Լրագրող Մարինե Խառատյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառումը ոստիկանությունը պահանջել է հեռացնել: Լրագրողն էլ հեռացրել է:
Խառատյանն այսօր կեսօրին գրառում էր կատարել՝ «Մարդկանց ջերմությունով գործի են կանչում» խորագրով, որում պատմել էր վերջերս Երեւանի խոշոր արտադրամասերից մեկում կորոնավիրուսի վարակի հավանականության մասին:
Մարինե Խառատյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ սկզբում ոստիկանությունից զանգել են, խնդրել հեռացնել գրառումը. «Ես պատասխանեցի, որ ինձ դիմել են օգնության համար, ո՞նց հեռացնեմ: Ասացին՝ եթե չհեռացնես՝ վարչական պատասխանատվության կենթարկենք: Ես սկզբում ասացի՝ կմտածեմ: Մի քանի ժամից ոստիկանները եկան մեր տուն, ասացին՝ պարետի անունից խնդրում ենք հեռացնել գրառումը, ցույց տվեցին արտակարգ դրության մասին որոշումը: Հարցրեցի՝ իսկ եթե չհեռացնե՞մ: Ասացին՝ չենք գնա, մինչեւ չհեռացնեք: Ոստիկանները նստել ու սպասում էին, հետո զանգեցին իրենց ղեկավարին ճշտելու՝ հեռացրել եմ, թե՝ ոչ, նա էլ ասել էր՝ նոր բան է գրել: Ասացի՝ բայց դա խուճապային չէ»:
Արտակարգ դրության մասին որոշմամբ զանգվածային լրատվամիջոցներին արգելվում է՝ ՀՀ-ում, ինչպես նաեւ ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց եւ մեկուսացվածների քանակի, ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով»:
Կարդացեք նաև
Խառատյանը վստահեցրեց՝ քանի որ սահմանափակման պատճառով մամուլում չէր կարող այս խնդրի մասին գրել, ստիպված ֆեյսբուքում է գրել, իսկ եթե կառավարության այս սահմանափակումը չլիներ՝ մամուլում այլ կերպ գրել՝ կողմերի պարզաբանումը եւս կգրեր. «Ես հետամուտ կլինեի խնդրին, կպարզեի՝ որքանո՞վ է ճիշտ տեղեկատվությունը, տարբեր կողմերին կլսեի: Ես կարծում եմ՝ մարդու իրավունքի խախտում է եղել, որովհետեւ ինձ դիմել են աշխատանքային եւ առողջական իրավունքի խախտման մասին եւ չեմ կարողացել մամուլում գրել: Մարդն ունի առողջության իրավունք, որն ավելի բարձր է, քան բիզնես շահը: Մարդն ունի վախենալու իրավունք, այդ մարդիկ վախենում են իրենց ծնողների, երեխաների համար, իրենց ասում են՝ եթե չգաս՝ գործից կհանենք: Բա լրագրողն ու մամուլն ինչպե՞ս պաշտպանի քաղաքացուն, մամուլի դերը նվազագույնի է հասցված այս սահմանափակումով, լրագրողի գործն ինչ-որ տեղ իմաստազրկվում է: Ի դեպ, այդ արտադրամասի ղեկավարն ինձ զանգել, ասում էր՝ մենք կարանտինի կարիք չունենք, մեզ մոտ վախեցողներ չկան: Բայց ամբողջ երկրում արտակարգ դրություն է, բոլորին կոչ են անում ինքնամեկուսանալ… Նույն ղեկավարն ինձ ասում էր՝ մենք տարածքն ախտահանել ենք, տարբեր մուտքեր ունենք, ջերմող հիվանդ չունենք: Իսկ ինձ ահազանգողն ասում էր՝ երեկ հարեւան բաժնից ջերմող աշխատողներ ունեինք»:
Լրագրողը վստահեցնում է՝ մեկ այլ տեղեկություն էլ ունի, նմանատիպ ահազանգ է: Խառատյանն այս լուրն էլ սոցիալական ցանցում հրապարակելու է. «Մի ճշտում պետք է անեմ, որից հետո գրառում կկատարեմ: Եթե ահազանգեր ստանամ՝ շարունակելու եմ գրել, եթե մարդիկ ինձ են դիմում, օգնություն են խնդրում, ի՞նչ անեմ, պետք է գրեմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ