Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները մտքեր են փոխանակել այս օրերի ամենահրատապ խնդրի՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու առումով շատ էական է համարվել խնդրի լրջության հասարակական և անհատական գիտակցումը, յուրաքանչյուրի զգոնությունն ու պատասխանատվությունն, ինչպես նաև կարևորվել է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։
Նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Բակո Սահակյանի մեծ ներդրումն արցախյան ազատագրական պայքարում, ինչպես նաև Արցախի պետականության կայացման, պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման ու ամրապնդման գործում:
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Սահակյանին՝ Արցախի Հանրապետությանը և հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար, նշելով, որ Արցախի ձեռքբերումները և հաջողությունները կապված են նաև տարբեր պաշտոններում նրա գործունեության և հատկապես որպես Արցախի նախագահ նրա պաշտոնավարման հետ:
Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Բակո Սահակյանը կշարունակի աշխատանքային ու պետական-հասարակական ակտիվ գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձը ծառայեցնել Արցախի Հանրապետության զարգացմանն ու մեր ժողովրդի առաջընթացին:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ