Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյանը՝ Լևոն Սարգսյանի արտահանձնման մասին․ «Մարտի 1-ի գործով ասելիք նա ունի»․ «Հայկական ժամանակ»

Մարտ 21,2020 11:12

11 տարվա վաղեմության ավազակային հարձակումը պատվիրելու գործով հետախուզվող նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը նրա արտահանձնման որոշման մասին մամուլից է տեղեկացել: ՀԺ-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ այդ հարցերով Սարգսյանի Մոսկվայի փաստաբանն է զբաղվում, ինքը որեւէ տեղեկություն չունի եւ երբ ծանոթանա որոշմանը, այդ ժամանակ միայն կկարողանա մեկնաբանություն անել: Մեր հարցին՝ արտահանձնման որոշումը ենթադրո՞ւմ է, որ Սարգսյանի՝ ՌԴ քաղաքացի դառնալու դիմումը մերժվել է, պաշտպանը պատասխանեց. «Նա այդ դիմումը վաղուց էր ներկայացրել՝ դեռ 2017 թվականից, ընթացքի մասին ես տեղեկություն չունեմ, բայց տրամաբանորեն երեւի թե այդ հարցը չի լուծվել, ո՞նց կարող է լուծված լինել, եթե արտահանձնում են»:

Մեր զրույցում Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը նշեց, որ Սարգսյանի արտահանձնումը Մարտի 1-ի՝ նախաքննությունը շարունակվող գործով որոշակի օգտակարություն կունենա. «Ես սրանով չեմ մխիթարվում, որովհետեւ կարեւոր է, որ հատկապես իրավական համակարգը աղավաղած եւ այդ համակարգում մեծ դեր ունեցած մարդկանց եւս հանձնեն, չնայած չեմ թերագնահատում նաեւ Լեւոն Սարգսյանի դերը. Մարտի 1-ի գործով բազմաթիվ հարցեր, հանգամանքներ, մասնավորապես՝ որոշակի զենքերի հնարավոր կիրառման, դրանց պատկանելիության, սպանությունների խնդիրների հետ կապված ասելիք նա ունի, եւ այդ առիթով բազմաթիվ առերեսումներ կունենա, իհարկե, միաժամանակ կարեւոր է նաեւ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը»:

Սաֆարյանը հիշեցրեց՝ զենքերի մասին արտահայտվելիս Լեւոն Սարգսյանը դրանք պատմական է անվանել. «Զենքեր էր բերում, ասում էր՝ լավ նայեք, սրանք պատմական զենքեր են, իսկ այդպիսի բնորոշում կստանային միայն այն դեպքում, եթե դրանք կիրառված լինեին, ուրիշ պարագայում չէր կարող այն պատմական լինել, դրա համար էլ մենք կարծում ենք, որ դրանք կիրառվել են»: Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ լավ է, որ ՀՀ դատախազությունը կարողացել է նրա հարցում հետեւողականություն դրսեւորել. «Մտավախություն կա, որ Դատախազության կողմից հետամուտ լինելու սկզբունք չկա, ժողովրդի մեջ էլ է այդպիսի տրամադրվածություն, օրինակ են բերում, ասում են՝ գիտեն, չէ՞, Կոստանյանը որտեղ է դասախոսում, ինչո՞ւ չեն գնում, այնտեղից վերցնում, տանում մեր դեսպանատուն, ուզում եմ ասել՝ մարդիկ արդեն ճանապարհներն էլ են հուշում, ինչը շատ անդուր իրավիճակ է ստեղծում. երբ գիտես, որ քո երկրի իրավապահ համակարգը հետամուտ չի լինում այդ հարցը լուծելուն, հոգեբանորեն է ծանր իրավիճակ առաջանում այսօրվա՝ հեղափոխական իրավիճակից հետո»:

Լեւոն Սարգսյանի արտահանձնումը, Սաֆարյանի խոսքով, շատ չի ուշանա. օրենքը դրա համար տասնօրյա ժամկետ է նախատեսում. «Ես չգիտեմ՝ կարող են բողոքարկել, չեն կարող, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը շահագրգիռ կլինի այդ որոշումը բողոքարկել, բացի այն անձից, ում արտահանձման խնդիրն է դրված, եւ չեմ էլ կարող ասել՝ Լեւոն Սարգսյանը ցանկանո՞ւմ է գալ Հայաստան, թե՞ ցանկանում է այդ կարգավիճակով մնալ այնտեղ՝ անորոշության մեջ թողնելով իր կողմից տրվելիք ցուցմունքների ճակատագիրը»:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031