Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ս/թ մարտի 16-ից մեկնարկել է մի շարք ուշագրավ կրթամշակութային նախաձեռնություններ, որոնց նպատակն է ընթացիկ տասնօրյակը մշակութային իրադարձություններով հագեցած դարձնել՝ հասարակության հետ կապը պահելով առցանց տարբերակով։
Մասնավորապես առաջարկվում են ամենօրյա նյութեր՝ «Պարապ վախտի ընթերցումներ» խորագրի ներքո․ աբովյանական ստեղծագործություններն են մատուցվում, առաջարկվում են համացանցային քննարկումներ, վիկտորինաներ մատուցված նյութերի վերաբերյալ։
Թանգարանը ներկայացավ նաև «Շնորհակալություն, ԲԺԻՇԿ» նախաձեռնությամբ․ հայտարարվեց, որ ի երախտագիտություն հանրապետության բոլոր բուժաշխատողների կողմից ցուցաբերվող անձնվեր աշխատանքի՝ մինչև տարեվերջ բոլոր բուժաշխատողները հնարավորություն կունենան անվճար այցելելու Խ․ Աբովյանի տուն-թանգարան և նրանց համար կկազմակերպվեն ճանաչողական շրջայցեր։ Այս առթիվ թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշեց․ «Կորոնավիրուսի համաճարակն այս օրերին իսկապես ծանր կացություն է ստեղծել ամբողջ աշխարհում և այդ դժվարին գործում իրենց նվիրումով պայքարում են բուժաշխատողները։ Մենք մեր թանգարանի ամբողջ անձնակազմի անունից ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բժիշկներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը, առողջությունը՝ ամենօրյա աշխատանքով ապացուցում են իրենց մարդկային ու մասնագիտական բարձր որակները։ Ձեր գործն ազնիվ է, ՍԻՐԵԼԻ ԲԺԻՇԿՆԵՐ»։
Կարդացեք նաև
Թանգարանի կողմից օգտատերերին առաջարկվել է նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել Խ․ Աբովյանի հայտնի մտքերը, ինչպես նաև լրացնելով «Իմ Աբովյանը․․․» նախադասությունը։ Մրցույթին մասնակից հաղթողների համար նախատեսված են մրցանակներ։
Այս տարբերակով Խ․ Աբովյանի տուն-թանգարանի անձնակազմը մեծ ակտիվություն է առաջացրել հասարակության մոտ և լավագույնս է օգտագործում առցանց հնարավորությունները։
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ