Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ադամանդի պատմություն

Մարտ 22,2020 18:25

1773 թվականի նոյեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգի «Ձմեռային պալատում» հավաքվել էր Ռուսական Կայսրության ամբողջ վերնախավը: Եկատերինա 2-րդ կայսրուհին նշում էր ծննդյան 44-րդ տարեդարձը: Պրուսիայի դեսպան կոմս Սոլմասը իր հուշերում նկարագրում է, որ չնայած նոյեմբեր ամսվան, երբ Ռուսաստանում արդեն բուք ու բորանով ձմեռ է, պալատականներն ու դիվանագիտական կորպուսի հյուրերը ներս մտնելով՝ կայսրուհու ոտքերի մոտ խոնարհում էին ամենահազվագյուտ ու պերճ ծաղկեփնջեր:

Դեսպանի խոսքերով, միայն կոմս Գրիգորի Օռլովն է ներս մտնում դատարկաձեռն, իրեն հատուկ խրոխտ քայլվածքով մոտենում է կայսրուհուն և ողջունելով նրան՝ մի կողմ է քաշվում: Հետո, իբրև թե զարմացած շուրջն է նայում և արտիստական ժեստով ճակատին հարվածելով՝ բացականչում է. «Ներողություն եմ խնդրում, матушка, այսօր քո տարեդարձն է, իսկ ես՝ հիմարս, բոլորովին մոռացել եմ այդ մասին: Մի բարկացիր խնդրում եմ: Այստեղ գրպանումս մի տուփ կա ընկած, ընդունիր որպես նվեր, գուցե դուր գա»: Երբ կայսրուհին բացում է Օռլովի մեկնած ընծան, ամբողջ դահլիճը կարծես լուսավորվում է ադամանդի փայլից, որը տեղավորված էր այդ փոքրիկ թավշեպատ տուփի մեջ: Բյուրեղյա մաքրությամբ 193 կարատանոց ադամանդն այդ համարվում էր աշխարհի հազվագյուտ ու ամենաթանկարժեք քարերից մեկը, և Ամստերդամի բանկից Ռուսաստան էր հասել բացառապես Հովհաննես Լազարյանի ջանքերով: Այն այսօր կրում է «Օռլով» կամ «Լազարև» անվանումը և պահվում է մոսկովյան Կրեմլի «Ալմազնի ֆոնդ» թանգարանում:

Եկատերինան, ով ազգությամբ գերմանուհի էր և 1762 թվին իշխանության էր եկել պետական հեղաշրջման արդյունքում, իրավամբ տաղանդավոր կառավարիչ էր: Կայսրուհու մեծությունը կայանում էր նաև նրանում, որ նա կարողանում էր իր շուրջը հավաքել գործունյա և խելացի պալատականներին և այդ պալատականների թվում էին Լազարյանները: Եկատերինան մի շարք այլ պատասխանատու պաշտոններից բացի, Իվան Լազարևին վստահել էր նաև գլխավոր ոսկերչի պարտականությունները: Հովհաննես Լազարյանը ուներ գեներալի կոչում, զբաղեցնում էր արևելքի գծով խորհրդականի և գլխավոր թարգմանչի պաշտոնը, պետական կայսերական բանկի համանախագահներից էր:

1774 թվականին, կայսրուհու կողմից հատուկ հրովարտակով, Լազարյանների ընտանիքին շնորհվում է տոհմական ազնվականության կոչում և տրվում լայն առավելություններ՝ գործարարության ասպարեզում: Կայսրուհու հրովարտակում հատուկ ընդգծված է Լազարյանների ներդրումը հատկապես մետաքսի արտադրության գործում: Մերձմոսկովյան Ֆրյանովո գյուղում Լազարյանների մետաքսամշակման գործարանը արտադրում էր կտորեղեն, որի հիմնական պատվիրատուներն եվրոպական թագավորական ընտանիքների անդամներն էին և իհարկե ինքը՝ Եկատերինա Մեծը, ով իր պալատի սենյակներից մեկը ամբողջությամբ պաստառապատել էր Լազարյանների մետաքսով: Այդ սենյակը այսօր էր կարելի է տեսնել «Ձմեռային պալատում»:

Հովհաննես Լազարյանը հիշյալ ադամանդը գնում է իր հեռավոր ազգական՝ Ամստերդամում բնակվող Գրիգորի Սաֆրասից և մեծ դժվարությամբ տեղափոխում է այն Ռուսաստան՝ կոմս Օռլովի խնդրանքով: Ինչպես հայտնի է, Եկատերինան իր ամուսնուն՝ Պյոտր (Պետրոս) 3-ին գահընկեց էր արել Օռլով եղբայրների անմիջական մասնակցությամբ, իսկ Գիրգորի Օռլովը երկար տարիներ հանդիսանում էր Կայսրուհու ֆավորիտը: Ժամանակի ընթացքում, սակայն, Գիրգորի Օռլովը, որի հարստությունն ու ազդեցությունը աներևակայելի չափերի էր հասնում, հասցնում է հիասթափեցնել Եկատերինային, իսկ երբ Կայսրուհու դիտակետում հայտնվում է երիտասարդ և ավելի խորաթափանց Գրիգորի Պատյոմկինը, Եկատերինայի առանձնասենյակի դռները ընդմիշտ փակվում են Օռլովի առջև: Ադամանդը Օռլովի ապարդյուն փորձն էր՝ կայսրուհու բարեհաճությունը վերադարձնելու նպատակով:

Գրիգորի Օռլովը, ըստ պայմանավորվածության, պարտավորվում է 5 տարվա ընթացքում Հովհաննես Լազարյանին վճարել ադամանդի ողջ արժեքը՝ որոշ փաստաթղթերում 300 հազար ռուբլի, իսկ որոշներում էլ՝ 400 հազար, սակայն, վճարում է միայն առաջին տարին՝ 35 հազար: Մնացյալ գումարը հետագայում Լազարյանին է փոխանցում կայսրուհի Եկատերինան՝ իր անձնական միջոցներից: Ադամանդը զարդարում էր Ռուսաստանի կայսերական գավազանը: 19-րդ դարասկզբին քարի արժեքը գնահատվում է 2 399 410 ռուբլի, իսկ այսօր այն թանգարանային հազվագյուտ նմուշ է՝ արժեքից դուրս:

Ադամանդի պատմությունից որոշ ժամանակ անց, Եկատերինա 2-րդը՝ ընդառաջ գալով Իվան Լազարևի խնդրանքին, թույլատրում է Սանկտ-Պետերբուրգում կառուցել երկու հայկական եկեղեցի: Առաջինի համար հողահատկացում է կատարվում Նևսկի պողոտայի վրա, որտեղ Հովհաննես Լազարյանը իր սեփական միջոցները՝  30 հազար ռուբլի ներդնելով կառուցում է Սուրբ Կատերինե տաճարը: Այն օծվում է 1780 թվականին: Եկեղեցուն հարող տարածքում Լազարյանը կառուցում է սեփական եռհարկանի առանձնատունը: Արխիվային նյութերում պահպանվել է Եկատերինա 2-րդի  ֆավորիտ և խոշոր քաղաքական գործիչ իշխան Գրիգորի Պատյոմկինի երկտողը, որտեղ նա խնդրում է կայսրուհուն՝ ազատել իրեն այդ երեկոյի պալատական ընդունելությունից և թույլ տալ ճաշել Լազարևի մոտ՝ Նևսկիի առանձնատանը:

Սանկտ-Պետերբուրգի երկրորդ հայկական եկեղեցին՝ Սուրբ Հարությունը, Հովհաննես Լազարյանը կառուցում է իր վաղամեռիկ որդու հիշատակին նվիրված: Նրա միակ որդին՝ Հարություն Լազարյանը,  զոհվել էր ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Հետագայում Լազարյանների ընտանիքը հայկական եկեղեցիներ է կառուցում նաև Մոսկվայում, ռուսական ուղղափառ տաճարներ և կրթական հաստատություններ է հիմնում Կայսրության տարբեր անկյուններում, աներևակայելի մասշտաբների և մակարդակի է հասցնում ուրալյան հանքարդյունաբերությունը և մետաքսի մշակման արտադրությունը Ֆրյանովոյում:

1812 թվականին Մոսկվայում բացվում  է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը, որի թողած գրական ժառանգությունը կազմում է 40 հազար միավոր և այսօր պահվում է Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան արխիվներում, սակայն, այդ մասին շարքի հաջորդ հրապարակումներում:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել