«Քաղաքային իշխանությունը օր ու գիշեր աշխատանքներ է տանում՝ հետեւելով առողջապահության նախարարության, պարետատան ցուցումներին եւ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ»,-կառավարության մամուլի կենտրոնում տեղի կայացած ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ խոսելով Երեւանի համայնքային կառույցների հակահամաճարակային գործողություններից:
Aravot.am-ի հարցին՝ մայրաքաղաքում քանի մարդու է ցուցված տանը մնալ, որոնք 14 օրյա կարանտինի մեջ են, եւ ինչպե՞ս է կազմակերպվում նրանց հսկելու գործընթացը, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Հստակ թիվ, թե քանի հոգու է ցուցում տրվել, որպեսզի տանը ինքնամեկուսացվեն, այս պահին այդպիսի տեղեկատվություն չկա: Բայց բոլոր այն քաղաքացիները, որոնք եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր, կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել, իրենք ինքնամեկուսացել են տանը, վերահսկողություն է կատարվում առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների մեր հարգելի բժիշկների կողմից, որոնք շաբաթ եւ կիրակի օրերին էլ աշխատում են:
Մեր պոլիկլինիկաները բաց են, եւ ես հորդորում եմ մեր քաղաքացիներին ցանկացած խնդրի դեպքում դիմել առաջնային օղակի բժիշկներին, որոնք տեղում սպասում են ձեզ եւ կփորձեն առավելագույնս օգնել՝ ախտորոշում ստանալ:
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում գործում են նաեւ ռենտգեն կաբինետներ, եւ այն քաղաքացիները, ում թերապեւտի կողմից ցուցում կտրվի, որ պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, կարող են անվճար այդ հետազոտությունն անցնել»:
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցին, որ քաղաքային տրանսպորտի, մասնավորապես երթուղայինների վարորդների մեծ մասը 60 եւ ավելի տարեկան է, այս օրերին նրանք մեկուսացել են տներում, եւ մի շարք թաղամասերում տրանսպորտի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչը հաստատել է նաեւ քաղաքապետի մամուլի խոսնակը, ինչ է արվում, տրանսպորտազուրկ թաղամասերի խնդիրը առաջիկայում լուծելու համար, քաղաքապետի տեղակալը պատասխանեց. «Այո, գաղտնիք չէ, որ բազմաթիվ վարորդներ վաթսուն եւ անց տարիքի են, գաղտնիք չէ նաեւ, որ լսելով ամենակարեւոր հորդորը՝ որպեսզի մարդաքանակը քիչ լինի, մարդիկ իրար չվարակեն, վարակը չտարածվի, այսօր եւ ուղեւորների քանակն է քիչ, եւ տրանսպորտի շարժակազմը:
Հստակ թվեր կան, եւ մենք կարող ենք բարձրաձայնել այս թվերը: Նաեւ ուզում եմ նշել, որ բոլոր տեսակի տրանսպորտի միջոցներ, որ գործում են Երեւան քաղաքում, անկախ սեփականությունից ձեւից, բոլորն ախտահանվում են: Կա պայմանագիր Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով՝ մի ՓԲԸ-ի հետ, որը միջազգային նորմերին համապատասխան կատարում է ախտահանիչ աշխատանքներ, ամեն օր տրանսպորտային միջոցներն ախտահանվում են՝ մետրոն, ավտոբուսները, միկրոավտոբուսները:
Մետրոն, եթե սովորական պայմաններում ունենում էր յոթանասուն հինգ հազար ուղևորափոխադրում, այս պահին ունի տասնհինգ հազար, ավտոբուսների պարագայում նախկինում յոթանասուն հազար էր, իսկ այժմ քսան հազար ուղեւոր է օրական, նախկինում օրական ութ հարյուր հիսունից ինը հարյուր միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, իսկ այս պահին՝ հինգ հարյուր: Բնական է, որ այն վարորդները, որոնք պարետատան եւ առողջապահության նախարարության ցուցումով ցանկալի չէ, որ աշխատեն, վաթսունն անց են, ունեն խրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ այլն, տանն են; Նաեւ ստեղծվում է ծանրաբեռնվածություն այն կազմակերպությունների վրա, որոնք իրականացնում են ուղեւորափոխադրումներ»:
Երեւանի քաղաքապետի տեղակալն ասաց, որ ֆեյսբուքյան տիրույթում մի քանի գրառում է տեսել, թե ինչպես են մեր քաղաքացիները ավել են վճարում աշխատող վարորդներին. «Այո, տրանսպորտի քանակը նվազել է, ինչի համար հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը: Բայց սա ժամանակավոր խնդիր է, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք պատրաստ է քաղաքապետ Հայկ Մարությանը կտրելու նաեւ այն մարդկանց գլուխները, որոնք Երեւանում կվնասեն հանրային առողջությունը, քաղաքապետի տեղակալն ասաց, որ հարցը գտնվում է կառավարության տիրույթում, եւ ԱԺ-ն արդեն ընդունում է համապատասխան օրենք:
Բազմաբնակարան շենքների ախտահանման մասին էլ հարց հնչեց: Պաշտոնյան պատասխանեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի ախտահանում կատարվի շենքերի վերելակներում, մաքրվում են աղբամուղերը:
Ինչ վերաբերում է հնարավոր տրանսպորտային կոլապսին, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց. «Աստված չանի, որ տրանսպորտային կոլապսի հասնենք: Երեւանի քաղաքային ենթակայության տակ գտնվող Երեւանի ավտոբուս ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ, որոնք պահվում են կոլապսային իրավիճակներից խուսափելու համար… Հիմա, իհարկե, ունենք լարված եւ վատթար վիճակ, բայց կոլապսից հեռու ենք: Երբ մասնավոր փոխադրողները դադարեցնում են իրենց գործունեությունը, նաեւ այս ռեզերվի միջոցով է աշխատանքը վերականգնվում»;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ