Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնադատաստանը տեղ չունի մեր երկրում, բայց հենց այդ տղաներն ապացուցեցին, որ մեր երկրի օրենսդրությունը կաղ է եւ չի կարող լուծել իր հարցերը. «Ազգ»

Մարտ 21,2020 10:49

Օրերս հայաստանյան իրականության մեջ սկսեց շրջանառվել «Հեղափոխության պահապաններ» բառակապակցությունը, որը շատ կծավալվեր, եթե կորոնավիրուսն այդքան մեծ տարածում չգտներ մեր երկրում:

Մեկ տասնյակից ավելի երիտասարդներ, վարչապետագույն համազգեստով հանդերձավորված, արդեն սեփական տարբերանշաններ ու դրոշներ ստեղծած՝ իրենց հռչակեցին «Հեղափոխության պահապաններ» եւ դուրս եկան փողոց՝ պահպանելու «թավշյա հեղափոխությունը», այսինքն՝ վարչապետին: Նրանք հայտնաբերեցին եւ ստիպեցին ներողություն խնդրել մի թշվառ տղեկի, որը հեռախոսազրույցի ժամանակ համարձակվել էր հայհոյել վարչապետին:

Այն, որ հրապարակային հայհոյախոսությունը նախընտրելի քաղաքական մարտավարություն չէ, պարզից էլ պարզ է, մանավանդ որ հայհոյողը դեպքից մի քանի օր հետո կուչ եկած` ներողություն է խնդրում` այդպիսով բացահայտելով իր տղամարդկային տկարությունը:

Այդ ամենն առաջին հերթին պետք է բացառի ինքը՝ վարչապետը, բացառի ոչ թե խոսքով, այլ գործով, բացառի՝ պատասխանատվության ենթարկելով ու մյուսներին ցույց տալով, որ չի կարելի ստեղծել ինքնադատաստան տեսնող որեւէ ջոկատ եւ ահաբեկել քաղաքացիներին: Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ սխալ է երկրի առաջին դեմքին հայհոյելն ու վիրավորելը, բայց, եթե չեմ սխալվում, գոյություն ունի սահմանադրություն, օրենք, որն էլ կարգավորում է այդ ամենը: Ինքնադատաստանը տեղ չունի մեր երկրում, բայց հենց այդ տղաներն ապացուցեցին, որ մեր երկրի օրենսդրությունը կաղ է եւ չի կարող լուծել իր հարցերը: Սա պետության արժանապատվության խնդիրն է, եւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ձեռնամուխ լինի ինքնաստեղծ ու ինքնագործ «դատարաններին» ծնկի բերելու եւ նման ու նմանաբովանդակ կառույցների հետագա ծնունդն ու գործունեությունը բացառելու: Եթե չարվի այդ ամենը եւ թույլ տրվի նրանց հետագա գործունեությունը, ուրեմն նրանց թիկունքում կանգնած է հենց վարչապետը, որը գտնում է, որ երկրի արդարադատությունն անզոր է, եւ ստիպված է դիմել այդպիսի մանր խմբավորումների ծառայություններին։

Այդպիսի խմբերը, ինչպես ցույց են տալիս անցյալի դեպքերը, աղետ են դառնալու մեր երկրի համար եւ մեջտեղ բերված խմորը շատ ջուր է տանելու: Վերջիվերջո որոշեք, պետություն է, թե՞ փողոց:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031