Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանք, կալանք եւ ազատազրկում՝ ինքնամեկուսացումը խախտողներին. ԱԺ-ն հրատապ ռեժիմով քննարկում է օրենսդրական փաթեթը

Մարտ 20,2020 22:11

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ է նախատեսում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար:

Ինչպես հայտարարեց նախագծի զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, նախատեսվում են հետեւյալ կարգավորումները.

-Արտակարգ դրության պայմաններում մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջը խախտելը կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ից մինչեւ 500-ապատիկի չափով:

-Արտակարգ դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման եւ տարածման սահմանափակումը խախտելը կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ից 300-ապատիկի չափով:

Քրեական օրենսգրքում լրացումն էլ հետեւյալ տեսքն ունի.

-Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պայմանները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ քաղաքացիների շրջանում վարակի տարածում, ենթադրում է կալանք՝ մինչեւ երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց՝ հինգ տարվա ազատազրկումը ո՞ր դեպքերին է վերաբերում եւ արդյոք արդարացվա՞ծ է: Վահե Դանիելյանը պատասխանեց՝ վարույթն իրականացնող մարմինը, իսկ հետագայում՝ դատարանը, պետք է գնահատեն, թե ինչ ծավալի հիվանդացություն է եղել, այսինքն, թե քաղաքացին ինչ ծավալի հետեւանքներ է առաջացրել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն: Նշյալ օրենսդրական փաթեթը քննարկվում է առաջին ընթերցմամբ, երկուշաբթի տեղի կունենա երկրորդ եւ ամբողջական ընթերցումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031