Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողները միայն մոտ հարազատների հուղարկավորությանն ու տոնակատարությանը կարող են մասնակցել

Մարտ 20,2020 22:28

Եղե՞լ են զինվորներ, որոնք կորոնավիրուսի թեսթ են հանձնել առողջական խնդիրների պատճառով: Այսօր լրագրողների  այս հարցին ի պատասխան, Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն ասաց. «Կարող էին լինել այդպիսի  դեպքեր, բայց այսօրվա ժամը 19-ի դրությամբ որեւէ նման դեպք չունենք»: Պարոն Օհանյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում պատասխանեց լրագրողների հարցերին եւ ներկայացրեց ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում Զիված ուժերում կորոնովիրուսի մուտքը բացառելու համար:

Նրա խոսքով՝ Զինված ուժերն այն կառույցն է, որն ունի երկու կարգի ծառայություն՝ ժամկետային, որոնց հնարավոր  է պահել շատ խիստ պայմաններում, եւ այլ կատեգորիայի՝ սպաներ, ենթասպաներ, պայմանագրային զինծառայողներ, որոնք առավոտյան  գալիս են ծառայության եւ երեկոյան գնում են տուն. «Նրանց հորդորել ենք շփումները բնակչության հետ հնարավորինես դադարեցնել, չմասնակցել մարդաշատ միջոցառումների»:

Կանխարգելիչ միջոցառումների նպատակով, այդ անձանց, երբ  առավոտյան ժամանում են զորամաս, հսկիչ անցագրային կետում կատարում են ջերմաչափում, իսկ ջերմություն արձանագրելու դեպքում բժշկական ծառայությունը միանգամից մեկուսացնում է եւ հետազոտություներ են կատարվում:

Վարչության պետն ասաց, որ մեկ ամսվա ընթացքում ջերմող զինծառայողները այլ հիվանդությունների պատճառով են ջերմել. «Մենք շատ խիստ ենք ամեն ինչին վերաբերում, շատ խիստ վերահսկում ենք եւ յուրաքանչյուր ահազանգի դեպքում, բացահայտման դեպքում պատրաստ ենք շատ արագ կատարել մեր առջեւ դրած խնդիրները»:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ Արցախից զինծառայողներ են տեղափոխվել Երեւան՝ առողջական գանգատներով, պարոն Օհանյանն ի պատասխան ասաց, որ լինում են դեպքեր, երբ հետազոտությունը դժվարամատչելի է, որը Արցախում չեն կարողանում կատարել եւ որոշում է կայացվում նման զինծառյողներին տեղափոխել Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ անհրաժեշտ հետազոտությունների եւ բժշկական օգնություն տրամադրելու համար:

Ինչ վերաբերում է այս օրերին կատարվող կանխարգելիչ միջոցառումներին, ապա Սահակ Օհանյանն ասաց, որ արգելել են զորամասերում ժամկետային զինծառայողների արձակուրդների տրամադրումը, ներառյալ՝ վերականգնողական արձակուրդները: Օրենքով սահմանված արձակուրդի մեկ տեսակ է միայն թույլատրվել, որը նախատեսում էր մերձավորի մահվան կամ հարսանիքի առիթով: Ըստ վարչության պետի, հետագայում օրենքի այդ կետն էլ խստացվել է.  «Միայն քրոջ, եղբոր, հոր, մոր տոնակատարության կամ թաղման արարողությանն են մասնակցելու»:

Սահակ Օհանյանը նաեւ հայտնեց, որ վերահսկողության տակ են վերցվել ՀՀ տարածքից դուրս գտնվող զինծառայողները, որոնք ուսուցում էին անցնում արտերկրում. «Վերադառնալուց հետո նրանք հաշվառվել են եւ ամենօրյա մոնիտորինգի միջոցով իրազեկվում ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031