Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ`5 տարվա ազատազրկում է նախատեսում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար:
«Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ այն փաստին, որ արտակարգ դրության ժամանակ խուճապ տարածող տեղեկատվության արգելքը վերաբերում է նաեւ ԶԼՄ-ներին: «Եթե ԱԺ պատգամավորը հայտարարում է, որ կորոնավիրուսը ժամ-ժամ տարածվում է, եւ 13 ԶԼՄ-ներ դնում են «կորոնավիրուսը ժամ–ժամ ավելանում է. պատգամավոր» վերնագիրը, խուճապն ավելանո՞ւմ է, թե ոչ: Կարծում եմ՝ այո: Երբ իմ ընդդիմադիր գործընկերը «ստատուս» է գրում, իսկ կայքերը տարածում են… այսինքն, երբ խուճապի մասին ենք խոսում, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ նկատի ունենք»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցադրումներին, թե ինչու են ԶԼՄ-ներին արգելում կորոնավիրուսի հետ կապված այլ երկրներից ստացված տեղեկատվություն հրապարակել, Գաբրիելյանն ասաց. «Իմ համոզմամբ՝ կորոնավիրուսը բոլոր երկրներում նույն բանաձեւն ունի: Եթե գրում եք, որ այսինչ երկրում կեսգիշերից հետո մարդիկ կորոնավիրուսից «գայլ» են դառնում, դա խուճապ է առաջացնում: Ուստի սահմանափակումը սրա համար է: Նույն հաջողությամբ՝ այլ երկրի խորհրդարանի պատգամավորը կարող է հայտարարել, թե Հայաստանում թվերը խաբում են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն: Նշյալ օրենսդրական փաթեթը քննարկվում է առաջին ընթերցմամբ, երկուշաբթի տեղի կունենա երկրորդ եւ ամբողջական ընթերցումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ