Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկուշաբթի ուշ կլինի», «600-ից ավելի մեկուսացվածներ կան». ԱԺ-ն արտահերթ նիստ է անում

Մարտ 20,2020 21:49

Կառավարության նախաձեռնությամբ այսօր 20:45-ից գումարվեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում մեկ հարց է ընդգրկված՝ ՀՀ քրեական եւ  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որը պետք է քվեարկության դրվի առաջին, հաջորդիվ՝ երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց՝ առաջարկվող լրացումները բխում են ՀՀ-ում հաստատված արտակարգ դրության ռեժիմից. «Հիմա մարդիկ մեկուսացվում են եւ ինքնամեկուսացվում, որպեսզի համաճարակի հետեւանքները նվազագույնի հասնեն: Բայց ոչ բոլոր քաղաքացիներն են հոժարակամ մեկուսացվում: Մոտ 600 մեկուսացված անձ ունենք: Համաճարակի կանխմամբ է պայմանավորված այս հրատապությունը, հանգստյան օրեր են լինելու»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդհատեց ելույթը՝ նախ մատնանշելով, որ հիմա երկրորդ ընթերցում անելու իրավունք չունեն, միաժամանակ՝ շաբաթ օրը նիստ անելու իրավունք էլ չկա. «Տեխնիկապես հնարավոր չէ այսօր եւ վաղը երկրորդ ընթերցում անել»: Վահե Դանիելյանն արձագանքեց, որ ավելի շուտ պետք է նախաձեռնեին, բայց հնարավորություն չկար. «Եթե ժամկետներում չենք տեղավորվում, ուրեմն՝ երկուշաբթի»: Ըստ այդմ, Արարատ Մկրզոյանը հայտարարեց, որ հիմա օրենսդրական փաթեթը քննարկում են առաջին ընթերցմամբ, իսկ երկուշաբթի տեղի կունենա երկրորդ ընթերցումը:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց՝ նախարար Ռուստամ Բադասյանն ո՞ւր է: Վահե Դանիելյանը պատասխանեց՝ քանի որ հրատապության հիմքով է բերվել օրենսդրական փաթեթը, նպատակահարմար են գտնել, որ փոխնախարարը ներկայացնի: Մարուքյանը չհամաձայնեց. «Հարգում ենք ձեզ, բայց հրատապ հավաքվել է խորհրդարանը, իսկ նախարարը չկա: Լավ կլինի, որ առանց նրա սկսենք, իսկ ինքն ընթացքում գա: Հարցեր կլինեն»: Փոխնախարարը վստահեցրեց, որ բոլոր հարցերը կարող են իրեն հղել:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երկուշաբթին ուշ է, մեկուսացվածների հանդեպ հարկադրանքի միջոցներ պետք է ձեռնարկվեն: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտավախության հետ համաձայնեց, բայց շեշտեց, որ քաղաքացիների իրավունքների սահմանափակման հետ գործ ունեն: ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն էլ կոչ արեց օրենսդրական փոփոխության մեջ խոցելի կետեր չթողնել, այլապես կարեւոր չի լինի՝ երկուշաբթի՞ կընդունեն, թե ոչ: «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց, որ վարչական եւ քրեական պատասխանատվություն սահմանող օրենսդրական փաթեթի հետ գործ ունեն, բայց պետք է հաշվի առնել ԱԺ կանոնակարգ օրենքի սահմանափակումները, ուստի պետք է մնալ օրենքի տիրույթում:

Ապա խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց, որպեսզի երկրորդ ընթերցումը կազմակերպվի երկուշաբթի 11-ին: Սպասվելիք փոփոխությունների մասին մանրամասն՝ առաջիկայում: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ-ում հայտարարված է արտակարգ դրություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031