Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարար. «Առայժմ գումար չենք փոխանցել, առաջիկայում դա կարվի»

Մարտ 20,2020 22:34

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքվեց՝ արդյոք ինքը եւ փոխնախարարները այլ պաշտոնյաների օրինակով գումար փոխանցե՞լ են գանձապետական հաշվին, որը ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նաեւ հետաքրքրվեցինք՝ եթե 10 միավորանոց սանդղակով գնահատելու լինեն իրենց աշխատանքը, քանի միավոր կնշանակեն:

Փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, որ ավելի հետաքրքիր հարց էր սպասում, ապա հավելեց. «Կարծում եմ, որ սա այդքան էլ հանրային քննարկման նյութ չէ, եթե փոխանցել ենք, գլուխ գովելու բան չէ, եթե չենք փոխանցել, դա էլ յուրաքանչյուրի իրավունքն է»:

Ինչ վերաբերում է գնահատականին, այս մասին էլ ասաց. «Մենք առավոտից երեկո նախարարությունում ենք եւ փորձում ենք կատարել բոլոր այն հանձնարարականները, որոնք մեզ տրվում են, բայց շատ ուրախ եմ, որ մեր բոլոր ձգտումները միանգամայն համահունչ են հանրային ձգտումներին եւ սպասելիքներին… Եթե մենք մեզ ենք գնահատում, ըստ էության, գնահատում ենք մեր համագործակցությունը հանրության հետ, որը բարձր եմ գնահատում»:

Փոխնախարար Նարինե Խաչատուրյանը գնահատական տվեց ՊՈԱԿ-ներին, մասնավորապես՝ գրադարաններին ու թանգարաններին, նաեւ շնորհակալություն հայտնեց ինքնակազմակերպվելու, չտրտնջալու, մեծ եռանդ ցուցաբերելու եւ նախարարությանն իրենց նոր գաղափարներով «հոգնեցնելու» համար:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ այսպես պատասխանեց. «Տվյալ ժամանակահատվածում արված աշխատանքը եւ բարեփոխումները կարելի է գնահատել տեւական ժամանակ անց, որովհետեւ դրանք երկարաժամկետ բարեփոխումներ են, այդ փոփոխություններն անմիջապես ազդեցություններ չեն ունենում: Թեպետ արդեն ունենք արդյունքներ եւ լավ ծրագրեր, բայց որոշ ժամանակ անց կարելի է կրթության եւ մշակույթի ոլորտում արված աշխատանքը գնահատել»:

Ինչ վերաբերում է գանձապետական հաշվին կատարված փոխանցումներին, նախարարն ասաց. «Առայժմ փոխանցում չենք կատարել, այսօր էլ քննարկում էի այդ հնարավորությունը գործընկերների հետ, որպեսզի առաջիկայում դա արվի»:

Նախարարն, ի թիվս այլնի, անդրադարձավ ուսման վարձերի հետաձգմանը վերաբերող հարցին, ասաց, որ իր տեղեկություններով, որոշ բուհեր ընդառաջել են ուսանողներին:

Քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցների վարձատրման մասին էլ հարց հնչեց: Նախարարը պատասխանեց, որ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ները կվարձատրվեն, իսկ քաղաքապետարանի ենթակայության տակ եղած ՊՈԱԿ-ների վարձատրվելու մասին դեռ չի խոսել քաղաքապետի հետ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031