ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ, մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ Սա կարելի է համարել դարի մեկենասությունը, մեր պատգամավորները, որոնք չգիտես թե ինչու են ամեն ամիս պարգեւավճար ստանում, որոշել են մեծ լավություն անել հանրությանը՝ իրենց պարգեւավճարները փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։ Դժվար է պատկերացնել՝ ինչպես են խեղճուկրակ պատգամավորներն այս մեկ ամիսը յոլա գնալու առանց այդ պարգեւավճարի։
«Իմ քայլը» խմբակցության իրավաբան պատգամավորներից Արթուր Դավթյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, որ իր ստանալիք պարգեւավճարն արդեն փոխանցել է հաշվեհամարին։ Իսկ ստացե՞լ է արդեն, որ փոխանցել է, պատգամավորն ասաց․ «Չէ, իսկ պարտադի՞ր է ստանալը»։ Իսկ ինչի՞ դիմաց է ինքը պարգեւավճար ստացել, պատգամավորը շատ «օրիգինալ» պատասխան տվեց՝ պատգամավորական աշխատանքի։ Բայց պատգամավորական աշխատանքի դիմաց աշխատավարձ են ստանում, այլ ոչ թե պարգեւավճար։
Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր, դարձյալ իրավաբան ու ԱԺ-ում ամեն հարցով քարը քարին չթողնող, բայց այս հարցում զարմանալիորեն լուռ Գեւորգ Պետրոսյանն էլ դժվարացավ ասել, թե որ արդյունավետ աշխատանքի դիմաց են իրենք ամեն ամիս պարգեւավճար ստանում։ Բայց ինքն էլ է իր՝ դեռեւս չստացած պարգեւավճարը փոխանցել հաշվեհամարին։ Պարգեւավճարը կազմել է 152 հազար դրամ։ «Պարգեւավճարի ստացման վերաբերյալ ծանուցումը միշտ էդքան է եկել»,-ասաց նա։
– Պարոն Պետրոսյան, նախկինո՞ւմ էլ եք ամեն ամիս պարգեւավճար ստացել։
Կարդացեք նաև
– Ոչ, նախկինում էդպիսի բան երբեք չի եղել․․․ եղել է, բայց դա օրենքով է, ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքով պատգամավորն ամառային արձակուրդից օգտվելիս եւս մեկ անգամ՝ բացի արձակուրդային գումարը, ստանում է խրախուսում՝ մեկ ամսվա աշխատավարձի տեսքով։
– Հիմա ի՞նչ օրենքով են պատգամավորներն ամեն ամիս պարգեւավճար ստանում։
– «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորված է հարցը։
– Դա Դուք նորմա՞լ եք գնահատում։
– Ինչո՞ւ պիտի աննորմալ գնահատեմ, եթե պարգեւատրվում են ոչինչ չանող նախարարները, ինչո՞ւ պիտի պատգամավորները չպարգեւատրվեն։
– Դրա համար էլ նախարարներին պարգեւավճարների համար այդքան քննադատում են, որովհետեւ պարգեւավճար ստանում են լավ աշխատանքի, լրացուցիչ արդյունք ցույց տալու համար։ Հիմա նույնը պատգամավորների մասով կարող են ասել։
– Դրա համար Դուք ոչ թե պետք է կատեգորիան վերցնեք, այլ կոնկրետ պատգամավորի աշխատանքը, որպեսզի արդարության սկզբունքը պահվի, որովհետեւ Աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածի վերջին միտքն ավարտվում է նրանով, որ պետք է արդարության սկզբունքը պահել աշխատանքային հարաբերություններում։ Դուք մի՛ ասեք՝ պատգամավորը, Դուք ասեք՝ այ, էս պատգամավորը։
– Բայց խոսքը բոլոր պատգամավորների մասին է։
– Դե, հիմա, բոլոր պատգամավորները ստանում են խրախուսում, էդ մարդիկ որոշել են, որ․․․ էդ հարցի պատշաճ հասցեատերը ես չեմ։
– Առաջ, ասում են, ծրարով էին ստանում՝ չգիտես որտեղից, հիմա, ստացվում է, օրինական ձեւով են բյուջեն թալանում։
– Դուք դիմեք էն մարդուն, ով որ որոշում է պատգամավորներին խրախուսել, թող ինքն ապացուցի՝ որ պատգամավորն ինչ աշխատանքի համար է խրախուսվում։ Ես էսօր չեմ կարող, բարոյական առումով էլ կոռեկտ չէ, ճիշտ չէ, որ կարծիք հայտնեմ, ասեմ՝ էսինչ էսինչյանը չպետք է խրախուսվի։
– Դուք ամեն ամիս լա՞վ եք աշխատում եւ դրական արդյո՞ւնք եք ցուցաբերում։
– Ուրեմն ես ամեն ամիս կատարում եմ իմ աշխատանքային պարտականությունները։ Այսինքն՝ ես չպիտի գնահատեմ՝ լավ եմ կատարում, թե չէ, ժողովուրդը պետք է տեսնի, գնացեք ժողովրդին հարցրեք՝ Գեւորգ Պետրոսյանը լա՞վ է կատարում իր աշխատանքը, թե՞ չէ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում