Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվեսը

Մարտ 21,2020 14:34

Ցավով տեղեկացա, որ ավելի քան մեկ տարի առաջ Սանկտ-Պետերբուրգում մահացել է իմ ասպիրանտական տարիների լավագույն ընկերներից Վանյան՝ Իվան Կուտիրևը։ Վանյան ՀՀ ԳԱ ակադեմիկոս, երկրաբան Հովհաննես Մաղաքյանի թոռն էր, մեր  «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի գիտաշխատող Նինա Մաղաքյանի քրոջ որդին։

Վանյայի հիշատակին,  կպատմեմ իմ կյանքի ամենապայծառ դրվագներից մեկը։

1985թ․Լենինգրադի ՎՍԵԳԵԻ  ինստիտուտի (Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտ)  երկրաբանական արշավախմբով աշխատում էինք Աղվերանում։ Վրանային ճամբարը «խփել» էինք Աղվերանի ձորի խորքում, վերջին հանգստյան տնից (որտեղ այժմ «Արթուրսն» է) շուրջ մեկ կմ ձորով վեր։ Արշավախումբը զբաղվում էր ընդլավային երկրաբանական քարտեզագրությամբ, կազմված շուրջ  10  հոգուց, ղեկավար (Միխայիլ  Ռիբակով), որոնց թվում էինք ես և Վանյան։ Վրանային ճամբարը բաղկացած էր , այսպես ասած «ննջարանային» վրաններից և մեկ մեծ վրանից, ուր արշավախմբի «Ուազ» (Վիլիս)-ից  լույս էինք քաշել և որտեղ  սնվում էինք,  աշխատում ու զրուցում։ Վաղ առավոտից՝ դաշտային աշխատանքներ, վերադարձին, ժ․18-ին ճաշ, ապա խմբով՝ աշխատանքների ամփոփում, և ազատ ժամանակ՝ զրույցներ, կատակներ և այլն։ Երբ, մոտավորապես ժ․ 23-ին բոլորը գնում էին քնելու, ես ու Վանյան շարունակում էինք զրուցել, երբեմն նարդի խաղալ   և  խմել Արզականի խնձորի օղի։

Մի երեկո, երբ ինչպես ամեն օր, զրուցում էինք, հանկարծ վրանի դռան (դուռը վրանի  վարագույրի պես ձգվող բրեզենտն էր)  դրսից թեթև աղմուկ լսվեց։ Երկուսս էլ  լռեցինք  և ուշադրությամբ նայեցինք կիսաբաց դռնից դուրս։ Երևացին երկու՝  կրակի պես վառվռուն աչքեր։ Զարմանքով տեսանք մի շքեղ, շեկ մորթիով, երկար, փարթամ պոչով, սուր դնչով աղվեսին։ Նա նույնպես մեզ ուշադիր զննեց և տեսնելով, որ վտանգ չկա, թաթով  շուռ տվեց աղբի դույլը, հոտոտեց, մսի, ոսկորի մնացորդներից կերավ, ապա որքան կարողացավ մի քանի կտորներ էլ  «վերցրեց» և հեռացավ։ Հաջորդ օրը, նույն ժամին դույլը տեղափոխեցինք վրանի ներս։ Աղվեսը եկավ, նայեց մեզ, վախվորած մտավ վրան․․․ և  արդեն վրանում կրկնեց նախորդ օրվա իր գործը։ Եվ այսպես ամեն օր, աղվեսն արդեն բոլորովին մեզնից չէր վախենում, ազատ շրջում էր վրանում, քսվում մեր ոտքերին, վերջում վերցնում իր ավարն  և հեռանում։ Հայտնի հեքիաթի հերոսի նմանությամբ, աղվեսին Ալիսա անունով կոչեցինք և ամեն երեկո, նրա համար համեղ խորտիկներ պահած, անհամբեր նրա գալուն էինք սպասում։ Այս հրաշքը տևեց շուրջ 20 օրեր։

Արշավախմբի աշխատանքների վերջին օրը, մենք էլ մյուսների պես ավելի շուտ գնացինք մեր վրան-ննջարանը քնելու, քանի որ վաղ առավոտից պետք է հավաքեինք ճամբարն ու վերադառնայինք Լենինգրադ։ Հանկարծ վրանի «տանիքից» ուժեղ խշշոց լսվեց։ Երկուսս էլ արթնացանք և քնապարկերից նայեցինք վեր։ Լուսնյակ գիշեր էր և օ՜ զարմանք, վրանի վերևում Ալիսան էր։ Մեկ մոտենում էր իմ կողմ, մեկ Վանյայի և թաթերով փորձում «փորել» բրեզենտը։ Չգիտեմ, նա մե՞զ էր ձայն տալիս, թե՞ գնացեք բարով մաղթում։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել