Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները, երկրում նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված, ընտրողների հետ շարունակում են շփումը ոչ միայն անհատական հանդիպումների միջոցով, այլեւ առցանց հարթակների և հեռախոսային «թեժ գծի» միջոցով։
Արդեն երեկ ընտրողները բազմաթիվ հարցեր են ուղղել Բալասանյանին՝ նաեւ նրա ֆեյսբուքյան էջի միջոցով, որին Արցախի նախագահի թեկնածուն պատասխանել է տեսաձայնագրությամբ։
Շատ են հարցերը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, «Ի՞նչ կարելի է եւ պետք է ձեռնարկել այս օրերին վտանգավոր վիրուսից խուսափելու համար, եթե երկրում արտակարգ դրություն չի հայտարարվել» հարցին, Բալասանյանը պատասխանել է, որ խնդրին շատ լուրջ պետք է վերաբերվել։ «Պետք է լինենք զգոն։ Պատերազմ է հայտարարված ողջ աշխարհին։ Այն երկրները, որոնք կկարողանան լուրջ պատասխանատվություն ցուցաբերել, հաղթանակած դուրս կգան։ Մենք նման հնարավորություն ունենք։ Խնդրում եմ խստորեն հետեւել մասնագետների խորհուրդներին, պահպանել ընտանեկան կարանտինի պայմանները, հիգիենայի կանոնները։ Վստահ եղեք, ամեն ինչ լավ է լինելու։ Ձեր կողքին կանգնած եմ, ես երբեք խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու»,- ասել է Բալասանյանը։
Կարդացեք նաև
Նա ընտրողներին հորդորել է՝ որեւէ առումով չտրվել ու չհավատալ ասեկոսեների, չհավատալ սուտ խոստումներին և իրենց հուզող հարցերն ուղիղ տալ իր նախընտրական շտաբում բացված թեժ գծի կամ առցանց հարթակների միջոցով, ու դրանց պատասխանը չի ուշանա։
Հարցերը բազմաթիվ են, եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը կպատասխանի այդ հարցերին ինչպես անհատական հանդիպումների շրջանակներում, այնպես եւ առցանց:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ