«Ինձ համար ակնհայտ է, որ պարետատունը բավարար մասնագիտական պատրաստվածություն չունի արտակարգ իրավիճակների ժամանակ մամուլի հետ հաղորդակցվելու, մամուլի աշխատանքի համար գործընկերային կանոններ սահմանելու մասով և առաջնորդվում է «Անդրոպովյան» կանոններով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների մասով պարետատան սահմանափակումներին:
Բարսեղյանի պնդմամբ՝ մամուլի հետ կապված կոպիտ սխալներ են թույլ տրվում՝ հաշվի չառնելով այն տեղեկատվական միջավայրը, որում գտնվում ենք մենք և ամբողջ աշխարհը:
«Թելադրանքները, թե այսինչ նյութը պարետատան կարծիքով խուճապածին է, հարկավոր է հեռացնել, կոպիտ սխալ է, որովհետև դրանով որևէ խնդիր չի կարգավորվում»:
Բարսեղյանը կարծում է՝ պարետատան գնահատականը շատ հաճախ արդար չէ:
Կարդացեք նաև
«Առնվազն սփյուռքում գտնվող մեր որևէ հայրենակից կարող է վերցնել և հրապարակել այն մտքերը, որոնք պարետատունը հանել է տվել հայաստնաբնակ մարդու Ֆեյսբուքից, սա կարդալու է ամբողջ հայալեզու լսարանը, ի՞նչ է անելու պարետատունը, օրինակ, Լոս Անջելեսում կամ Փարիզում նստած սփյուռքահային: Կամ փակելո՞ւ են ինտերնետը Հայաստանում, սա չի լինի, որովհետև ավելի խայտառակ խուճապի հիմքեր կտա, և ծանր հետևանքներ կբերի»:
Բարսեղյանի խոսքով՝ պարետատան այն ահաբեկվածությունը, թե այս կամ այն լուրից խուճապ կառաջանա, բացարձաակ սխալ է, որովհետև ապատեղեկատվությունը այս դարում ապրում է շատ կարճ.
«Մանավանդ Կառավարությունը և Առողջապահության նախարարությունը այս մասով շատ օպերատիվ են աշխատում և օնլայն տեղեկություններ են տալիս: Հիմա, եթե որևէ մեկը փորձի խուճապ հրահրել, դրա կյանքը 3-4 րոպե է տևելու»:
«Ասպարեզ» ակումբի ղեկավարը կարծում է՝ պարետատունը պետք է կարողանա զանազանել փաստական ծավալը մեկնաբանությունից, կարծիքից, վերլուծությունից, քննադատությունից, խիստ քննադատությունից, հեգնանքից և այլն.
«Փաստական ծավալների մասով գրաքննել պետք է այն իմասով, որ եթե փաստական սխալ է հրապարակում որևէ լրատվամիջոց, անպայման պետք է նրա վրա ազդել, սա ուրիշ դաշտ է, բայց կարծիքը գրաքննելը ոչ միայն սխալ է, այլ նաև անօգուտ է, անհեթեթ, որովհետև որքան շատ կարծիք է լինում, այնքան ճշմարտությանը ավելի շատ են մոտենում մարդիկ»:
Բարսեղյանը հարց է բարձրացնում՝ Հայաստանից ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ գրառումներ անող երևի թե 200 հազար մարդ կա, ինչպե՞ս է վերահսկվելու այդ մարդկանց գրառումները, թե՞ խտրական մոտեցում է լինելու.
«Ընտրողական մոտեցումը հակասահմանադրական է, իրավունք չունեն իմը հսկել, ձերը չհսկել»:
«Ասպարեզ» ակումբի ղեկավարն ընդգծում է նաև, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման վերջին գլուխը վերնագրած է ԶԼՄ-ներին, մինչդեռ Ֆեյսբուքի էջը մասնավոր հարթակ է, եթե այն համարվում է ԶԼՄ, ապա թող դիմեն ԶԼՄ-ի տիրոջը՝ Մարկ Ցուկերբերգին.
«Վերնագիրը նայում ես՝ ԶԼՄ է գրված, բացվածքի մեջ նայում ես, բոլոր 7 մլրդ մարդկանց է վերաբերում: Այս իրավական թերությունները պիտի վերացվեն»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում