Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքն արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին
Երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրում բազմաթիվ քաղաքացիներ այն մասին, որ չեն ապահովվում իրենց աշխատանքային իրավունքները։
Մասնավորապես, քաղաքացիներից ոմանք նշում են, որ գործատուն իրենց պարտավորեցնում է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները։ Բողոքների մյուս մասի դեպքում քաղաքացիները պնդում են գործատուների հորդորների կամ սպառնալիքների մասին առ այն, որ փաստացի հարկադիր պարապուրդի մատնված աշխատողները ներկայացնեն վճարվող և/կամ չվճարվող արձակուրդի դիմում՝ հակառակ դեպքում պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։ Ըստ քաղաքացիների՝ երբեմն էլ գործատուները համարում են, որ պարապուրդն առաջացել է անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով, որպեսզի չվճարեն աշխատողներին։
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառելի իրավական հիմնական պահանջները՝ արձանագրում ենք՝
Կարդացեք նաև
• գործատուն պարտավոր է առաջնահերթ ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ՝ աշխատողին տալով աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորություն աշխատավարձի պահպանմամբ,
• վերոնշյալը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը.
• չվճարվող կամ վճարվող արձակուրդը տրամադրվում է աշխատողի պահանջով կամ համաձայնությամբ.
• ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողը վճարվում է օրենսդրությամբ նախատեսված չափով աշխատավարձ.
• ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողին կարող է առաջարկվել իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող և առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանք.
• պարապուրդի ժամանակ աշխատողին ավելի ցածր աշխատավարձով, բայց իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող ու առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանքի փոխադրելիս անհրաժեշտ է նրա համաձայնությունը.
• եթե հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին վերը նշված աշխատանքը չի առաջարկվում, գործատուն պարտավոր է աշխատողին վճարել օրենսդրությամբ սահմանված չափով աշխատավարձ.
• գործատուն պարտավոր չէ վճարել աշխատավարձ միայն աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար։
Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ աշխատանքային վեճերի լուծման արտադատական մարմին Հայաստանում առկա չէ, իսկ աշխատանքային վեճերը մեր երկրի օրենսդրությամբ ենթակա են լուծման դատական կարգով։
Գործատուները պարտավոր են զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին