Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է Աղավնո անցակետից (Սյունիքի կողմից):
Մարտի 14-ի՝ ժամը 2:00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ:
Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու կամ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։
Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանը, որում սահմանվել են քաղաքացիների հետ բացատրական աշխատանքները համահունչ տանելու ուղղությամբ սահմանային հսկիչ կետերի կողմից իրականացվող միջոցառումները։
Կարդացեք նաև
Հսկիչ կետերի համար մշակվել են մեթոդական ցուցումներ և անհատական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձև։ Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար։
Մարտի 18-ից մինչ մարտի 20-ը ներառյալ, բժշկասանիտարական հսկիչ կետում բուժանձնակազմի կողմից ջերմաչափվել են շուրջ 5000 քաղաքացի: 25 անձի մոտ արձանագրվել է 37˚C-ից բարձր ջերմություն:
Գնահատելով իրավիճակի լրջությունը, հակահամաճարակային ծառայության կողմից բժշկասանիտարական հսկիչ կետերում պարբերաբար հսկողություն է իրականցվում, ընդ որում՝ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի և Քաշաթաղի շրջանի Աղավնոյի բժշկասանիտարական հսկիչ կետեր են գործուղվել նախարարության պատասխանատուներ, ովքեր տեղում մեթոդական ցուցումներ են տվել բուժանձնակազմին,համաձայն որի՝
1) Արցախի Հանրապետության քաղաքացին՝ ա. ունի ջերմություն, սակայն չի ունեցել կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է հսկողություն՝ բնակության վայրի պատասխանատու բուժանձնակազմի կողմից ամենօրյա զանգերի, անհրաժեշտության դեպքում նաև այցերի միջոցով (այսուհետ՝ բժշկական հսկողություն),
բ. չունի ջերմություն, սակայն ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ նույնպես ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է բժշկական հսկողություն,
գ. ունի ջերմություն և ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախատեսած մեկուսարան:
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ա. ունի ջերմություն՝ տրամադրվում է դիմակ, ձեռնոց, ուղարկվում է տնային մեկուսացման՝ ըստ բնակության վայրի, և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն,
բ. չունի ջերմություն՝ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դիմակ, ձեռնոց, լրացվում է անհատական տվյալների տեղեկանքը և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն: