեցի «Բալթիկա» թիվ 6-ի Պորտերի շիշը: (Ի դեպ, panic shoping անելիս հարկավոր է հիշել, որ դա ավելի լավ է անել մի քանի անգամ եւ քիչ-քիչ. նախ՝ խուճապ չստեղծելու համար, երկրորդ՝ որպեսզի ոչ պետքական բաներ չգնես, երրորդ՝ որպեսզի կինդ հուշի, թե է՛լ ինչ է պետք գնել):

90-ականների կեսերին հայտնվել էի Մոսկվայում: Շուրջբոլորս ամեն ինչ նոր էր եւ չփորձված: Մեգապոլիսը, մետրոյում «սեւերի» վրա «հարձակումները», Հայաստանի աղջիկներից վարքուբարքով տարբերվող ռուս աղջիկները, ազատ վաճառքի դրված ռոքերական ֆինդուֆլուշկեքը եւ գարեջուրը: Ես մինչ այդ էլ էի գարեջուր խմում, բայց բոլորը բաց գույնի էին, արտադրված դեռեւս սովետական գործարաններում, եւ ինչ-որ անբացատրելի համ ունեին, ինչպես ինձ էր թվում՝ լվացքի փոշու: Եվ ահա, այդ ամենից հետո ես Մոսկվայում հայտնաբերեցի Բալթիկա #6-ը: Դա նեկտար էր: Դա «մեռոն» էր:

Մի խոսքով՝ panic shoping-ի ժամանակ այդ գնումիցս շատ էի ուրախացել, տուն էի վերադառնում հաճելի կանխավայելքով: Բացեցի շիշը, մի երկու կում խմեցի… եւ հասկացա, որ գարեջուրն ինչ-որ էն չէ:
Կարծես թե ամեն ինչ կարգին է, բայց համն էն չէ: Եվ ես հիշեցի, որ ես վաղուց արդեն 90-ականների փսլնքոտը չեմ, այլ հասուն հոպար: Նաեւ հիշեցի չեխական գարեջուրն ու հորս: Եվ հասկացա, որ ինչ-որ տեղ այնտեղ՝ երկնքում, նա ինձ վրա ձայնով ծիծաղում է: Պիտի խոստովանեմ՝ տեղն է ինձ:

Ս. Ե.

Հ.Գ. (գրված է՝ թրենդից դուրս չգալու համար) Կորոնավիրուս, կորոնավիրուս, արտակարգ դրություն, կորոնավիրուս, պարետատուն, կորոնավիրուս, կորոնավիրուս, խուճապ մի ստեղծեք….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031