Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ես մտա ԱԺ դահլիճ եւ անզգուշությամբ ձեզ վարակեցի՞, ո՞նց եք պատկերացնում». Գեւորգ Պետրոսյանը՝ փոխնախարարին

Մարտ 20,2020 23:10

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ`5 տարվա ազատազրկում է նախատեսում  արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց՝ օրենքի փոփոխությամբ սահմանվում է՝ եթե քաղաքացին դիտավորյալ խախտում է մեկուսացման ռեժիմը, ինչն անզգուշությամբ այլ քաղաքացիներին վարակելու փաստ է առաջացնում, նախատեսվում է կալանք կամ ազատազրկում. «Ես նման բան չեմ պատկերացնում: Այսինքն, ես իմանամ, որ հիվանդ եմ, բայց մտնեմ ձեր մեջ ու ասեմ, թե չգիտեի՞, որ կվարակեմ: Սրա անզգուշությունը ո՞րն է: Եթե անզգուշության մասին է խոսքը, դրա համար կարելի՞ է մարդուն հինգ տարով ազատազրկել: Պատժի նպատակի ամրագրումը սրանով չի խախտվո՞ւմ: Հիմա ես մտա ԱԺ դահլիճ եւ անզգուշությամբ ձեզ վարակեցի՞, ո՞նց եք պատկերացնում»:

Օրինագծերի զեկուցող, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն այնքան էլ համաձայն չէր. «Անզգուշություն, իհարկե, կարող է դրսեւորվել, որովհետեւ անձը մեկուսացման պահանջը չի խախտում՝ ուրիշներին վարակելու համար: Խախտում է, եւ իր կամքից անկախ հանգամանքներում մարդիկ վարակվում են: Դա իսկապես հանրորեն վտանգավոր արարք է, երբ քաղաքացին, չունենալով սոցիալական պատասխանատվություն, խախտում է մեկուսացման ռեժիմը եւ զանգվածաբար վարակում մարդկանց: Իսկ պատիժը սոցիալական արդարության վերականգնման համար է, այն կանխում է հանցագործության կատարումը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ այսպիսի օրինակով արձագանքեց՝ մարդը կարող է վարակելու դիտավորություն չունենալ, բայց խախտել մեկուսացման ռեժիմը, դուրս գալ բակ ու անզգուշորեն վարակել հանդիպած հարեւանին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն: Նշյալ օրենսդրական փաթեթը քննարկվում է առաջին ընթերցմամբ, երկուշաբթի տեղի կունենա երկրորդ եւ ամբողջական ընթերցումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031