Իհարկե վատ է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով փակվում են բազմաթիվ ուսումնական հաստատություններ ու թանգարաններ, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք: Օգտվեք այս հնարավորությունից և մնալով տանը` օգտագործեք ձեր ժամանակը արդյունավետ: Առցանց միջոցառումները թույլ կտան ձեզ վայելել արվեստը տանից, իսկ մի շարք միջոցառումներ կարող են տեղափոխվել ձեր տուն:
Հայաստանում արտակարգ դրությունից անցել է 6 օր և եթե այս ժամանակահատվածում արդեն հասցրել եք կարդալ բոլոր գրքերը և չեք գտնում հետաքրքիր ֆիլմեր, ապա «Առավոտը» պարբերաբար կթարմացնի և կներկայացնի ձեզ օնլայն կրթական և ժամանցային բոլոր ծրագրերը, որպեսզի ընտրեք ձեր և ձեր ընկերների, երեխաների համար լավագույնը:
Թանգարաններ
1. Google Arts & Culture ծրագիրը հնարավորություն է տալիս, որպեսզի հաղորդակից լինեք համաշխարհային մշակույթի գլուխգործոցներին: Այստեղ կարող եք փնտրել և գտնել ձեր սիրելի նկարչի ստեղծագործությունները և բջջային հավելվածի միջոցով դիտել այն 3D ձևաչափով։ Այսպես դուք կկարողանաք մի քանի սանտիմետր հեռավորությունից տեսնել ինչպիսի գեղեցիկ տեսք ունի օրինակ Վան Գոգի «Աստղալից գիշեր» կտավը։
Կարդացեք նաև
2. Եթե ցանկանում եք անձամբ շրջել ձեր սիրած թանգարաններում, ապա դա նույնպես հնարավոր է։ Առցանց շրջայցեր է առաջարկում Բրիտանական թանգարանը, որտեղ կարող եք ընտրել՝ Աֆրիկա, Ասիա, Եվրոպա և Ամերիկա բաժինները, իսկ դրանք կօգնեն, օրինակ հունահռոմեական սրահում գտնել Անահիտ աստվածուհու բրոնզե քանդակը, իսկ Լուվրում բացահայտել Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտի գաղտնիքը:
Անպայման այցելեք Վատիկանի թանգարան, քանի որ վիրտուալ շրջայցը ձեր առաջ կբացի աստվածային Սիքստինյան Կապելլան։
3. Ձեզ ենք ներկայացնում աշխարհի գրեթե 1200-ից ավելի թանգարան, որոնք այս օրերին առցանց են դարձել:
Տնից թանգարան՝ մեկ քայլ:
ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններն ու գրադարանները իրականացնում են «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը, որտեղ ֆեյսբուքյան խմբով կարելի է ամենահետաքրքիր նորությունները իմանալ թանգարանների և նրանց ցուցադրությունների մասին:
4. Ավելի մանրամասն ուսումնասիրության կարող եք անել Հայաստանի Պատմության թանգարանում, որը իր այցելուներին հնարավորություն է տալիս կայքի պաշտոնական էջում՝ առցանց տարբերակով, շրջել թանգարանի ցուցասրահներում, իսկ «360 stories» ցանցը հնարավորություն է տալիս շրջել միայն թանգարանի նախասրահում։
Հայաստանի ազգային պատկերասրահը՝ այս պահին վիրտուալ այցելության հնարավորություն չունի, սակայն առաջիկայում պատկերասրահի ֆեյսբուքյան էջով կտարածվեն մի շարք ֆիլմեր և ռեպորտաժներ, որոնք մինչ այս պահը հասանելի չեն եղել հանրությանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն իր ֆեյսբուքյան էջում այս օրերին «Թանգարանը կգա տուն» շարքի շրջանակներում պարբերաբար պատմելու է իր առանձին ցուցանմուշների պատմությունները։ Ամեն օր հնարավոր կլինի կարդալ մեկ ցուցանմուշի պատմություն։ Ընդ որում յուրաքանչյուր ցուցանմուշի պարագայում տեղադրվելու է այն տեքստը, որը կպատմեր գիդը, եթե այցելուն իրական պայմաններում այցելեր թանգարան։
5. Երվանդ Քոչարի թանգարանը նույնպես հասանելի է «360 stories» կայքում։ Այս օրերին՝ թանգարանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հնարավոր է լսարանին ներկայացնել թանգարանի գործունեությանը և Երվանդ Քոչարի կյանքին վերաբերող նյութեր, տեսաֆիլմեր, հարցազրույցներ և ռեպորտաժներ։
Օպերա և ոչ միայն
6. Երաժշտության, օպերայի և բալետի սիրահարների համար նույնպես կան հետաքրքիր հնարավորություններ։ Օրինակ՝ Բավարիայի պետական օպերան առաջարկում է ոչ միայն օգտվել իրենց տեսաձայնագրություններից, այլ նաև ուղիղ եթերով հետևել ներկայացումներին։ Օրինակ՝ մարտի 21-ին կարող եք «ներկա» գտնվել Շոստակովիչի «Կարապի լիճը» բալետին։ Նման ձևաչափ են առաջարկում նաև Բեռլինի պետական օպերան, Սանկտ-Պետերբուրգի ակադեմիական ֆիլհարմոնիան, Մարիինյան թատրոնը և Մոսկվայի Մեծ թատրոնը, որտեղ, ի դեպ, ամսի 29-ին կարող եք դիտել «Ռոմեո և Ջուլիետ» բալետը։
2018 թվականին՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում, տեղի ունեցավ իտալացի գրող Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» հեքիաթ-վիպակի բալետային ներկայացման պրեմիերան։ Այժմ հնարավորություն ունեք այն դիտել տանից:
Թատրոն
7. Թատրոնը ևս կայցելի ձեր տուն. Դրամատիկական թատրոնը «Ավտոբուս» ներկայացումով սկսեց իր առցանց ցուցադրությունների շարքը: Թատրոնի մյուս ներկայացումների մասին հավելյալ տեղեկանալու համար՝ այցելեք թատրոնի ֆեյսբուքյան էջ:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ