Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել:
Խստացվում է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և Դանիայում վերջին 14-օրվա ընթացքում եղած բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես, այն վարորդները, որոնք եղել են այդ երկրներում, ուղեկցվելու են Վրաստանով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում՝ անցակետից մինչև անցակետ։
Վերջին 14-օրվա ընթացքում այդ երկրներում եղած և Վրաստան ապրանքներ ներմուծող բեռնատարների վարորդներին կփոխարինեն ռիսկային խմբին չպատկանող անձինք, մաքսային մարմինը կախտահանի մեքենաները։ Եթե տվյալ բեռնատարի վարորդը օտարերկրացի է, նա կվերադառնա այն երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, նրան կուղարկեն կարանտին: Այլ պարագայում՝ բեռի քարշակը կարող է փոխարինվել ոչ ռիսկայինով. մաքսային ծառայությունը կախտահանի կցորդիչը, իսկ քարշակը ետ կուղարկի այն ուղղությամբ, որտեղից այն ժամանել է: Եթե անհնար լինի վարորդին փոխարինել, ապա մեքենան կհասնի մոտակա անցակետ, և այնտեղ բեռը կտեղափոխվի այլ մեքենա:
Ինչ վերաբերում է ռիսկային գոտուց դուրս երկրների վարորդներին և ապրանքներին, ապա այս դեպքում վարորդները ենթարկվելու են խիստ ստուգման. ստուգվելու է նրանց ջերմությունը և այլ ախտանշանների առկայությունը: Եթե օտարերկրացի վարորդը հիվանդության ախտանշաններ ունենա, նրան կվերադարձնեն ժամանման երկիր։ Վրաստանի քաղաքացի վարորդին կուղարկեն կարանտին, իսկ բեռները կանցնեն ռիսկային երկրներից բերված բեռների ստուգման ընթացակարգով։
Կարդացեք նաև
ՀՀ ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ