Հոլիվուդի գլխավոր սուպերմեն, ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ երաժիշտ Բրյուս Ուիլիսը մարտի 19-ին դարձավ 65 տարեկան: Kulturologia.ru-ի փոխանցմամբ, եթե էկրաններին նա ինքնավստահ է, առնական եւ իրոնիկ, ապա իրական կյանքում լրիվ հակառակ կերպար ունի: Ինչ վերաբերում է դերասանական ուղին ընտրելուն, դա պայմանավորված էր այն արատով, որով Բրյուսը տառապում էր մանկության տարիներին:
Ուոլտեր Բրյուս Ուիլիսը ծնվել է Գերմանիայում՝ ամերիկացի զինվորականի եւ գերմանացի տնային տնտեսուհու ընտանիքում: Երեխա ժամանակ նա կակազում էր, դրա համար էլ ընդգրկվեց դպրոցի թատերական խմբակում՝ այդ խնդիրը շտկելու համար: Երբ ելույթ էր ունենում մեծ լսարանի առաջ, լեզվական խնդիրը նահանջում էր, սակայն կուլիսներում այն կրկին «վերսկսում» էր: Դպրոցական տարիքում նա մեկ այլ նախասիրություն ձեռք բերեց՝ մարտարվեստը, որի պատճառով անգամ վնասվածք ստացավ եւ վիրահատվեց:
Երիտասարդ տարիքում նա տարատեսակ աշխատանքներ է կատարել մինչեւ կինոաստղ դառնալը՝ անվտանգության աշխատակից, վարորդ, հետախույզ, առաքիչ ու բարմեն: Տարբեր հայտարարությունների հետքերով գնալով՝ նկարահանվել է գովազդային տեսահոլովակներում, ապա խաղացել համեստ բյուջեով ֆիլմերում ու թատերական ներկայացումներում: Ներկայացումներից մեկի ժամանակ էլ նրան նկատում են ու հրավիրում Լոս Անջելես:
Կարդացեք նաև
Իր առաջին հաջողությունը գրանցել է որպես կատակերգու դերասան, միայն երեք տարի անց նրան տեսան աշխարհի փրկչի դերում՝ «Պինդ ընկույզ» ֆիլմում: Հետաքրքիրն այն է, որ գլխավոր հերոսի դերն ի սկզբանե առաջարկվել էր Սիլվեսթր Սթալոնեին, Ռիչարդ Գիրին ու Առնոլդ Շվարցենեգերին, ու երբ նրանք հրաժարվել են, դերը բաժին է հասել Բրյուս Ուիլիսին: Այդ դերի համար նա խոշոր հոնորար ստացավ՝ հինգ միլիոն դոլարի չափով: Ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը կրակոցի բարձր ձայնից կորցրել է ձախ ականջի լսողությունը:
«Պինդ ընկույզը» դարձավ Բրյուս Ուիլիսի այցեքարտը եւ նրան համաշխարհային հռչակ բերեց, ինչից հետո նրան պարբերաբար առաջարկում էին սուպեր հերոսների ու փրկիչների դերեր, եւ այս կարծրատիպը կոտրելու համար նա սկսեց նկարահանվել մելոդրամաներում: «Պատմություն մեր մասին» ֆիլմում էլ նա ներկայացավ որպես դրամատիկ դերասան: Չնայած սրան, կինոաշխարհը Ուիլիսին ընկալում էր որպես տիեզերական մասշտաբի անհաղթ հերոսների մարմնավորողի, որոնց նա խաղում էր «Արմագեդոնում» եւ «Հինգերորդ էլեմենտում»: «Վեցերորդ զգայարան» ֆիլմում Բրյուս Ուիլիսը համաձայնեց նկարահանվել մանկական հոգեբանի դերում, որովհետեւ պայմանագրով պետք է դիսնեյյան մեկ այլ ֆիլմում եւս նկարահանվեր: Ի զարմանս արտիստի, ֆիլմը դարձավ կուլտային եւ «Օսկար» ստացավ վեց անվանակարգերում:
Բրյուս Ուիլիսը համարվում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը, սակայն կան նախագծեր, որտեղ նա նկարահանվել է ոչ նյութական շահից դրդված, այլ ընկերական մղումներում ու հաճույքի համար: Այդպիսի ֆիլմերից է «Հինգերորդ էլեմենտը»: Ռեժիսոր Լյուկ Բեսոնին նա ասել էր, որ փոքրիկ գումարի դիմաց նկարահանվում է ֆիլմում, որովհետեւ դա հաճելի է իր համար եւ հետաքրքիր: «Քրեական ընթերցվածք» ֆիլմում եւս փոքր հոնորարով է նկարահանվել, քանի որ պարզապես ցանկանում էր աշխատել Տարանտինոյի հետ:
Կինոյին զուգահեռ նա իր ուժերն է փորձել նաեւ ռեստորանային բիզնեսում, դարձել «Հոլիվուդ մոլորակ» ցանցի սեփականատերերից մեկը: Դերասանի մյուս թուլությունը երաժշտությունն է: Նա քանթրի ոճի մի քանի ալբոմ է ձայնագրել եւ համերգներ ունեցել:
Ներկայումս Բրյուս Ուիլիսը ճաղատ է, ու թեեւ շատերի աչքերին դա սովորական է թվում, դերասանը, սակայն, դրանից բարդութավորվում է: Նա հայտարարել է, որ համաձայն է մազերի կլոնավորման վերջերս ստեղծված տեխնոլոգիան իր վրա կիրառել, միայն թե կրկին առատ մազեր ունենա:
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2020