Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։
«Ես չեմ ուզում հատուկ ասել, բայց ձեռագիրը պարզ է. թիրախում ես եմ: Ո՞վ է կազմակերպում, ո՞ վ է հրահրում՝ թող հանրությունն ինքը ենթադրություն անի: Առաջին օրից ես կոչ եմ անում համերաշխության: Բոլոր իմ հանդիպումներում իմ համախոհներին կոչ եմ անում՝ լինել հանդուրժող, տեղի չտալ սադրանքներին: Զգում եմ ձեռագիր, չգիտեմ՝ արտաքին ուժեր ասեմ, թե ներքին, պաշտոնամոլության գայթակղությունն է նրանց ամեն գնով ստիպում առաջ մղել իրենց քաղաքական նպատակները… դրա համար՝ թող ժողովուրդը գնահատի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից մարտի 31-ին Արցախում կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կարծում եք, որ ընդդիմախոսների կողմից Ձեր դեմ հատուկ կազմակերպված սադրա՞նք է:
Հիշեցնենք, օրերս Արցախի Մարտունի քաղաքում միջադեպ եղավ. քաղաքապետը թույլ չէր տվել, որ Արցախի հեղափոխական կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավ իրականացնեն Մարտունիում: Արցախի հեղափոխական կուսակցության անդամները հայտարարեցին, որ Մարտունիի քաղաքապետը Արայիկ Հարությունյանի մտերիմն է եւ այդ պատճառով խոչընդոտում է իրենց քարոզարշավին: Մարտունու միջադեպից հետո Արցախի հեղափոխական կուսակցության անդամները նաեւ Ստեփանակերտում փողոց փակեցին:
Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում այդ ամենին նաեւ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն էր անդրադարձել, համեմատականներ տարել Բերձորի դեպքերի հետ: Ի դեպ Հեղափոխական կուսակցության անդամները նաեւ Մասիս Մայիլյանի հետ նախընտրական դաշինք կազմած Սամվել Բաբայանի հետ են կապվում:
Կարդացեք նաև
Նկատի ունենալով այս ամենը՝ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ առերեւույթ լարվածության այս տեսարաններից հետո, հնարավո՞ր է մինչեւ ընտրությունների օրը լարվածությունն էլ ավելի մեծանա:
«Չէի ասի, որ լարվածությունը մեծացել է: Հեղափոխական կուսակցությունը ինչպես առաջին օրը, մինչեւ այսօր շարունակում է քարոզարշավի նույն ոճը, այդտեղ արտառոց բան չկա: Արտառոցն այն է, որ քաղաքապետը փորձեց կանխել հնարավոր միջադեպը, քանի որ մի քանի օր առաջ նույն խումբը լինելով Մարտունիում, հատուկ հրահրել է: Կարծես թե արդեն ստացվում էր, որ կարող է կոնֆլիկտ լինի: Քաղաքապետի ամբողջ նպատակը եղել է բարի: Իր ամբողջ նպատակը եղել է՝ կանխել հավանական միջադեպը եւ խնդրել է, որ նման պարագաներում նախօրոք հայտարարվի, նախօրոք ասվի, որպեսզի նաեւ անվտանգության համակարգը, ուժերը կարողանան չթողնել, քանի որ նրանց քարոզարշավը ավելի շատ վիրավորելն է: Հատուկ գնում են այն տարածքները, որտեղ հավաքված են լինում մեր երիտասարդ կողմնակիցները…»,- կարծիք հայտնեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իհարկե, քաղաքապետի հետ զրուցել են. «Ես չեմ ընդունում իր տարբերակը, բայց ինքն այդպես է մտածել»: Մարտունում քաղաքապետն ասել է, որ շեշտը դնում է բարոյականության վրա եւ չի կարող թույլ տալ կոնֆլիկտ մի քաղաքում, որտեղ քաղաքապետն ինքն է: Արայիկ Հարությունյանի խոսքով, Մարտունու քաղաքապետը Արցախի լեգենդար կերպարներից մեկն է, որի նկատմամբ վատ արտահայտություններն արդեն ճիշտ չեն:
Շատ են խոսակցությունները, որ Արայիկ Հարությունյանի օգտին վարչական ռեսուրս է օգտագործվում, նաեւ, որ ինքը ընտրակաշառք է բաժանում, անգամ թվեր են հրապարակվում՝ մինչեւ 50 հազար դրամ: Արայիկ Հարությունյանը հերքում է, որ իր օգտին ադմինիստրատիվ ռեսուրս է կիրառվում: Ասաց՝ ադմինիստրացիայում կան տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող մարդիկ, տարբեր կուսակցությունների անդամներ եւ 8500 անդամ ունեցող «Ազատ հայրենիքի» անդամները հնարավոր է շատ լինեն: Ինքը որեւէ խնդիր չի տեսնում, եթե այդ մարդիկ քարոզ են տանում՝ օրենքի սահմաններում: Նա խաղի կանոնների խախտում է համարում ընդդիմախոսների այն ցանկությունները, որ ադմինիստրացիայում աշխատող իր համախոհները որեւէ կերպ չմասնակցեն քարոզչական գործընթացին, բայց իրենց համակիրները՝ ակտիվ աշխատանք տանեն: «Ինչպես կարող եք պատկերացնել, որ տասը տարի լինելով վարչապետ եւ մեկ տարի պետնախարար՝ չունենամ համախոհների մեծ բանակ եւ նաեւ չկամեցողների մեծ բանակ, որոնք պետք է հենց քաղաքական պայքար տանեն: Ամենը քաղաքական պայքարի շրջանակում է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ընտրակաշառքներին վերաբերվող հայտարարություններն էլ Արայիկ Հարությունյանը ծիծաղելի է համարում եւ ցանկանում է, որ գոնե մեկ փաստ ներկայացնեն նման հայտարարություն անողները:
Արցախի նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանն առաջարկել էր կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել՝ հետաձգելով նաեւ նախագահի ընտրությունները: Արայիկ Հարությունյանը դեմ է այդ տարբերակին: Դիտարկմանը՝ Վիտալի Բալասանյանն առավել մտահոգ է հանրային առողջությամբ, Արայիկ Հարությունյանը հակադարձեց. «Չեմ ասի: Ավելի շատ քաղաքական դրդապատճառներ եմ տեսնում: Լեգիտիմ իշխանություն ունենալն Արցախում այսօր ավելի կարեւոր է: Սահմանադրությունը փոխվել է, այսօր ժամանակավոր, անցումային փուլի իշխանություն է եւ մենք խնդիրներ ենք ունենալու, սահմանադրական ճգնաժամ կարող է առաջանալ Արցախում»:
Ի հեճուկս տարածված խոսակցությունների, Արայիկ Հարությունյանն իրեն ՀՀ իշխանության ֆավորիտ թեկնածուն չի համարում, հայտարարություններ էլ չի լսել այն մասին, որ ՀՀ իշխանություններն իրեն սատարում-աջակցում են: Իսկ որպես առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ասում է՝ պարտավոր է եւ ունի նորմալ հարաբերություններ Հայաստանի իշխանության հետ. «Արցախի ժողովուրդը պետք է ընտրի իր իշխանությանը»:
Իր ընտրվելու դեպքում ի՞նչ կշահի Արցախի հարցի կարգավորումը՝ մեր հարցին էլ Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքների համաչափ զարգացումը: Հարցի քաղաքական լուծման առումով տեսանելի ապագայում դեռ առաջընթացներ չի նշմարում: Ընտրվելու պարագայում, կադրային ջարդ եւ հեղափոխական փոփոխություններ նույնպես չի ծրագրում. էվոլյուցիոն զարգացման կողմնակից է:
Կիվիի, արեւադարձային այլ մրգերի մշակության իր ծրագրի, ՀԵԿ-երի խնդրի մասին՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ