Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որեւէ համայնքում անձին ինքնամեկուսացման ցուցում է եղել, ուրիշ համայնք գնա՝ կտուգանվի. Արարատ Միրզոյանը պարզաբանում է ուզում՝ ո՞րն է ինքնամեկուսացման պահանջը

Մարտ 20,2020 22:20

ԱԺ-ում արտահերթ հատուկ նիստ է հրավիրվել՝ քննարկելու կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Այն նախատեսում է, որ եթե անձը ինքնամեկուսացման պահանջները խախտեց, նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով կտուգանվի: Եթե ֆիզիկական անձինք տեղեկություններ հրապարակեն, որոնք խուճապ կառաջացնեն, ըստ իրենց գնահատման, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 300-ապատիկի չափով: Քրեական օրենսգրքում էլ նախատեսում են, որ արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարցրեց. «Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա ինքնամեկուսացման պահանջը, արդյոք հորդորը՝ ով ջերմություն ունի՝ ինքնամեկուսանա, այդպիսի պահա՞նջ է: Տարընթերցումների տեղիք պետք է չլինի»:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պատասխանեց, որ ինքնամեկուսացման պահանջը իրավասու մարմնի կողմից պետք է լինի, պետք է ռեժիմ լինի տնից դուրս չգալը. «Եթե որեւէ համայնքում անձին ինքնամեկուսացման ցուցում է եղել, ռեժիմ է սահմանված, այդ ռեժիմը խախտելու դեպքում, եթե մարդիկ իրենց բնակության կամ ինքնամեկուսացման վայրը փոխեն, կենթարկվեն պատասխանատվության: Նպատակն է համաճարակը կանխելը, ոչ թե համատարած մեր քաղաքացիներին տուգանելը, պատժելը»:

Արարատ Միրզոյանը հարցրեց՝ գրավո՞ր պիտի լինի ինքնամեկուսացման պահանջը, պարետը ինքնամեկուսացման որոշո՞ւմ է կայացնում՝ փոխնախարարը պատասխանեց, որ մանրամասները պարետը կսահմանի՝ ցուցմամբ: Այս պահին դրանք սահմանված չեն. «Ըստ անհրաժեշտության՝ դրանք պարետի որոշմամբ կարող են լինել՝ մանրամասնությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031