Shamshyan.com-ի տեղեկություններով, մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ:
Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, իրավապահներն ունեն կասկածներ, որ հնարավոր է, Գ. Հովսեփյանը չափազանցնում է և գույները խտացնում: Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին, Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է տեղի ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և նրա տեղակալի բնակարաններում, կար նաև տեղեկություն, որ նրանք ձերբակալվել են։ Պարոն Առուշանյանը չի պատասխանել Aravot.am-ի հեռախոսազանգերին՝ մեկնաբանության համար: Կապ է հաստատվել համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա խուզարկության մասին ոչինչ չի հայտնել և ընդամենն ասել է, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են, ու իրենք չգիտեն, թե ինչ նպատակով է տարածվել այդ տեղեկատվությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում