Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսն ու Էրդողանի աշխարհաքաղաքական ծրագրերը. ո՞ր հարցում ձախողեց Թուրքիան

Մարտ 21,2020 14:00

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ բնական է, որ կորոնավիրուսը պետք է ազդեր նաև Թուրքիայի քաղաքական որոշ ծրագրերի վրա: Ե՛վ ԵՄ սահմանների՝ փակ լինելը, ե՛ւ աշխարհում միտումները ստիպում են, որ Թուրքիան ոչ թե հրաժարվի իր մտադրությունից, այլ առժամանակ կասեցնի դրանք:

«Առավոտը» թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք կորոնավիրուսի տարածումը հարվածե՞լ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխարհաքաղաքական ծրագրերին: Մասնավորապես, Սիրիայում ռազմական միջամտության արդյունքում Էրդողանը մտադիր էր միլիոնավոր փախստականների հոսք ուղղել դեպի Եվրամիության երկրներ՝ այդպիսով ԵՄ-ին ստիպելով հաշվի նստել իր պահանջների հետ, մասնավորապես եվրաինտեգրման հարցում: Բայց, փաստորեն, ԵՄ-ն փակել է սահմանները, եւ հետեւաբար ձախողե՞լ է Թուրքիան: Մեր հարցին Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Կորոնավիրուսի հետ կապված աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, որը չի կարող չվերաբերել տարբեր երկրների եւ տարբեր ոլորտների՝ սկսած տնտեսական, վերջացրած քաղաքական դաշտում: Բնական է, որ դա պետք է ազդեր նաեւ Թուրքիայի քաղաքական որոշ ծրագրերի վրա: Ե՛վ սահմանների՝ փակ լինելը, ե՛ւ աշխարհում միտումները ստիպում են, որ Թուրքիան ոչ թե հրաժարվի իր մտադրությունից, այլ առժամանակ կասեցնի դրանք: Այդ կասեցումը ոչ թե նրա բարի կամքի դրսեւորումը կամ մարդասիրական հայացքների կենսագործումն է, այլ դա բխում է իրավիճակից: Կարող ենք ասել՝ Թուրքիայի այն պլանները, որոնք կային ե՛ւ գաղթականների հետ կապված, ե՛ւ սիրիական խնդրի հետ կապված, այս պահին գտնվում են պարալիզացված վիճակում: Բնական է, որ ազդում են Էրդողանի գլոբալ պլանների կամ նրա մեծ նախագծի իրականացմանը»:

Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ իրավիճակի՝ փոքր-ինչ հանդարտեցումից հետո Թուրքիան եւ նրա ղեկավարը որպես ապակառուցողական եւ մարդասիրությունից բավականին հեռու անձնավորություն, անպայմանորեն առաջին իսկ առիթի դեպքում վերադառնալու է այդ պլանի իրականացմանը, համենայնդեպս, ըստ թուրքագետի, դա բերելու է քաղաքական օրակարգ եւ ներմուծելու է իր հռետորաբանության մեջ:

Մեր դիտարկմանը՝ փաստորեն Թուրքիայի՝ եվրաինտեգրման բանակցությունները հետաձգվո՞ւմ են, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թուրքիայի՝ եվրաինտեգրման բանակցությունները եւ ընդհանրապես եվրաինտեգրումը դե ֆակտո վաղուց արդեն իրականությունից հեռու են: Դե յուրե միգուցե որոշ գործընթացներ շարունակվում են, բայց այն մոտեցումները, որ կան թուրքական վերնախավում եւ թուրքական հասարակությունում, որեւէ կապ չունեն եվրոպական արժեհամակարգի հետ, եւ չի կարող այդ մոտեցումներն ունեցող պետությունը ձգտել դառնալ Եվրամիության անդամ: Կարծում եմ՝ դա ուղղակի մնացել է քաղաքական իրավական ակտերում կամ իրավական տիրույթում, բայց իրականության մեջ վաղուց ադեն այդ թեման փակված է: Փակված է հենց թուրքական իշխանության եւ հասարակության համատեղ ջանքերով»:

Ռուբեն Մելքոնյանի տեղեկացմամբ՝ սոցիալական բոլոր հարցումները ցույց են տալիս, որ թուրքական հասարակության մեծագույն մասը դեմ է Եվրամիության ինտեգրմանը, իսկ քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ իրենց բազմաթիվ հարցազրույցներում խոսել են այդ ամենի՝ իրենց համար ոչ հետեւողական լինելու մասին: Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ մասնավորապես Էրդողանի խոսքում ակնհայտ դրա դրսեւորումները տեսնում ենք:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ փախստականների խնդիրը բումերանգի պես վերադառնա Թուրքիային, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Թուրքիան վաղուց կարողացել է լուծել այն թուրքերի խնդիրը, որոնք գտնվում են Եվրոպայում՝ մի մասը նաեւ ոչ իրավական առումով: Նա այդ խնդիրը վերածել է լիովին այլ հարցի: Երբ Թուրքիային ձեռնտու է, դա նա ներկայացնում է մարդու իրավունքների համատեքստում: Թուրքիան այն եզակի երկրներից է, որ կարողացել է օգտվել եվրոպական տարատեսակ օրենքներից եւ հնարավորություններից, որոնք օգնում են ապօրինի միգրանտներին: Այդ պատճառով թուրքական համայնքը Եվրոպայում մեծ թիվ է կազմում եւ ագրեսիվ ներկայություն ունի եվրոպական քաղաքական կյանքում՝ շարունակելով սպասարկել Թուրքիայի քաղաքական շահերը»:

Անդրադառնալով Սիրիայի փախստականների հարցին՝ թուրքագետն ասաց. «Թուրքիան այս ուղղությամբ եւս քայլեր արել է: Կարող ենք ասել, որ Թուրքիայի՝ հատկապես սահմանամերձ քաղաքներում սիրիացի փախստականներն արդեն անցել են ինտեգրման հաջորդ փուլը. որեւէ լուրջ ճգնաժամ  կամ անհանգստություն այս խնդիրը Թուրքիայի համար չի կարող ստեղծել: Ուղղակի Թուրքիան դա օգտագործում է իր արտաքին քաղաքական պայքարում որպես խաղաթուղթ Եվրոպայի հետ բանակցություններում: Այս պահին նա իր այդ խաղաթղթի հնարավորություններից զրկվում է, բայց չեմ կարծում, որ խնդիրն այսպես կատաստրոֆիկ կերպով վերադառնալու է բումերանգի պես Թուրքիային, քանի որ նա, ինչպես ասացի, երկու դեպքում էլ ե՛ւ Եվրոպայում գոյություն ունեցող թուրքական համայնքների, ե՛ւ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների պարագայում փորձել է անել իր համար ամենաշահեկան քայլերը»:

Հիշեցրինք՝ մի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե Թուրքիան օրակարգ է մտցնում Արցախի հարցը եւ հարցրինք՝ այժմ Թուրքիայի տնտեսական անկման պարագայում այս հարցում ի՞նչ զարգացումներ կլինեն, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշ հարցեր կան, որոնց համապատկերում երբեւէ պետք չէ Թուրքիայից սպասել դրական կամ կառուցողական քայլեր: Դրանցից մեկն, իհարկե, արցախյան խնդիրն է: Այն, որ Թուրքիան վաղուց փորձում է արցախյան խնդիրը միջազգային տարբեր հարթակներում բարձրացնել իր համար ձեռնտու տարբերակով, այն, որ Թուրքիան փորձում է ներգրավվել արցախյան խնդրի կարգավորման հարցում, դա իրողություն է: Տարբեր տարիների հայտարարությունները երբեմն նաեւ ձեռք են բերում ագրեսիվ բնույթ: Մենք հիմա ապրում ենք այդ փուլերից մեկը, որ Թուրքիան այդ հայտարարությունները թեժացնում է՝ մտցնելով քաղաքական օրակարգ՝ փորձելով ստանալ այլ դիվիդենդներ: Բայց ստեղծված իրավիճակում աշխարհում նույն համավարակի հետ կապված, բնականաբար, Թուրքիան առժամանակ կասեցնելու է նաեւ այդ քայլերը: Վստահ եմ՝ գոնե հայտարարությունների մակարդակով կամ սադրիչ գործողությունների մակարդակով Թուրքիան շարունակելու է իր հետաքրքրությունը պահել արցախյան հարցի նկատմամբ: Համավարակի իրավիճակի կարգավորումից հետո վստահ եմ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արցախյան հարցը շարունակելու է մնալ նույն ընդգրկվածության մեջ: Այսինքն՝ տարբեր առիթներով Թուրքիան փորձելու է այդ հարցն ապակառուցողական մոտեցումների համատեքստում բերել քաղաքական օրակարգ կամ թեժացնել այդ օրակարգում արդեն իսկ գտնվող հարցը»:

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այս պահին Թուրքիայի անկանխատեսելի զարգացումներ դժվար է սպասել՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի քաղաքական դաշտում չկան երկրորդ, երրորդ, չորրորդ խաղացողներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031