Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Վ. Կարապետյանը նախապատրաստել էր նյութեր Սյուզաննա Պատվականյանի եւ նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Կոստանյանի հաղորդման հիման վրա:
Այս տարվա հունվարի 16-ին քննչական բաժնում ստացվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին հասցեագրված դիմումը, որով հայտնվել էր, որ քսան տարի առաջ փետրվարի 16-ին Ս. Պատվականյանը «Արմենիա» բուժկենտրոնում ունեցել է դուստր. «Երեխայի որդեգրման գործընթացում տեղի են ունեցել խախտումներ, մասնավորապես, երեխայի մայրը վկայակոչել է ոստիկանության քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննված եւ քրեական գործով պարզված հանգամանքները»:
Ըստ դիմումատուների, բժշկական կենտրոնում ներկայացված Կոտայքի մարզի անձնագրային բաժանմունքի կողմից տրված տեղեկանքից պարզվել է, որ ծննդկանը ոչ թե Ինգա Պատվականյանն է, այլ՝ Սյուզաննա Պատվականյանը, որի ծննդյան տարեթվի մասին նշում չի եղել: Սյուզաննան, որպես միայնակ մայր, գրանցել է նորածնի ծնունդը, նրան անվանակոչել է Ստելլա անունով, ապա ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ «երեխայից հրաժարվելու դիմում է ներկայացրել», տվել է «համաձայնություն»՝ երեխային որդեգրելու համար:
Երեխայի խնամքի հարցը տեղափոխվել է տեղական ինքնակառավարման մարմին՝ համայնք:
Կարդացեք նաև
Դեռեւս 7 տարի առաջ կարճված քրեական գործի նյութերի համաձայն, Սյուզաննան, որպես վկա, նախաքննության մարմնին հայտնել էր, որ լինելով անչափահաս, բժշկական հաստատություններում հաշվառվման չի վերցվել. «Ես կենսաբանական հոր հետ գնացել եմ Հանրապետական ծննդատուն՝ Ռազմիկ Աբրահամյանի մոտ: Վերջինս ասաց՝ ավելորդ քաշքշուկներից ազատվելու համար պետք է հայտնել չափահասի տվյալ եւ պահանջեց հինգ հարյուր դոլար գումար»:
Ի դեպ, դեռ 7 տարի առաջ, Ռ. Աբրահամյանը քննիչի մոտ ցուցմունք էր տվել, հերքել էր Ս. Պատվականյանի հայտնածները, ասելով, որ չի ճանաչում նրան, ծննդաբերելիս նա չափահաս անձի տվյալներ է ներկայացրել, չի իմացել, որ նա անչափահաս է, եւ որ ծննդաբերելուց հետո նրա երեխայի փաստաթղթերը հանձնվել են Աջափնյակի թաղապետարան:
Պատվականյանին չէր հիշել նաեւ երեխայի ծնունդն ընդունած բժիշկը՝ Անդրանիկ Պողոսյանը:
Ըստ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի, նա էլ ցուցմունք էր տվել, որ իր գործունեության տարիներին ունեցել է բազմաթիվ հիվանդներ, որոնց բոլորին հիշելն անհնար է:
Իսկ ծննդատան բժիշկ Արշակ Ջենջերյանն էլ հայտնել էր, որ երեխայից հրաժարվելու դիմումներ սովորաբար ինքն է վերցրել, հավանաբար, Սյուզաննայինն էլ է վերցրել, սակայն հանգամանքները չի հիշում, բավական տարիներ անցնելու պատճառով: Նա ասել էր, որ աշխատանքային գործունեության ընթացքում չի ստիպել, չի համոզել որեւէ մեկին «դիմում գրել», հրաժարվել երեխայից:
Ուշադրության արժանի է այն, որ 20 տարի առաջ «Ամուսնության եւ ընտանիքի մասին» օրենքի 13 գլխի 114 հոդվածով չի նախատեսվել երեխայի որդեգրման համաձայնություն տվող ծնողի տարիքային սահմանափակումը: Համաձայն օրենքի, որդեգրման համար հիմք էր հանդիսանում ծնողների, իսկ միայնակ մոր դեպքում՝ վերջինիս համաձայնությունը:
Ըստ քննչական բաժնի քննիչի՝ Վ. Կարապետյանի որոշման, երեխան որդեգրված է թաղապետի համապատասխան որոշման համաձայն: Նյութերի նախապատրաստման փուլում թաղապետարանից առգրավվել էին երեխայի որդեգրման փաստաթղթերը, թաղապետի որոշումը, հիմքերը, Ռազմիկ Աբրահամյանի մոտից էլ «երեխայի որդեգրման համաձայնության մասին» մոր դիմումը: Ի դեպ, Սյուզաննա Պատվականյանը հայտնել էր, որ այդ դիմումից տեղյակ չէ, հետեւաբար, նշանակվել էր դատաձեռագրաբանական, դատափաստաթղթաբանական փորձաքննություն:
Ըստ փորձագետի եզրակացության, դիմումի հեղինակը Սյուզաննան էր:
Սյուզաննան, ինչպես դատական գործընթացների ժամանակ (որին յոթ տարի պարբերաբար անդրադառնում էր «Առավոտը», այնպես չէ, թե խնդիրը չի բարձրաձայնվել եւ այն նոր է), այն հարցին, թե ինչպես է տվյալ դիմումը «մնացել», կամ գտնվել Ռազմիկ Աբրահամյանի մոտ, այնպես էլ հունվարին գլխավոր դատախազին ուղղված դիմումում նույնն էր պնդել:
Հավելում էր, որ իր երեխայի գործն ինչ գործ ուներ Ռազմիկ Աբրահամյանի մոտ, քանի որ այն որդեգրման, մասնավոր գաղտնիք պարունակող տեղեկություն է:
Ըստ քննիչի, քանի որ երեխայից հրաժարվելու դիմումը հասցեագրված էր Ռ. Աբրահամյանին, այդ իսկ պատճառով, նրա մոտ է գտնվել այն, հետեւաբար, այդ հանգամանքը պարզելու համար միջոցներ ձեռք չեն առնվել:
Խնդիրն այն է, որ երեխան ծնվել է փետրվարին, երկու օր հետո մայրը վիճելի դիմումն էր գրել, եւ այլեւս չի տեսել երեխային, այս ընթացքում պարզվել է, որ երեխան որդեգրվել է մայիսի 11 թվագրով, հարուցված, կարճված քրեական գործերում չկա մի տվյալ, մի փաստաթուղթ երեխայի՝ այդ ժամանակահատվածում որտեղ գտնվելու մասին: Թաղապետարանն էլ «տեղյակ» չի եղել, թե որտեղ է երեխան: Մինչդեռ, պարտադիր էր պաշտոնական գրագրությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2020