Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվում

Մարտ 21,2020 16:56

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID19-ի աշխարհում տարածման տեմպերի մասին, նշել է, որ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է համաճարակի դեմ պայքարի աշխատանքները: Նախարարը ընդգծել է, որ  հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուս հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Նա նաև հավելել է, որ Արցախի սահմանային 4 անցակետերում իրականացվում է հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափման գործընթաց: Նախարարի խոսքով՝ վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժհիմնավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև առանձնացվել են հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով:

Արայիկ Բաղրյանը, պատասխանելով պատգամավորների առաջադրած հարցերին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ. փորձանմուշները թեստավորվում և պատասխաններն օպերատիվ ուղարկվում են ԱՀ: Նա նաև անդրադարձել է արհեստական շնչառության սարքերի, դիմակների և մյուս անհրաժեշտ պարագաների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք այս պահի դրությամբ հանրապետությունում բավարար չափով առկա են և աշխատում են պաշարներն ավելացնելու ուղղությամբ:

Խոսելով ոստիկանության համակարգի իրականացրած աշխատանքի մասին՝ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արգելված է օտարերկրացիների մուտքը Արցախի Հանրապետություն, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Լևոն Մնացականյանի խոսքով՝ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից:

Պատգամավորները ոստիկանապետին են առաջադրել Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին դիտորդների այցերի և ՀՀ-ից մուտքի վերահսկման մասին հարցեր:

Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակում ոլորտի իրականացրած աշխատանքը, նշել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասերը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի:  Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը: Նախարարը նշել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով: Նախարարի խոսքով՝ դասապրոցեսները վերսկսելուց հետո կստուգվի մատուցված նյութի յուրացման մակարդակը, որի արդյունքում կընդունվի նոր որոշում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, խոսելով ծառայության աշխատանքների մասին՝ նշել է, որ կազմավորված 5 խումբ այժմ իրականացնում է հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է:

Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, միայնակ տարեցներին անհրաժեշտ պարագաներով և սննդով օժանդակությանը: Կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու ինքնագիտակցության բարձրացումը և համաճարակի պայմաններում ուղեցույցին և համապատասխան պահանջներին հետևելը:

ԱՀ ԱԺ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031