Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինքնասաբոտաժն ու պոպուլիզմը

Մարտ 21,2020 10:00

Հոգեբանական գրականության մեջ մի հետաքրքիր եզր է հանդիպում՝ ինքնասաբոտաժ: Եթե կարճ ձեւակերպեմ՝ դա այնպիսի մի գործողություն է, երբ մարդն ինքն իրեն խանգարում է հաջողության հասնել, ինքն է խոչընդոտում իր ներուժի դրսեւորմանը: Օրինակ, երբ մեկն ասում է՝ «ես դա երբեք չեմ կարողանա անել», նա այդպիսով համապատասխան ուղերձ է հղում իր ինքնագիտակցությանը, որը եւ փակում է դեպի նպատակների իրագործումը տանող մարդու ճանապարհը: Իրականում, եթե որեւէ մարդ որեւէ բան կարողացել է անել, գիտելիք ձեռք բերել, որեւէ հմտություն ստանալ, ապա, գոնե տեսականորեն, դա կարող է անել ցանկացած այլ մարդ:

Ինքնասաբոտաժի տեսակ է նաեւ հարուստ եւ/կամ հաջողակ մարդկանցից բամբասելն ու չարախոսելը: Չարախոսության «թիրախն» այդ խոսակցություններից, որպես կանոն, ոչ մի նեղություն չի կրում, տուժում է միայն ինքը՝ չարախոսը, արգելափակում է իր հաջողության եւ բարեկեցության ճանապարհը: Եթե մեկն, օրինակ, ենթադրում է, որ այն, ինչ հարուստն ունի, գողացած է, կամ նրա բախտն է բերել, կամ նույնիսկ, եթե պնդում է, որ դիմացինը հարուստ է եւ հաջողակ միայն իր արտակարգ տաղանդների շնորհիվ, նա այդպիսով ինքն իր համար հնարավորություն է ստեղծում պառկել դիվանին, օրուգիշեր «խաղալ» համացանցում, անընդհատ բողոքել եւ ոչ մի բան չանել: Որովհետեւ այդ տեսակի ինքնասաբոտաժով զբաղվողը ունի հրաշալի «արդարացումներ»՝ «ես ազնիվ եմ եւ ոչ մի բան չեմ գողանում, իմ բախտը չի բերում, ես զուրկ եմ հաջողակ լինելու համար անհրաժեշտ տաղանդներից»: Մինչդեռ անգամ տաղանդը կամ պարզապես լավ ընդունակությունները, բնածին շնորհքը, գենետիկ ժառանգությունը, սոցիալական բարենպաստ միջավայրը գործի հաջողության ընդամենը 10 տոկոսն են, մնացած 90 տոկոսը աշխատանքն է, կամային բնավորությունը, համառությունը: Դա վերաբերում է ե՛ւ գործարարին, ե՛ւ ջութակահարին, ե՛ւ մարզիկին:

Պոպուլիստ քաղաքական գործիչները, սակայն, մարդկության պատմության ողջ ընթացքում շահագործում են մարդկանց մեծամասնությանը հատուկ ինքնասաբոտաժը: Պուպուլիստների գլխավոր թեզն է՝ «նրանք հարստացել են, հաջողությունների են հասել ձե՛ր հաշվին, ձե՛զ թալանելով, եւ մեր նպատակը պետք է լինի խլել այդ հարստությունը եւ բաժանել ձեզ»: Այդպես են ասում ոչ միայն հեղափոխականները, նման կարգախոսներ ունեն միանգամայն պատկառելի գործիչները, երբ նախընտրական արշավ են իրականացնում եւ առաջարկում են կտրուկ բարձրացնել հարուստների հարկերը:

Բայց երբ պապուլիստներն այս կամ այն ձեւով գալիս են իշխանության, նրանք սկսում են փառաբանել հաջողակ գործարարներին: Եվ դա ճիշտ է, որովհետեւ գործարարներն իսկապես տնտեսության շարժիչ ուժն են, իսկ հարստանալու, շահույթ ստանալու մեջ ոչ մի դատապարտելի բան չկա: Իհարկե, նշանակություն ունի, թե ինչպես է դա արվում: Բայց այդ «ինչպեսով» պետք է զբաղվեն իրավապահները՝ դիվանին պառկելու համար դա ամենեւին էլ արդարացում չի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Ձեր գրութիւնը շատ նման է երկսայրի սուրի -որ կողմէն նայելու ըլլաք և ճիշտ է և ոչ – Երկրագունտի որ անկիւնն ալ գտնուինքկացութիւնը նոյնն է – պիտի ըսէի ՛՛ համամարդկային է՛՛ .մեզ մօտ քիչերն են որ ձեր տարիներու փորձառութիւնը ունին որ կարենան ուղիղ վերլուծութիւն ընել- Այդ առումով օգտակար դեր կը կատարէք ընթերցողին աչքերը բանալու-

  2. Լավատես says:

    Երեխան ի ծնե տաղանդաշատ է ծնվում, այդ շնորհքը բնությունը տալիս է երեխային, որ նա արդյունավետ դիմադրի արտաքին արհավիրքներին, մինչեւ ոտքի կանգնի, եթե գիտականորեն ու փորձով մշակվեին երեխայի դիմադրողականությունը իրական հավանական կառավարելի արհավիրքներով’ նրան անցկացնելով, իհարկե սիրո ու հաճելի հանգստի ընդմիջումներով, ապա կարելի է հզոր դիմադրողականություն ունենալ արդեն հասուն տարիքում: Հասուն տարիքի բոլոր տեսակի հոգեբանական թե մտավոր խնդիրները’ դրանք մանկական տարիքից հասուն տարիք անցած ու մանկությունում չբուժված խնդիրներն են, դրա համար մեր ռազմավարական օրակարգում պետք է լինի երեխայի հոգեկան մտավոր եւ առողջական դաստիարակությունը: Բարին’ դա այն դիմադրողականությունն է, որը ձեռք է բերվում միայն Չարի դեմ պայքարում ու նրան հաղթելու միջոցով: Այնպես որ, Չարը փոքր քանակով բուժում է, մեծ քանակով է վտանգավոր, դրա համար է անհրաժեշտ գիտական ու փորձնական մեծ աշխատանք:

  3. bzjackal says:

    Թեմայից դուրս․
    Հարգելի՛ խմբագրություն, ձեր կայքի desktop տարբերակը խնդիր ունի՝ ահռելի ծավալ է խժռում (Օրինակ՝ Microsoft edge)։ Այնպես, որ լավագույն համակարգիչները նույնիսկ խեղճանում են։ Կարծում եմ գովազդների պատճառով է, բայց մասնագետները կասեն։ Ամեն այցելելուց հետո 1 շաբաթ չես էլ ուզում կողքով անցնել։ Mobile տարբերակները կարծես այդ խնդիրը չունեն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031