«Զանգվածային հիվանդացումը ո՞րն է: Նպատակը լավն է, բայց պետք է ճիշտ միջոցներով արվի, որպեսզի հետագայում դա չուղղվի պետության, կառավարության դեմ, դրա իրավական որոշակիության պակասից չշահեն այն մարդիկ, ովքեր խաղան դրա վրա»,- այսօր ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում արտահերթ հատուկ նիստ է հրավիրվել՝ քննարկելու կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Այն նախատեսում է, որ եթե անձը ինքնամեկուսացման պահանջները խախտեց, նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով կտուգանվի: Եթե ֆիզիկական անձինք տեղեկություններ հրապարակեն, որոնք խուճապ կառաջացնեն, ըստ իրենց գնահատման, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 300-ապատիկի չափով: Քրեական օրենսգրքում էլ նախատեսում են, որ արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում կոնկրետ օրինակներ բերեց. «Դերասան Իդրիս Էլբան չի բացառել, որ ինքը կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից: Սա լուր է, որը մեր պարետատան պահանջով հանվել է մեր մամուլից: Վարչապետն այս ամբիոնից ասել է, որ արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության կարգավորումը որեւէ քննադատության չի վերաբերում, վերաբերվում է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ լուրերին: Հիմա փոխնախարարն ասում է՝ պարետատունը կասի՝ ինչ է նշանակում ինքնամեկուսանալ, կասի՝ ինչ է նշանակում կարանտինի մեջ գտնվող մարդ: Մենք օրենք ենք ընդունում՝ մինչեւ 5 տարի ազատազրկման սանկցիայով ու չենք կարող նման հարցերի տեղ տալ: Ես էլ հարց տամ՝ եթե մարդը միայնակ է բնակվում ու ցուցում կա ինքնամեկուսանալու՝ ո՞վ է հաց առնելու նրա համար, ոստիկանությունը հա՞ց է առնելու այդ մարդուն տա, որ չբռնեն ինքնամեկուսացման համար տուգանեն: Բազմաթիվ հարցեր կան, որոշակիություն չունեն: Ի՞նչ է նշանակում զանգվածային հիվանդացնել, քանի՞ հոգու մասին է խոսքը գնում: Որեւէ կերպ այս օրենքը չպետք է դառնա մահանա՝ տարատեսակ մամուլի միջոցներից տարատեսակ նյութեր հանելու համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ