ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր կայացած ասուլիսում շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողներին՝ հեռավար կրթության գործընթացում ոգեւորությամբ ներգրավվելու համար: Ասաց, որ պարետի որոշմամբ այս օրերին արգելված է հանրային միջոցառումների անցկացումը, քսան եւ ավելի անձանց մասնակցությամբ՝ ցուցահանդեսները, ներկայացումները եւ այլ միջոցառումներ:
Ինչ վերաբերում է իրենց ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին, դրանք «եկել» են վիրտուալ դաշտ, եւ արդեն որոշակի արդյունքներ կան: «Ինչպես հեռավար կրթության դեպքում է, այնպես էլ թատրոնների, թանգարանների դեպքում, շատերն իրենք են առաջարկներով հանդես եկել եւ դրանք իրականացնում են»,-ասաց նախարարը: Հավելեց, որ տասնյակ հազարավոր դիտումներ կան:
«Հերթական անգամ այս իրավիճակով փաստում ենք, որ կրթության, արվեստի նկատմամբ լավ որակի բովանդակության պահանջ կա»,-փաստեց Արայիկ Հարությունյանը:
Փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ թանգարանները եւ գրադարաններն ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին, եւ բոլորը հետաքրքիր ծրագրեր են ներկայացնում՝ թե իրենց ֆեյսբուքյան էջերով, թե կայքերով; Ասաց, որ ստեղծվել է ընդհանրական հարթակ, որտեղ բոլորը կարող են հանդես գալ, ու որոշ հեշթեգեր են օգտագործում՝ ինչպես «տանը մնա», «թանգարանը կգա տուն» եւ այլն:
Կարդացեք նաև
Հավելեց, որ թե՛ տարիքային եւ թե՛ սոցիալական տարբեր խմբերի համար հատուկ ծրագրեր են մշակվում, վիրտուալ թանգարաններն ու գրադարանները բազմազան նախաձեռնություններով են գալիս: Նշվեց, որ Մոնթե Մելքոնյան վարժարանում մեկուսացածների համար եւս հետաքրքիր ծրագիր են մշակել, որի վերաբերյալ առայժմ «փակագծեր» չբացեց:
Փոխնախարար Արա Խզմալյանն էլ, ի թիվս այլնի, խոսեց «Դասարան պլյուս դասական» նախագծից, որն արդեն վերափոխվում է առցանց ձեւաչափի, նշեց, որ կա նաեւ «Քո սերնդակիցը» նախագիծը, որի նպատակն է պատանիներին ծանոթացնել իրենց սերնդակից շնորհալի երաժիշտ կատարողներին: Դա կիրականացվի մեկ տասնյակի չափ տեսահոլովակների միջոցով:
Խզմալյանն ասաց, որ նոր ծրագրով հանդես կգա «ԴասԱ» նախագիծը, որը կունենա բջջային հավելված, բացի դրանից Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ քննարկել են թվային տիրույթում մշակութային ժամանցի հետ կապված այլ նախագծեր: Առաջին ալիքի հետ էլ իրականացվում է «Չտեսնված կինո» նախագիծը: Փոխնախարարը հայտնեց, որ ութսունից ավելի հայկական մուլտֆիլմեր կցուցադրվեն եւ զրույցներ կկազմակերպվեն կինոկենտրոնի եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ իրականացվող այս նախագծի շրջանակում:
«Մշակութային կորոնադադար» նախագծին էլ անդրադարձ եղավ: Պարզվում է՝ նախարարի ուղեկցությամբ շրջայցեր կլինեն մշակութային օջախների այն հատվածներում, որոնք բոլորին հասանելի չեն: Համազգայհն թատրոնն էլ սկսում է առակների ընթերցանություն, որից հետո արտիստները քննարկումներ են կազմակերպելու:
Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ սա հնարավորություն է՝ որակյալ վիտուալ բովանդակություն ստեղծելու համար: «Այս ամիսն օգտագործելու ենք մշակութային հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար, որպեսզի դադարից հետո մեր հայրենակիցները գրոհեն այս հաստատություններ»: Ասաց նաեւ, որ պատրաստվում է իր սիրած ստեղծագործությունների ընթերցմամբ զբաղվել՝ երեխաների համար, հույս ունի, որ այլ արվեստագետները եւս կմիանան այս նախաձեռնությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ