Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերասահմանումների ժամանակը

Մարտ 21,2020 14:30

Մարդկային հոգեւոր կեցությունը պարբերաբար փորձել է հասնել, համապատասխանեցվել իր իսկ տեխնոլոգիական մտքին: Այդ վիճակների անցումը միշտ ցնցումներով է եղել: Մարդկությունն այդպիսի մի քանի խոշոր ցնցում է ունեցել. տեխնոլոգիաների առաջընթացիկությամբ պայմանավորված հոգեւորի, վարքականոնի վերակազմավորման խնդիրը տեսնում ենք նույնիսկ «Հին կտակարանում»: Այն նախապատմական ժամանակների նոր տեխնոլոգիան, որը Հակոբին դարձրել էր նստակյաց հողագործ՝ մի մեծագույն ցնցում, խաղի նոր կանոն, նոր բարոյականություն բերեց իր հետ, խախտվեց նախաստեղծ ավագության սկզբունքը՝ կյանքի օրենքը, ու երկվորյակ ավագ եղբայրը՝ Եսավը՝ որսորդը, դուրս մնաց կյանքից: Մեր Մեծ Մհերը հանգիստ գնաց կռվելու ճամփան փակած առյուծի դեմ, երբ իմացավ, որ նա «հեռվից չի ուտում, այլ մոտիկից»: Մինչդեռ երբ փոխվել էր աշխարհը, իսկ Մեծ Մհերի թոռը՝ Փոքր Մհերը, նույնն  էր մնացել, չկարողացավ իր բարոյական կոդեքսի ու արժեհամակարգի անհամատեղելիությունը հաշտեցնել ու ինքնակամ փակվեց քարայրում: Բոլորին հաղթող Քյոռօղլին հեռացավ, ինքնակամ լքեց ասպարեզը այն ժամանակ, երբ անբարոյական համարեց հեռվից կրակող հրացանակրին, մինչդեռ իր պատկերացմամբ՝ տղամարդը միայն սրով ու մոտիկից պիտի կռվեր: Աստվածաշնչյան ջրհեղեղի, Սոդոմի եւ Գոմորի, Եգիպտոսից ելքի պատմությունները նույնպես նոր աշխարհում հին մարդու հարմարվելու ցնցման պատմություններ են ի վերջո:

Նոր ժամանակների հոգեբանական, վարքականոնի, նոր մտածողության ցնցումային անցումները նույնպես մարդկային տեխնիկական մտքի առաջընթացիկությամբ էին պայմանավորված. դրանք կոչվեցին արդյունաբերական հեղափոխություններ: Մարդը պետք է որդեգրեր իր իսկ ստեղծած նոր աշխարհի թելադրանքները, որոնցից ինքն իսկ գլուխ չէր հանում: 18-19-րդ դարագլխի առաջին արդյունաբերական հեղափոխությունը մեքենայացրեց մարդկային աշխատանքի մի զգալի հատված, որի արդյունքում, օրինակ, Անգլիայի բնակչության կեսից ավելին դարձավ քաղաքաբնակ՝ դրանից բխող բոլոր՝ լայն առումով մշակութային հետեւանքներով: Եթե նույնն էր, ասենք, 13 ու 14, 15 ու 16-երերորդ դարերի անգլիացին, ապա միանգամայն տարբեր հոգեբանության, արժեքների, հարաբերությունների կրողներ էին հետարդյունաբերական հեղափոխության շրջանի անգլիացիները՝ միանգամայն անհասկանալի ընդամենը 50 տարի առաջվա իրենց նախնիներին:

Եթե նախկինում այդպիսի ցնցումները, միանգամայն նոր մարդկության ծնունդը տեղի էր ունենում հազարամյակները մեկ, ապա հիմա արագությունները մեծացան: Եվ արդեն 19-20-րդ դարագլխին եղավ երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որը հանգեցրեց մարդկային հոգեւոր ընկալումների նոր ցնցման. եղան երկու համաշխարհային պատերազմներ: Իսկ ի՞նչ էր եղել. մեր այսօրվա պատկերացմամբ՝ հասարակ մի բան՝ արդյունաբերության մեջ էին մտել էլեկտրականությունն ու քիմիան: Բայց նայենք, թե դա իր ետեւից ինչպես էր գլխիվայր փոխել մարդկության մոտեցումները կյանքին, արժեքներին, ինչքան «բզկտվել» էին փիլիսոփայական ու գեղագիտական ուղղությունները, խախտվել էր նախկին անդորրը:

Այս երկու հեղափոխությունները հայերիս արժեհամակարգը շոշափեցին մասնակիորեն, քանի որ մենք, չունենալով պետականություն, ընդամենը կարող էինք տրվել կայսրությունների հուժկու հոսանքի ընթացքին: Մեր կուսակցությունները չէին հասցնում արդյունաբերական հեղափոխությունների մետրոպոլիաների քաղաքական մտքի ետեւից, ուստի օրինաչափորեն պիտի լինեինք տկար ու պատժվեինք չարաչար, երբ այդ նույն հուժկուները ցնցումներով համապատասխանեցվում էին իրենց իսկ առաջադրած նոր աշխարհին: Մեր արվեստը լավագույն դեպքում պետք է ստեղծվեր Թիֆլիսում, Բաքվում ու Պոլսում, որի մասին Տերյանն ասում է, թե ի սկզբանե եղել է «կիսագյուղական ու գավառական»: Մենք լավագույն դեպքում այդ մեծ ճանապարհի մայթեզրի ուղեկիցներ էինք. ասենք, բանվորներ, երբ մեր պապերի Հայրենիքում՝ մինչեւ Կարս երկաթուղի էր կառուցվում: Մենք ընդամենը Գիքոր էինք, որի օրինաչափ մահվան համար ողբում էր Թումանյանը, լավագույն դեպքում՝ Բազազ Արտեմ, որին այդպես էլ չընդունեց Թումանյանը՝ «Մեր հին ադաթից ընկել ենք, զրկվել, /Նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել»:

Ժամանակներն ավելի արագացան, երբ 20-21-րդ դարագլխին իրականություն դարձավ երրորդ արդյունաբերական հեղափոխությունը, որը երբեմն կոչում են թվային հեղափոխություն: Սրա նախաշեմին Միխայիլ Գորբաչովը 1987թ. գրեց «Վերակառուցում եւ նոր մտածողություն մեր երկրի եւ ամբողջ աշխարհի համար»: Թեեւ զարկերակը ճիշտ էր որսված, բայց երրորդ արդյունաբերական հեղափոխության բերած նոր մտածողությունը փլուզեց հենց ԽՍՀՄ-ը, Վարշավյան դաշինքը, ազատագրվեց Արեւելյան Եվրոպան, անկախացավ նաեւ Հայաստանը: Ապստամբ Սուբկոմանդանտե Մարկոսը՝ ինքնաձիգն ուսին, լատինաամերիկյան ջունգլիներից միջազգային բանավեճեր էր վարում փիլիսոփայությունից ու չորրորդ համաշխարհային պատերազմից, իսկ Բեն Լադենը՝ գրոհում աշխարհի ֆինանսական կենտորնի վրա, նրան ոչնչացնոմ են Հակոբի, Մեծ ու Փոքր Մհերների, Քյոռօղլու համար անհաշտելի դրոնների միջոցով տեղորոշում իրականացնելու շնորհիվ: Երրորդ արդյունաբերական՝ թվային հեղափոխության ցանցային կենտրոններից է դառնում Դուբայը, ուր մի քանի տասնամյակ առաջ ընդամենը ցնցոտիավոր ձկնորսներ էին ու երբեմն անցնող-դարձող ուղտերի քարավաններ, իսկ Դետրոյիդը մոտենում է ուրվական քաղաքի կարգավիճակին:

Թվային հեղափոխության շրջանում թուրքերը փորձեցին հարմարվել նեոօսմանիզմ ձեւակերպելով, ռուսները՝ եվրասիականություն շրջանառելով՝ մոռանալով պանսլավոնիզմի տխուր դասերը: Երբ ֆրանսիացիները փորձեցին խոսել ՆԱՏՕ-ից զատ Եվրոպական զորքերի մասին՝ սկսվեց «արաբական գարունը», իսկ որպես վերջաբան՝ Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի տարածման վտանգից օրեր առաջ ցնցումով ելավ ԵՄ-ից, ուր այնպես ինքնամոռաց տենչում ենք մենք: Մեզանում էլ եղան համապատասխանեցվելու փորձեր. սկսեցինք «համաշխարհային ազգից», հասանք «կազմակերպված պետությանը», ապա խոսեցինք «ցանցային Հայաստանի» մասին, «Ռուսաստանի Իսրայել» դառնալու մասին ու առայժմ լռվել ենք «հպարտ քաղաքացու» հանգրվանում:

Ու մինչ մենք այս դեգերումների մեջ ենք, աշխարհը եկել-կանգնել է չորրորդ արդյունաբերական՝ կիբերֆիզիկական համակարգերի հեղափոխության շեմին, որի ցնցումն էլ սկսվել է արդեն:

Ամեն արդյունաբերական հեղափոխության որպես հետեւանք՝ կործանվել են կայսրություններ ու պետություններ, անմրցունակ, իրենց դերակատարումն աշխարհում ու տարածաշրջանում չպատկերացրած, նոր ժամանակներին համապատասխանելու ներուժ չունեցող, հին կարծրատիպերից հրաժարվել չկարողացող ժողովուրդներ են մարգինալացվել ու անհետացել: Ամեն արդյունաբերական հողափոխություն քննություն է ազգերի եւ պետական կազմավորումների համար, ինչպես սառցադաշտային ժամանակաշրջանները կենդանական ու բուսական աշխարհների համար: Միշտ էլ հաջորդ դասարան են փոխադրվել միայն նախորդ դասը լավ սերտածները, ինչպես Տերյանը կասեր՝ «Որքանո՞վ ուշիմ աշակերտ ենք եղել մենք»: Իսկ այստեղ կաշառքով, գեղջկական խորամանկությամբ կամ «սրտի դավթարին» ապավինելով, թղթե կամ երկաթե շերեփով փոխադրվել հնարավոր չէ, քանի որ քննությունը ոչ թե կաշառակեր դասախոսն է ընդունում կամ Բեռլինի կոնգրեսը, այլ մեր իսկ՝ մարդու բանականության ստեղծած, բայց մարդու բանականությունից առաջ անցածը: Եվ այստեղ չկա «մեծ աշխարհի մեր անկյունը», արդեն չկա «Մենք ենք մեր սարերի» «մե՛րը», որքան էլ որ առաջին հայացքից այս օրերին ընթանում է համաշխարհային պարփակման աներեւակայելի մի գործընթաց, երբ նույնիսկ Եվրոպայի ներսում են սահմաններ փակվում. դա ընդամենը չոր ամպրոպն է տեղատարափից առաջ:

Եվ պարտադիր չէ, որ մարդածին պատերազմների ցնցմամբ լինի անցումը, այն կարող է լինել նաեւ ներքին ցնցմամբ, ինչպես, ասենք, ջրասուզակի մոտ, երբ նույնիսկ մի պահ սրտի կանգ է ունենում, երբ մեծ խորությունների տակ գազային թթվածնից անցնում է հեղուկ թթվածնի: Այդպիսի մի քննություն է կորոնավիրուսի մարտահրավերի հաղթահարումը, թեեւ դա էլ պատերազմ է, միայն թե պատերազմական ռազմաճակատի գիծ չունի: Այն անտեսանելի է, անսպասելի եւ ամենուր, ինչպես ահաբեկչությունը կամ Թուլատը՝ Ռոստամի համար, այսինքն՝ ե՛ւ նոր է, ե՛ւ աշխարհի պես հին: Բայցեւ՝ այն հաղթելի է եւ հաղթահարելի, եթե կան գծված առանցքային արժեքները՝ հանուն որի պետք է պայքարել, եթե կան կամքը եւ ապրելու վճռականությունը:

Այդ տեղատարափին պատրաստ լինելու հրամայականի ալգորիթմը, բանաձեւերը հենց այսօր է պետք գտնել: Դրա նախանշանները, բարեբախտաբար, կան: Կորոնավիրուսի մարտահրավերի մասին իր խոսքում նախագահը շեշտադրեց պատասխանատվության եւ կազմակերպվածության, վարչապետը՝ առավել ուժեղացած դուրս գալու վճռականության, Երեւանի քաղաքապետը՝ փոխօգնության արժեքները: Հուսանք՝ կգտնվեն նաեւ մյուս արժեքները, եւ հավանաբար գոնե հիմա կհասկացվի, որ ամեն բան սկսվում է Հոգեւոր անվտանգությունից:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031