Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարտի 31-ին որոշվում է Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը, և ոչ մի արկածախնդրություն չի շեղի ժողովրդին իր իրական հաղթանակից. Վիտալի Բալասանյան

Մարտ 20,2020 23:42

«Առավոտի» հարցազրույցը Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ

–  Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել և այդպես վերաբերվել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և այդ իշխանությանը վստահող ժողովրդին»: Ինչպե՞ս սա կբնութագրեք, թեկնածուներից ո՞ւմ նկատի ունի ՀՀ վարչապետը:

-Ես մեկ անգամ պատասխանել եմ այս հարցին , մեկ անգամ ևս ասեմ՝«թշնամական քարոզչություն» արտահայտությունը ինձ բնավ չեմ վերագրում, այն անհասցե էր հնչել, ասեմ ավելին՝ վստահ եմ, որ այն Արցախում չունի հասցեատեր:

Տարբեր վերլուծաբաններ կարծում են, որ ընտրությունները երկու փուլով կավարտվեն: Ձեր վերլուծություննե՞րն ինչ են ցույց տալիս:

-Անկախ նրանից, թե ով ինչ է ասել, և ում պատվերով է արվել այդ վերլուծությունը, իմ հանդիպումների ընթացքում ես ևս մեկ անգամ համոզվեցի ՝ մեր ժողովուրդը միակամ է և ընտրելու է անվտանգությունն ու արդարությունը, այլ ոչ՝ պոպուլիստական սին խոստումները: Իմիջիայլոց, այդ նույն վերլուծաբանները 2012 թ-ին կանխատեսել էին , որ ես մեկ տոկոսի շեմը չեմ անցնելու՝ 33 անգամով սխալ էին ներկայացրել հանրությանը, կամ պատվերի համաձայն էին վերլուծել (ժպտում է-Ն.Գ.):

– Խոսակցություններ կան, որ վարչական ռեսուրսը կիրառվում է երկու թեկնածուների համար` Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան: Դուք այս առումով ունե՞ք մտահոգություններ:

-Այս թեմայի շուրջ մենք՝ ես և Արցախի «Արդարություն» կուսակցությունը, մի քանի օր առաջ մամլո ասուլիս հրավիրեցինք և խոսեցինք քարոզարշավին զուգահեռ ընթացող արատավոր երևույթների մասին, հայտարարեցինք թեժ գծի ստեղծման մասին և զգուշացրեցինք այդ մեխանիզմները կիրառողներին, որ ոչ մի օրինազանց արարք անպատիժ չի մնալու, և մենք ունենք հավաքագրած փաստեր այդ երևույթների վերաբերյալ, բոլորը պատասխան են տալու մարդկանց վախեցնելու, վարչական ռեսուրս կիրառելու և այլ խախտումների համար: Սակայն մոտենում է ընտրությունների օրը, և ես զգուշացնում եմ , որ ոչ մի ընտրախախտում թույլ չենք տալու: Ես, իմ թիմակիցները, և մեր վստահված անձերը տեր ենք կանգնելու մեր ժողովրդի ձայնին և նրա ազատ կամարտահայությանը: Օրենքի տառին համապատասխան հետևելու ենք ընտրություններին: Հենց մարտի 31-ից սկիզբ ենք դնելու արդարությանն ու օրենքի գերակայությանը:

Դուք հանդես եկաք հայտարարությամբ՝ կապված կորոնավիրուսի վարակի տարածման վտանգի հետ, կոչ անելով՝ Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել: Դա նշանակում է նաև մարտի 31-ին կայանալիք ընտրությունների հետաձգում: Սա խնդիր չի՞ առաջացնի:

-Այսօր աշխարհը խոսում է պատերազմի նման վտանգի մասին, ես չեմ կարող ինձ թույլ տալ լռել: Կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված իրավիճակն ակնհայտորեն ցույց է տալիս մեր անպատրաստությունը այդ վտանգի հետ առերեսվելու։ Այսօր մեր առջև ծառացել է ժողովրդի առողջությանը սպառնացող լուրջ վտանգ: Արցախի իշխանությունը դեռ ընտրում է արտակարգ դրություն չսահմանելու ճանապարհը՝ քաղաքական շահերը վեր դասելով մեր ժողովրդի առողջությունից: Իսկ իմ դիրքորոշումը հետևյալն է՝ որքան շուտ մենք արտակարգ դրություն հայտարարենք, այնքան ավելի շատ կյանքեր կփրկենք: Կրկին կոչ եմ անում` կամավոր պահպանել կարանտինի ռեժիմը: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին՝ ես շարունակում եմ իմ նախընտրական քարոզարշավն առանց ընտրողների հետ զանգվածային հանդիպումների, սակայն շարունակում ենք քարոզարշավը այլ ֆորմատով, չվտանգելով ժողովրդին՝ անհատական հանդիպումների, հեռուստատեսության և ինտերնետի օգնությամբ: Բայց, անկախ ամեն ինչից, ես վստա՛հ եմ ժողովրդի ճիշտ որոշման, արցախցու իմաստության վրա: Մեր ժողովուրդը ցանկացած վտանգի ժամանակ համախմբվում է ու հաղթում , իսկ մարտի 31-ին որոշվում է Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը, և ոչ մի արկածախնդրություն չի շեղի ժողովրդին իր իրական հաղթանակից:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ՀՀ խորհրդարանում կարծիք հայտնեց, որ Արցախում ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում: Սա համարո՞ւմ եք միջամտություն՝ Արցախի ներքին գործերին:

-Ես այդ կարծիքը որպես միջամտություն չեմ դիտարկում, դա իր անձնական կարծիքն  է: Սակայն ինձ այլ հարց է հետաքրքրում ՝ Հայաստանն ու Արցախը իրարից մեկուսացված տարածքներ չեն, գտնվում են անվտանգության նույն համակարգի մեջ, չկա ազատ տեղաշարժի որևէ արգելք, բայց՝ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, սահմանադրության կետի վերաբերյալ հանրաքվեն հետաձգված է, իսկ Արցախում…

Հարցազրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031