Հայաստանի տարբեր ժողովուրդների մշակութային արժեքներին նվիրված` արգենտինացի բանաստեղծ եւ թարգմանիչ Կարլոս Վիտալեն 1981 թվականից բնակվում ու ստեղծագործում է իսպանական Բարսելոնա քաղաքում: Նրա հեղինակային բազմաթիվ ժողովածուներ («Տեղի միասնություն», «Ինքնասպանի անքաղաքավարությունը», «Էսկալայի տետր», «Տանից դուրս», «Նիրհ» եւ այլ գրքեր թարգմանվել են ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, հայերեն, բուլղարերեն, կատալոներեն, էստոներեն, գերմաներեն, անգլերեն եւ այլ լեզուներով: 2015 թվականի միջմշակութային հաղորդակցության մեջ ունեցած վաստակի համար արժանացել է Խոսե Լուիս Խիմենես-Ֆրոնտինի հատուկ մրցանակին:
«Տանից դուրս» հայերեն գիրքը լույս է տեսել Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ կրոնի նախարարության «Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում, «Ինքնագիր» գրական ակումբի կողմից, 2019 թվականին:
Ժողովածուն եւ ծանուցումները իսպաներենից թարգմանել է Հասմիկ Ամիրաղյանը:
Սովորական իմաստով Կարլոս Վիտալեի «Տանից դուրս» գրքի ստեղծագործությունները բանաստեղծություններ չեն: Դա ո՛չ գեղարվեստական, ո՛չ վավերագրական, ո՛չ ճամփորդական, ո՛չ գիտական, ո՛չ օրագրային եւ ո՛չ էլ հուշագրական գիրք է: Կարելի է ասել, որ լրագրային ու գրական ժանրերի տարբեր տարրեր, հատկանիշներ ներհյուսված են «Տանից դուրս» ժողովածուի բազմաթեմա ստեղծագործությունների կառուցվածքում: Եվ հոգեւոր ու նյութական արժեքների համադրության, դիտարկումների ու վերլուծությունների ֆոնի վրա, ճշգրիտ թափանցումներով, խոհափիլիսոփայական սուզումներով բացահայտում է մշակութային աղերսների կարեւորությունը:
Դիմելով արեւելյան քնարերգության մեջ լայնորեն տարածում գտած երկտողանի բանաստեղծական տան կառուցվածքին (բեյթ)՝ Կարլոս Վիտալեն իմաստազգացական պատկերներով, ծովային տեսարաններով, աֆորիզմի հասնող մտածողությամբ, մշակութային կյանքի գաղտնիքների ու առնչությունների փիլիսոփայական սուզումներով անդրադարձ է կատարում լեռնաշատ Հայաստանի, տոթակեզ Իտալիայի, Կրետեի, Հունաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Վենեսուելայի պատմաաշխարհագրական վայրերին, քաղաքներին, բնակատեղիներին, նշանավոր անձանց ու կառույցներին, խորհրդանիշներին, տվյալ ժողովրդի ինքնությունը հաստատող մշակութային արժեքներին՝ ճշգրիտ բնութագրումներով, հուզական լիցքերով: Այս առումով կարելի է արձանագրել, որ Կարլոս Վիտալեն իր իրական մոդելն է տեղադրում տարբեր ժողովուրդների ճակատագրի, մշակութային կենսագրության մեջ՝ ներառելով տպավորությունների նորանոր ալյակներ, անձնական, անանձնական հուզապրումների նորանոր շերտեր, իրական ու հեքիաթային, փիլիսոփայական զուգորդումներով, ստուգապատում բնութագրումներով:
«Ներսում» եւ «Տեսարաններ ծովից» շարքերի ստեղծագործությունները ներկայացված են թեմային բնորոշ բնաբաններով, «տուրիստական գրականության» հետ ոչ մի առնչություն չունեն: Դրանք, ըստ էության, ուղեւորությունների պատումներ են՝ ծրագրային ու նպատակային մտահղացումներով, ուր անձնականացման ուղիներով երեւում է՝ մարդկային մշակույթի նմուշների հիշատակումներից աշխարհը գծագրվում է ոչ միայն իր տեսագծերով, այլ ժամանակների արժեքներով, հարուցած հուզապրումներով, ստուգապատում փիլիսոփայական շաղախով` նշմարվող դիվանագիտական ու քաղաքական ինչ-ինչ երանգներով: Հատկանշական է, որ «Կարմիր հողը» խորագրի ներքո զետեղված շարքի համար բանաստեղծն ընտրել է Դանիել Վարուժանի «Գրասեղանիս վրայ սա Սկաւառակին մէջ կայ բուռ մ՛հող բերուած հոն հայրենիքի դաշտերէն» բնաբանը:
«Կարմիր հողը» արտահայտությունն ամենից առաջ հղում է բանաստեղծի ելակետը, այն պարագան, որ Հայաստան աշխարհը 21-րդ դար է հասել կորուստներով ու հաղթանակներով, այսպես ասած՝ արյան գնով: Եվ կերտողական ու քերթողական անհամար հավերժալույս հուշարձաններ երկնելով՝ իմաստավորել է հայրենի տան գոյության խորհուրդը, ժամանակների եւ մարդու կապերի թափանցման, բացահայտման գեղագիտական չափանիշները: Դրանով, փաստորեն, Կարլոս Վիտալեն միաժամանակ ասպարեզ է հանում արդի համաշխարհային պոեզիայի կենսունակության միտումներն ու զարգացման դինամիկան: Այսպես, Հայաստանը բանաստեղծին պատկերանում է Երեւանի, Էջմիածնի, Մատենադարանի, Հաղարծինի, Խոր Վիրապի, Գեղարդի, Օձունի «դիմանկարներով» եւ հավանաբար երկար ու հիացմունքով է նայել գերեվարված Արարատին: Վկայակոչենք «Արտասովոր ձեւի դրախտ՝ դեռ անծանոթ ու կարոտած արդեն» («Ճանապարհին»), «Ձեռքը դառնում է տառ՝ դարերի աչքի համար» («Մատենադարան»), «Բացիր օրվա դուռդ. Սպասում է Արարատը» («Բարի նշան»), «Փորել մինչ որ ժայռը հանձնի քեզ իր գաղտնիքը» («Հայաստան») եւ այլ զսպանակված, ոճակառուցվածքային համակարգում սինթեզված բազում տպավորություններ, փիլիսոփայական զուգորդումներ՝ խտացված հեծանի նման ամրակուռ ու խորիմաստ երկտողերում:
Ի վերջո, Կարլոս Վիտալեի «Տանից դուրս» ժողովածուն մի յուրահատուկ հիշատակարան-օրագիր լինելով, աներկբայորեն հաստատում է, որ մշակույթն է ժողովուրդներին կենդանի ավիշ ներարկում՝ ոգեկանությունը դարձնելով իբրեւ ոգեկանության բարձրագույն եւ միակ արդար չափանիշ:
Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2020