Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է անում՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար հրատապության ռեժիմով կառավարության բերած՝ ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը վարչական եւ քրեական պատիժ է նախատեսում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման ռեժիմը խախտող քաղաքացիների համար: Արտակարգ դրության ժամանակ տեղեկություններ տարածելու սահմանափակումը խախտելը եւս տուգանք է առաջացնում:
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն այս առնչությամբ հետաքրքրվեց՝ եթե որեւէ օգտատեր սոցցանցում տեղեկություն է գրում, մյուսն էլ տարածում է այն, ո՞վ է պատժվում, կամ՝ ո՞րն է համարվում տեղեկության սահմանափակում: Օրենսդրական փաթեթի զեկուցող, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պատասխանեց՝ արտակարգ դրությամբ սահմանված է, թե որ տեղեկատվությունն է արգելված, այդ թվում՝ խուճապ առաջացնող երեւույթները. «Ակնհայտ խուճապ եւ իրական վտանգ առաջացնող տեղեկությունների տարածման դեպքում անձինք կենթարկվեն պատասխանատվության: Արտակարգ իրավիճակներում կարեւոր է խուճապ չստեղծելը»:
Ապա Դանիելյանը ներկայացրեց, թե որ տեղեկատվությունն իրավունք չունեն տարածել քաղաքացիները՝ վիրուսի նոր դեպքեր, վարակվածների շրջանակ, թիվ. «Համաձայն եմ, որ խուճապ առաջացնող տեղեկատվությունը սպառիչ ցանկ չունի: Եթե ԶԼՄ-ները եւ քաղաքացիները մտավախություն ունեն, թե որ տեղեկությունն է խուճապ հարուցող, իսկ որը՝ ոչ, կարող են դիմել խորհրդատվության՝ պարետին: Խուճապն ընդհանուր եւ հասկանալի իրավիճակ է: Եթե պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող մահվան դեպքեր նշվեն, պարզ է, որ դրանք խուճապահարույց են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն: Նշյալ օրենսդրական փաթեթը քննարկվում է առաջին ընթերցմամբ, երկուշաբթի տեղի կունենա երկրորդ եւ ամբողջական ընթերցումը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ