Ճապոնիան, անտեսելով կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում, ցանկանում է ամառային 32-րդ օլիմպիական խաղերն անցկացնել վաղօրոք հաստատված ժամկետներում: Սակայն որոշ երկրների ազգային օլիմպիական կոմիտեներն արդեն դիմում են ՄՕԿ-ին՝ Խաղերը հետաձգելու առաջարկով:
Այս ընթացքում շարունակվում են չեղարկվել ոչ միայն օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, աշխարհի ու մայրցամաքների առաջնությունները, այլեւ խաթարվում է մարզիկների նպատակային նախապատրաստությունը ինչպես այդ մրցաշարերին, այնպես էլ՝ բուն օլիմպիական խաղերին: Ստեղծված իրավիճակում օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով Միջազգային օլիմպիական կոմիտեում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ՝ ՄՕԿ-ի սպորտային տնօրեն Քիտ Մակքոնների ղեկավարությամբ:
Աշխատանքային խումբը կապի մեջ է ԱՀԿ-ի, Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի, Ճապոնիայի կառավարության եւ Տոկիոյի ղեկավարության հետ եւ հույս կա, որ արդեն ապրիլի սկզբներին կազմված կլինի վարկանիշային մրցաշարերի նոր ժամանակացույց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ