Այս օրերին մեզնից շատերը սկսել են նմանվել ռուս հայտնի գրող Վլադիմիր Մայակովսկուն, բայց ոչ թե ֆուտուրիստական բանաստեղծություններ գրելով, այլ օճառի նկատմամբ ունեցած անվերապահ սիրով։
Պատմում են, որ Մայակովսկին միզոֆոբիա (վախ՝ կեղտոտվելուց կամ վարակից) ուներ՝ երբեք բաց ձեռքերով չէր դիպչում դռների բռնակներին, իսկ ամեն ձեռքսեղմումից հետո լվացվում էր․ դրա համար էլ բանաստեղծն իր հետ միշտ օճառ էր կրում։ Իհարկե, Մայակովսկու դեպքում սա մի փոքր չափազանց մոտեցում էր մաքրության եւ հիգիենայի նկատմամբ (թեև մեծ գրողն ուներ այդ ֆոբիայի առաջացման հոգեբանական ծանրակշիռ պատճառ), սակայն այն, որ ձեռքերն օճառով լվանալն առողջության պահպանման կարևորագույն քայլերից է, ահերքելի փաստ է։
Կարծում ենք, չկա որևէ մեկը, ով կկասկածի, որ օճառը մարդու կարևորագույն հայտնագործություններից մեկն է. oրվա ընթացքում ձեռքերն օճառով պարբերաբար լվանալու հորդորով հանդես են գալիս ինչպես առողջապահության ոլորտի համաշխարհային կազմակերպությունները, այնպես էլ հանրահռչակ աստղերն ու քաղաքական գործիչները։ Օրինակ՝ այսօր ձեռքերը ճիշտ լվանալու վերաբերյալ մարտահրավեր-տեսանյութ է հրապարակել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/197272548382082/?epa=SEARCH_BOX
Կարդացեք նաև
Սակայն կորոնավիրուսային համավարակի բռնկումից շատ տարիներ առաջ էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում էր, որ աղտոտ՝ անլվա ձեռքերի խնդիրը կարող է սարսափելի հետևանքների հանգեցնել՝ այն աշխարհի մասշտաբով դիտարկելիս։ Օրինակ՝ ԱՀԿ-ի փորձագետների կարծիքով՝ ձեռքերն օճառով պարբերաբար լվանալը ասիական և աֆրիկական երկրներում դիզենտերիայից մահացող հազարավոր երեխաների կյանքը կարող էր փրկել։
Թե քանի հիվանդություններից ու վարակներից է պաշտպանում օճառը, այս հրապարակման մեջ չենք անդրադառնա՝ համարելով, որ կարանտինային այս պայմաններում առանց այն էլ չափազանց շատ են հիվանդություններին առնչվող զրույցները, այլ կփորձենք մի քանի հետաքրքիր և օգտակար տվյալներ հաղորդել այս օրերին մարդու կարևորագույն (թերևս՝ ալկոգելից ավելի կարևոր) «ընկերոջ»՝ օճառի մասին։
Օճառի հայտնագործման պատիվը վերագրվում է միանգամից մի քանի հնագույն ժողովուրդների․ օրինակ՝ վայրի կելտական ցեղերին (գալլեր), որոնք, ըստ հռոմեացի գիտնական և քաղաքական գործիչ Պլինիոս Ավագի, ճարպից և հաճարենու մոխրից ինչ-որ հրաշագործ խառնուրդ էին ստանում, որն օգտագործում էին մազերը մաքրելու և ներկելու համար, ինչպես նաև մաշկային հիվանդությունների բուժման նպատակով։
Օճառաստեղծման ևս մեկ հնագույն վկայության համաձայն՝ մ․թ․ա․ 2500 թ․-ին թվագրված շումերական կավե արձանագրություն կա, որը պատմում է այդ ժամանակներում փայտի մոխրի և ջրի միջոցով ստացված խառնուրդի մասին, որը եռացնում էին, ապա դրա մեջ ճարպ հալեցնում՝ ստանալով օճառի լուծույթ։
Սակայն օճառի մեկ այլ՝ սապոն անվանումն ավելի հավանական է դարձնում գիտնականների մյուս վարկածը, որի շնորհիվ օճառի հայտնագործման դափնին փոխանցվում է հռոմեացիներին։ Լեգենդի համաձայն՝ օճառի անգլերեն անվանումը՝ soap, կապվում է Սապո լեռան անվան հետ։ Սապո լեռն աստվածներին զոհաբերություններ մատուցելու վայրն էր։ Զոհաբերված կենդանիների հալված ճարպի և փայտի մոխրի խառնուրդն անձրևը լվանում-հասցնում էր Տիգրիս գետի կավաշատ ափերին։ Կանայք, որոնք այնտեղ սպիտակեղեն էին լվանում, նկատել էին, որ այդ խառնուրդի շնորհիվ հագուստը նշանակալիորեն ավելի հեշտ է լվացվում։
Նրանք, դա համարելով «աստվածների պարգև», սկսեցին օգտագործել ոչ միայն սպիտակեղենի, այլև ողջ մարմնի մաքրման համար։ Ի դեպ, օճառի առաջին «արտադրամասերը» հնէաբանները Հին Հռոմում են հայտնաբերվել, ավելի ճիշտ՝ նշանավոր Պոմպեի ավերակներում։
Եգիպտացի հնէաբանները Նեղոսի դելտայի պեղումներից հետո եկան հետեւյալ եզրակացության՝ օճառի արտադրությունն ունի վեց հազար տարվա պատմություն:
Այդ ժամանակներից ի վեր օճառը շարունակում է մնալի մարդու կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ անգամ նորագույն տեխնոլոգիաների կողքին։
Եթե ինձ վերապահված լիներ օճառատեսակների լավագույն եռյակը կազմելու պատիվը, ապա ես իմ խիստ սուբյեկտիվ ընկալումներով առաջին տեղը կհատկացնեի տնտեսական (մարսելյան) օճառին․ այո՛, այո՛, այդ «սարսափելի» բույրով և գորշ տեսքով զանգվածին, որը հնում անգամ «վիրաբուժական ձեռնոցների» դեր է կատարել այն բժիշկների համար, որոնք տվյալ պահին ձեռքերն ախտահանելու այլ հնարավորությունից զրկված են եղել։
Տնտեսական օճառների վրա կարելի է տեսնել այսպիսի թվեր․ 72 %, 70 %, 65 %, երբեմն՝ 80% (ինչքան մեծ են այդ թվերը, այդքան անխնա է օճառը կեղտի եւ տարատեսակ մանրէների նկատմամբ)․ ճարպային թթուների պարունակությունն արտահայտող մակնշումներով այս օճառը, պատրաստվելով բուսական յուղով եւ կենդանական ճարպով, ոչ միայն հիպոալերգիկ է եւ անվտանգ է մարդու օրգանիզմի համար, այլև օժտված է մանրէասպան, հակավիրուսային, հակասնկային և հակաբորբոքային ազդեցությամբ: Այն հիանալիորեն կարող է փոխարինել մաքրության տասնյակ միջոցների՝ միաժամանակ չվնասելով շրջակա միջավայրը։
Ի դեպ, կարանտինային պայմանները լավ առիթ են տնտեսական օճառը մանրացնելու և դրանից էկոլոգիապես մաքուր լվացքի փոշի ստանալու համար։
Եթե մարսելյան կամ տնտեսական օճառն այսօր հասանելի է բոլորիս, նույնը չենք կարող ասել հալեպյան օճառի մասին, որը թե՛ իր պատրաստման եղանակով, թե՛ ձեռքբերման տեսանկյունից մի փոքր անհասանելի, բայց իրական «օճառասերի» համար շատ ցանկալի ձեռքբերում է։
Հալեպյան օճառն ավելի քան հազար տարվա պատմություն ունի․ դեռ 8-րդ դարում սիրիական Հալեպ քաղաքում աշխարհում առաջին անգամ սովորեցին պինդ օճառ ստեղծել, որն էլ Եվրոպա հասավ խաչակիրների օգնությամբ, որոնք բուրավետ օճառագնդերը վերցրեցին իրենց հետ՝ իրենց սիրեցյալերին ընծայելու համար։ Այդ ժամանակներից ի վեր հալեպյան օճառի բաղադրատոմսը գրեթե անփոփոխ է մնացել․ այն ստացվում է 2 յուղերի՝ ձիթայուղի և դափնու յուղի տարրալուծման (օճառացման) եղանակով։
Օճառի բաղադրակազմում դափնու յուղի պարունակությունը 5%-ից 45%-ի սահմաններում է տատանվում՝ որոշելով օճառի կարգը․ որքան մեծ է դրանում դափնու յուղի չափաբաժինը, այնքան օճառն արժեքավոր է, քանի որ ազնվական դափնու յուղը ոչ միայն կոսմետիկ, այլև բուժիչ հատկություններով է առանձնանում։ Դափնու յուղի շնորհիվ հալեպյան օճառն օժտված է հակաալերգիկ և հակաբորբոքային ներգործությամբ, չոր և վնասված մաշկը վերականգնող և թարմացնող ազդեցությամբ։
Հալեպյան օճառի պատրաստման համար մոտ մեկ տարի է հարկավոր, այն պետք է անցնի մի շարք փուլերով, որի ընթացքում մգանում է՝ ստանալով ոսկեգույն օքրայի երանգավորում, իսկ օճառի միջուկը պահպանում է հագեցած կանաչ գույնը և հենց ոսկեգույնի շերտի միջոցով կարելի է գուշակել օճառակտորի տարիքը։
Լավագույն օճառատեսակների իմ սուբյեկտիվ եռյակը եզրափակում է աֆրիկյան սև օճառը, որը ստեղծվել է Արևմտյան Աֆրիկայում՝ Գանայում։
Աֆրիկական այս յուրահատուկ օճառը կարող է լինել ոչ միայն սև, այլ նաև դարչնագույն կամ ավելի բաց երանգների՝ կախված բաղադրակազմից։ Այս կամ այն երանգն էլ որոշում է օճառի առանձնահատկություններն ու ազդեցությունը։
Աֆրիկայի բնակիչներն այն ակտիվորեն օգտագործում էին ողջ մարմնի մաշկի մաքրման համար և շատ արագ են նկատել մաշկի վիճակի դրական փոփոխությունները։
Աֆրիկական բնական սև օճառի պատրաստման համար օգտագործվում է տերևների, բանանի կեղևների, արմավենու ճյուղերի, կակաոյի սերմերի այրումից առաջացած մոխիրն ու արմավենու կամ կոկոսի յուղը, ինչպես նաև շի ծառի չորացրած կեղևը (կարիտե)։ Պատրաստվելուց հետո մի քանի շաբաթ հասունանալով՝ օճառը ձեռք է բերում մաշկը մաքրող, բուժող և փափկեցնող ազդեցություն։
Երբ նաև օճառի միջոցով մարդկությունը կարողանա հաղթահարել այս դժվարին ժամանակներն ու բացվեն սահմանները երկրների միջև, գուցե մեզնից շատերը շտապեն ճանապարհորդության՝ չմոռանալով իրենց սիրելիների համար կաստիլյան, հալեպյան կամ աֆրիկյան օճառի փոքրիկ կտոր գնել, իսկ մինչ այդ մեզ մնում է ընտրել այն օճառը, որը վաճառվում է մեր տանն առավելագույնս մոտ գտնվող խանութում՝ խուսափելով հերթերից և չմոռանալով, որ ձեռքերի մաքուր մաշկի վրա մանրէներն ապրում են ընդամենը 10 րոպե։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ