ԱԺ-ում արտահերթ հատուկ նիստ է հրավիրվել՝ քննարկելու կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Այն նախատեսում է, որ եթե անձը ինքնամեկուսացման պահանջները խախտեց, նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով կտուգանվի: Եթե ֆիզիկական անձինք տեղեկություններ հրապարակեն, որոնք խուճապ կառաջացնեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 300-ապատիկի չափով: Քրեական օրենսգրքում էլ նախատեսում են, որ արտակարգ դրության ժամանակ ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչեւ 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հարցրեց. «Նշված է մարդկանց զանգվածային հիվանդացում, ի՞նչ է դա նշանակում, ո՞ր մարմիններն են իրականացնելու վարչական վարույթը՝ քաղաքապետարանի համապատասխան մարմի՞նը, ոստիկանությո՞ւնը, պատիժները խիստ են ու այլընտրանք չեք ներկայացնում: Սա միայն արտակա՞րգ դրության ժամանակ է կիրառվելու, պետք է այնպես ձեւակերպենք, որ միայն կորոնավիրուսի համար չի սա»:
Փոխնախարարը պատասխանեց, որ սանիտարահամաճարակային կանոները խախտելու հոդված էլ կա, որը նմանատիպ հոդված ունի, այս դրույթները գնահատման ենթակա են. «Առանձին դրույթներ ինքնավար նշանակություն ունեն ու դատաիրավական պրակտիկայում են դրանց բովանդակությունը ճշգրտվում, ամեն անգամ պետք է գնահատել: Վարչական իրավասու մարմինը ոստիկանությունն է սահմանված»: Այն դրույթը, որ եթե ֆիզիկական անձինք տեղեկություններ հրապարակեն, որոնք սահմանված կանոնները կխախտեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 300-ապատիկի չափով, ըստ պարոն Մարուքյանի, պետք է վերանայվեն: Նա հիշեցրեց. «Վարչապետը, երբ այստեղ ներկայացնում էր, ասաց, որ խոսքը չի վերաբորւմ քննադատությանը, այլ միայն կեղծ տեղեկություններ հրապարակելուն: Մենք տեսնում ենք, որ պարետատունը սահմանափակումներ է մտցնում՝ խուճապը տարբեր ձեւերով մեկնաբանմանը: Ասում են՝ ձեր գրառումը խուճապ է առաջացնում, ձեր այսինչ մեկնաբանությունը խուճապ է առաջացնում, պարտադրում են մարդկանց հեռացնել, հիմա տուգանելու են մարդկանց: Սա պրոբլեմ է ու ես միանում եմ խմբագիրների հայտարարությանը, որ սա ոչ իրավաչափ սահմանափակում է մտցնում մամուլի գործունեության առումով: Հիմա, եթե պարետատունը այդ ձեւով է աշխատելու, շատ մտահոգիչ է»:
Դանիելյանը պատասխանեց, որ դա միայն պարետատան որոշումը չէ, արտակարգ դրություն հայտարարելու որոշման հավելվածով էլ է սահմանված: Փոխնախարարը օրինակ բերեց. «Երբ հայտարարվում է, որ ՀՀ-ում պարենը բավարար չէ, մի քանի օրից կարող է սով լինել, ու մարդիկ համատարած սկսում են գնալ սուպերմարկետներ, այդ խուճապը շատ ավելի վատ կարող է լինել, քան ոչ պաշտոնապես հաստատված կորոնավիրուսի թիվ հնչեցնելը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ