Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների մասին ինչ ֆիլմեր են առանձնացնում ապագա լրագրողներն ու դասախոսները

Մարտ 21,2020 16:14

Լրագրություն մասնագիտությունն ամենատարբերվողն ու ամենահետաքրքիրներից է։ Այն մի մասնագիտություն է, որն իր մեջ ներառում է հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները։ Aravot.am-ը անդրադարձ է կատարել լրագրողների մասին պատմող ֆիլմերին, որոնք մեզ են ներկայացնում Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները։

Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, ասիստենտ Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց «Հռոմեական արձակուրդներ», «Ծառան», «Դևիդ Գեյլի կյանքը», «Վճարիր ուրիշին» ֆիլմերը, որոնք առավել տպավորիչ են եղել: Ավելի քան 65 տարի է անցել «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի թողարկումից, սակայն առայսօր այն արդիական ու սիրված է: Ամերիկացի լրագրողը գործուղվել է Հռոմ ու սիրավեպի մեջ է մի օրիորդի հետ, որի մասին պիտի նյութ պատրաստի:  Օրիորդն էլ, ոչ ավել, ոչ պակաս, արքայադուստր է: Սա ոչ միայն ռոմանտիկ պատմություն է, այլև, կես կատակ-կես լուրջ՝ շահերի բախում՝ լրագրողն ու իր հերոսն անձնական մտերմություն են հաստատում»,-ասում է նա:

Դրվագ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից

«Ծառան» համեմատաբար նոր ամերիկյան ֆիլմ է, որը նկարագրում է այդ երկրի բարքերը 1960-ականներին: Սևամորթ կինը երազում է գրող դառնալ, իր առաջին թղթակցություններն է ուղարկում տեղական թերթին: Սոցիալական անարդարությունը մղում է ֆիլմի հերոսուհուն սևամորթ աղախնի հավաքական կերպարով գրել այդ մասին: Իր  ժամանակի համար նա հերոսական քայլ է անում՝ կոտրելով մի շարք կարծրատիպեր»:

«Դևիդ Գեյլի կյանքը» ֆիլմը դետեկտիվ դրամա է, որում ցուցադրվում է ձևախեղված արդարադատության ամբողջ թշվառությունը: Դրան հաղթում է միայն  անձի ինքնազոհողությունը: Մահապատժի դատապարտված Դևիդ Գեյլի հետ լրագրողուհու՝ երեք օր տևած հարցազրույցն ու դատական սարսափելի սխալի պատմությունը սառը ցնցուղի ազդեցություն են թողնում ամերիկյան հասարակության վրա:

«Վճարիր ուրիշին» ֆիլմը, ճիշտ է, ուղղակիորեն չի անդրադառնում լրագրողի աշխատանքի նրբություններին, սակայն լրագրողի կյանքում տեղի ունեցած ճակատագրական միջադեպի՝ ավտովթարի, ու մարդկային կարեկցանքի ֆոնի վրա զարգացնում է մի հետաքրքրական տեսություն՝այն, որ եթե յուրաքանչյուրս երեքական անծանոթ անձի անշահախնդրորեն օգնենք, աշխարհն այդպիսով կվերափոխվի»,-հավելում է պարոն Սարգսյանը:

Նույն ֆակուլտետի դասախոս, լրագրող Տաթև Հարությունյանը ասաց. «Լրագրողների մասին պատմող շատ ֆիլմեր եմ դիտել: Դրանք շատ են, ուստի այս անգամ կառանձնացնեմ 3-ը, որոնք առանձնահատուկ են ինձ համար:  Լրագրողների մասին ֆիլմերից ինձ համար առաջին հորիզոնականում է Ֆեդերիկո Ֆելլինի «Քաղցր կյանք» ( LA DOLCE VITA) ֆիլմը: 1960-ին նկարահանված այս ֆիլմը այժմ էլ շարունակում է արդիական մնալ և մեծ հաճույքով այն դիտում եմ: Այս ֆիլմում կյանք կա, իրականության գեղեցիկ ու ճշգրիտ արտացոլում:

Երկրորդ՝ The Post (2017)Սթիվեն Սփիլբերգի The post ֆիլմը դիտել եմ մի քանի անգամ: Ֆիլմում դեպքերը զարգանում են 70-ականներին։ Սյուժեի հիմքում Washington post- ում հրապարակված՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի պատմությանն է։ Փաստաթղթերը ցույց էին տալիս ամերիկավիետնամական պատերազմի իրական հիմքերը: Ինձ հատկապես գրավում են այն ֆիլմերը, որոնք նկարահանված են իրական փաստերի վրա: Այս ֆիլմը խորհուրդ կտամ դիտել նաև ուսանողներիս, որպեսզի հասկանան, թե ինչքան կարևոր է լրագրողական բարեխիղճ աշխատանքը: Ֆիլմի գլխավոր դերերում են Մերիլ Սթրիփն ու Թոմ Հենքսը:

Երրորդ՝ The Insider (1999)- Իրական փաստերի վրա նկարահանված այս ֆիլմը դիտելիս ամեն անգամ հասկանում եմ, թե ինչ մեծ դերակատարություն ունի ռիսկի դիմելու կարողությունն ու համարձակությունը լրագրողի մասնագիտությունում: Ալ Պաչինոյի և Ռասսել Քրոուի մասնակցությամբ այս ֆիլմն այն մասին է, թե «60 րոպե» նախագծի հաղորդավարն ու ծխախոտի արտադրության մեջ տարիների փորձ ունեցող բժիշկ-գիտնականը ինչպես են սկսում բացահայտել ԱՄՆ-ի պատմության թերևս ամենասկանդալային պատմություններից մեկը: Իր ազատությունը վտանգելով՝ գիտնականը լրագրողին պատմում է, թե ծխախոտ արտադրող ընկերություններն ինչեր են գաղտնի պահում իրենց գնորդներից: Սիրում եմ լարված ու դինամիկ ֆիլմեր: Այս ֆիլմը հենց դրանով է առանձնանում: Ֆիլմը ներկայացվել է Օսկարի յոթ անվանակարգերում»:

Հարցին, թե ինչով էին հենց այս ֆիլմերը առանձնահատուկ, Տաթև Հարությունյանը ասաց. «Այս ֆիլմերն առանձնացրել եմ հատկապես այն պատճառով, որ դրանցում ներկայացված են իրական փաստեր: Չեմ սիրում ֆանտաստիկա, մտացածին բաներ: Իրական փաստերի և կյանքից վերցված հարաբերությունների մասին ֆիլմերն ինձ գրավում են: Հատկապես դրա համար էլ այս ֆիլմերն առանձնացրի»:

Իսկ այն հարցին, թե որքանով են այդ ֆիլմերը արտացոլում իրական կյանքը, Տաթև Հարությունյանը ասաց. «Լրագրողների մասին ֆիլմերում կյանքը շատ է, սուր զգացողությունները՝ ևս: Հիմնականում սյուժեն իրական փաստերի վրա է հիմնվում: Սա է պատճառը, որ անկախ մասնագիտությունից լրագրողների մասին ֆիլմերը մարդկանց մեծամասնությունը հաճույքով է դիտում: Երբեմն երևույթներն ավելի խիտ գույներով են ներկայացվում, կան նաև ֆիլմեր, որոնց ռեժիսորների հետ սիրով կբանավիճեի, բայց, միևնույն է, բոլորն էլ հաճույքով եմ դիտում»:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ասաց, որ լրագրողների կամ լրագրության մասին բազմաթիվ ֆիլմեր կան, որոնք նկարագրում են այս բարդ, բայց, միևնույն ժամանակ, ամենահետաքրքիր մասնագիտության արժանահիշատակ դրվագները:

Դրվագ «Քաղցր կյանք» ֆիլմից

Նա նշեց, որ 20-րդ դարի հիսունական թվականներին նկարահանված «Քաղցր կյանք» ֆիլմը հայտնի իտալացի ռեժիսոր, սցենարիստ, գրող, երգիծաբան Ֆեդերիկո Ֆելլինիի ստեղծած գլուխգործոցներից մեկն է: Ֆիլմում գլխավոր հերոսը՝ Մարչելոն, գրող է, լրագրող, ով ստեղծագործական ճգնաժամ է ապրում, ով կանգնած է երկընտրանքի առջև՝ գրել և հրապարակել գրական ստեղծագործություններ, որը երկար ժամանակ է պահանջում և մեծ ջանքեր, թե ընտրել լրագրությունը, որը շատ արագ հերոսին կբերի ճանաչման:

Հաջորդ ֆիլմը, որն առանձնացրեց  տիկին Ավետիսյանը, Bostone Globe-ի հետաքննող լրագրողների մասին «Ուշադրության կենտրոնում» ֆիլմն է, որի ռեժիսորը Թոմաս Մակարտնին է։ Ֆիլմը հիմնված է իրական լրագրողական հետաքննության վրա։ Այն պատմում է Բոսթոնի կաթոլիկ եկեղեցում սեքսուալ բնույթի ոտնձգությունների մասին։ Այս սկանդալի հետևանքով և լրագրողական հետևողական աշխատանքի շնորհիվ խնդիրը հանգուցալուծվում է:

Հետաքրքրական  համարեց Ջորջ Քլունիի «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմը, որի հիմքում հեռուստալրագրող Մարոուի և սենատոր Ջոզեֆ Մըքարթնիի մեդիակոնֆլիկտն է։ Դասթին Հոֆմանի ու Ռոբերտ Ռեդֆորդի հերոսները «Վաշինգթոն փոսթ»-ի լրագրողներ են, որոնք ողջ ֆիլմի ընթացքում հետաքննում են ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի այն հայտնի որոշումը, որով նա ապօրինի գաղտնալսում էր կազմակերպել իր քաղաքական ընդդիմադիրների շտաբում:

Ալան Պակուլայի «Ողջ Նախագահի շքախումբը» ֆիլմի հիմքում ընկած են իրական լրագրողներ Բոբ Վուդվորթի և Կառլ Բյորնսթինի աշխատանքները, որոնք «Վաշինգթոն Փոսթ» թերթում են տպագրվել և «Ուոթերգեյթյան սկանդալի» պատճառ դարձել։ Սա ամերիկյան պատմության ամենասկանդալային լրագրողական գործն է, որի հետևանքով Նախագահը հրաժարական է տալիս:

Աստղիկ Ավետիսյանը խորհուրդ է տալիս  դիտել նաև «Հեռուստացանց» ֆիլմը, որի հերոսը՝ հեռուստամեկնաբան Հովարդ Բիլը, հետաքրքիր հնարք օգտագործելով՝ կարողանում է բարձրացնել լրատվական հաղորդման վարկանիշն իր էքսցենտրիկ պահվածքով՝ եթերում հայտարարելով, որ հաղորդման ավարտին ինքնասպան կլինի:

Ռոն Հովարդի «Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի» ֆիլմի հիմքում ԱՄՆ նախագահ Նիքսոնի բացառիկ հարցազրույցն է բրիտանացի հեռուստալրագրող Ֆրոսթին: Սա եթերային բանավեճի յուրօրինակ նկարագրություն է, որտեղ երկու կողմն էլ ուզում են հաղթել և ազդել հանրային մեծ լսարանի վրա: Շատ ֆիլմեր կան, որտեղ լրագրողական աշխատանքն առաջնային հարթակում չէ, բայց առանցքային դերակատարում ունի, օրինակ «Թղթե տնակ» հեռուստասերիալը, որ հանրային կապերի մասնագետների, քաղաքագետների համար նաև ուսուցողական տարրեր ունի, ցույց է տալիս Սպիտակ տան հետ աշխատող լրագրողների ճակատագիրն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը, տեղեկատվության ստացման համար բազմաթիվ հնարքների դիմելու և անձնական կապերն օգտագործելով՝ տիրապետել վերնախավի քայլերին և գաղտնիքներին

Այսպիսի ֆիլմեր առանձնացրին դասախոս-լրագրողները: Փորձեցինք առանձնացնել նաև ուսանողների կողմից առաջարկված ֆիլմերը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Ելենա Սարգսյանը առանձնացրեց «Շոպոգոլիկ», «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմերը։ «Շոպոգոլիկ»-ի մասին Ելենան ասաց. «Ֆիլմը մի լրագրող աղջկա մասին է, որը ժամանցային նյութեր է գրում։ Բայց ֆիլմի հերոսուհին առանձնանում է նրանով, որ լրագրող աղջիկը գրում է սովորական, հասարակ նյութեր և դրանով ցույց տալիս, որ շատ հաճախ մարդկանց հենց դա է պետք։ Աղջիկը այդպիսի մի նյութ էլ գրում է այն մասին, թե ինչպես է ինքը հաղթահարել գնումներ անելու իր մոլուցքը։ Պարզվում է, որ շատերն են նման մոլուցքով տառապել և Լրագրողը իր սեփական փորձով ցույց է տալիս թե ինչպես կարելի է հաղթահարել»։

«Հռոմեական արձակուրդները» դասական ֆիլմ է  արքայադստեր մասին, որը փախչում է պալատից։ Արքայադստեր հետ ծանոթանում է լրագրող տղան, որը ամբողջ ընթացքում հետևում է աղջկան և իր մասին տեղեկություններ հավաքում։ Բայց աղջկա կյանքին ծանոթանալով, այդպես էլ չի հրապարակում արքայադստեր մասին սենսացիոն նյութը, քանի որ այդ նյութը կարող է փոխել այդ աղջկա ճակատագիրը։ Ֆիլմը ինձ դուր է եկել նրանով, որ ինչքան էլ լրագրող լինես և կատարես մասնագիտական պարտքդ, առաջին հերթին դու մարդ ես և կա մարդկային որոշակի սահման, որը չպետք է անցնես»,-նշեց Հելենան:

Նույն ֆակուլտետի ուսանող Սոնա Մկրտչյանը  առանձնացրեց  Spotlight, «Սատանան կրում է Պրադա», «Как отделаться от парня за 10 дней» ֆիլմերը. Spotlight-ը լրագրողական հետաքննության մասին է։ Ինձ դուր է եկել, քանի որ ցույց է տալիս, որ դու որպես լրագրող կարող ես բացահայտել ավելի շատ բան, քան պատկան մարմինները, որոնք կարող էին 1 տարի հետո այդ նույնը բացահայտել։ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմը մի աղջկա մասին է, որը ցանկանում է լրագրող դառնալ։ Այս ֆիլմը այն մասին է, որ եթե ցանկանում ես լրագրող դառնալ, անպայման կդառնաս ու կապ չունի որ կայքում կաշխատես, կամ ինչ կանես, կարևորը որ դա քո ներսից բխի։

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Արևիկ ՓԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031