Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Ղազարյան. «Եթե գրում են՝ «մենք իմացանք, որ 10 վարակված զինվոր կա», դա խայտառակություն է, սուտ եւ խուճապ»

Մարտ 21,2020 15:38

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ ոստիկանության հրահանգով իրենց կայքից հեռացվել է մարտի 19-ի հրապարակումներից մեկը՝ Իրանում կորոնավիրուսի տարածման մասին:

Պարոն Ղազարյանի փոխանցմամբ՝ միջազգային լրահոսից մեջբերված տեղեկատվությունը հեռացվել է՝ արտակարգ դրությամբ պայմանավորված տեղեկատվության սահմանափակումների պատճառով: «Իրականում խնդիր կա: Շատ դժվար է ասել, թե միջազգային լրահոսը ինչպես է պետք ճիշտ ներկայացնել, որովհետեւ ձեւակերպումների հետ կապված օբյեկտիվ խնդիր ենք տեսնում: Օրինակ, երբ հղում ենք անում առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, փաստ չէ, որ նրա տվյալները խուճապ առաջացնող չեն: Մյուս կողմից, ԱՀԿ-ի կայքում թարմացումները դանդաղ են: Իրենց պաշտոնական տվյալները կարող են չհամապատասխանել ՀՀ-ի այսօրվա պաշտոնական տվյալներին: Հետեւաբար, օպերատիվության խնդիր կա, իսկ մենք օպերատիվ ռեժիմով ենք աշխատում»,-մեզ հետ զրույցում շեշտեց Պետրոս Ղազարյանը:

Նա հիշեցրեց՝ թեեւ միջազգային լրահոսի մեջբերման առումով կառավարությունը խմբագրել է ընդունած կարգը՝ թույլատրելով միջազգային պաշտոնական լրահոսի մեջբերումը, սակայն նման իրավիճակում որպես գործիք պետք է օգտագործել ռացիոնալիզմը. «Եթե մի լուր խուճապ չի առաջացնում, պետք է հանգիստ նայենք դրան: Եթե որեւէ լուր ակնհայտ խուճապ է առաջացնում, շատ կոշտ ձեւով պետք է հանվի: Բացառվում է, որ օրենքով ամեն ինչ 100%-ով կարգավորվի: Նման իրավիճակում նման բան հնարավոր չէ: Մենք հիմա այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ փիլիսոփայական բաների հետեւից չպետք է ընկնենք: Մի տարի կարելի է քննարկել, թե ինչն է խուճապ առաջացնում, իսկ ինչը՝ ոչ: Դրա համար մենք հիմա պետք է արագ եւ ռացիոնալ մոտեցում ցուցաբերենք. օրինակ, եթե գրում են՝ «մենք իմացանք, որ այսինչ հիվանդանոցում 10 վարակված զինվոր կա», դա խայտառակություն է, սուտ եւ խուճապ, դա արագ պետք է հանել: Մնացածին նորմալ պետք է վերաբերվել: Ինչը որ խուճապ չի առաջացնում, պետք է թողել: Մենք պանդեմիայով պայմանավորված արտակարգ իրավիճակի միջով առաջին անգամ ենք անցնում: Հետագայում, երբ այս ամենը կանցնի, պետք է նայել բացթողումներին եւ սխալներին ու նոր կարգավորումներ տալ, իսկ հիմա դրա ժամանակը չի»:

Պետրոս Ղազարյանը նաեւ նշեց՝ Հանրային հեռուստաընկերության լրագրողներին խիստ կարգադրել է, որպեսզի լուրերում հղումները տրվեն մինչեւ տեղեկատվության սկզբնաղբյուրը, որպեսզի նյութի ծագումնաբանությունը որեւէ կասկած չհարուցի. «Բայց անգամ այդ դեպքում կարող է լինել մի լուր, որը կարող է խուճապային տրամադրություն առաջացնել, բայց, էլի եմ ասում, հիմա դրա ժամանակը չի քննարկելու: Առավելագույնս եւ կոշտ կերպով պետք է բացառել ակնհայտ կեղծիք հանդիսացող լուրերը եւ հանգիստ նայել այն լուրերին, որոնք պարզապես լուրեր են»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031