Մի քանի անգամ խանութներում, շուկաներում նկատել եմ, որ մարդիկ վաճառողներին հարցնում են՝ սա ի՞նչ է, ինչպե՞ս են պատրաստում՝ ցույց տալով «խնջլուս» կամ «խնջլոս» յուրահատուկ անունով կանաչին: Այդ իսկ պատճառով որոշեցի այս անգամ պատրաստել հենց այդ շատ նրբահամ բանջարեղենը:
Անհրաժեշտ մթերքները
Խնջլուս- 0,5 կգ
Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ
Կարդացեք նաև
Քացախ կամ կիտրոնի հյութ- 2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Ինչպես բոլոր այլ գարնանային եփվող կանաչիների (բանջարների) դեպքում՝ սիբեխ, մանդակ, պարոն բանջար եւ այլն, խնջոլոսի պարագայում էլ ամենադժվարը, ավելի ճիշտ՝ ժամանակատարը, դա մաքրելն է: Խնջլոսը սոխուկ է, այնպես որ նրա սպիտակ մասը՝ գլուխը, հողի տակ է լինում, հետեւաբար, պետք է շատ մանրամասն մաքրել, ազատել բոլոր հողոտ հատվածներից եւ շատ լավ լվանալ:
Մինչ լվանում եք խնջլոսը, կրակին դրեք մեծ կաթսայով լիքը ջուր: Հենց ջուրը եռա, ավելացրեք 1 ճաշի գդալ աղ: Լվացած եւ քամած խնջլոսը լցրեք աղով ջրի մեջ: Մոտ 3-4 րոպեից, երբ ջուրը կրկին կսկսի պղպջակներ արձակել, խնջլոսը հանեք ջրից, լցրեք քամիչի մեջ:
Կարող եք հենց այդպես էլ ուտել, կարող եք նաեւ աղցան պատրաստել: Դրա համար պետք է պարզապես խնջլոսի վրա ավելացնել ձիթապտղի յուղ (ինչպես աղցանների մեծամասնության դեպքում՝ ցանկալի է վերցնել «extra virgin» տեսակի ձիթայուղը) եւ քացախ կամ կիտրոնի հյութ: Ես այս աղցանի համար նախընտրում եմ օգտագործել «բալզամիկ» քացախը, բայց նաեւ՝ կիտրոնի կտորներ դնել կողքը:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ