Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսն ու մարդասիրությունը․ ինչպես չեղարկված չվերթների պայմաններում աղջիկը Թուրքիայից վերադարձավ Հայաստան

Մարտ 20,2020 20:59

Ինչպես տեղեկացրել ենք , կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ չեղարկված չվերթների պատճառով կրթական ու փոխանակման ծրագրերով արտերկիր մեկնած երկու հայ երիտասարդներ դժվարություններ էին ունեցել հայրենիք վերադառնալու։ Նրանց հետադարձը, իհարկե, հնարավորինս արագ կազմակերպվել էր։

Այսօր Aravot.am-ի հետ կապ հաստատեց նրանցից մեկը՝ կրթական ծրագրով Թուրքիա մեկնած աղջիկը (անուն-ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով)՝ իր շնորհակալությունը հայտնելով բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք հնարավորինս արագ կազմակերպել էին իր վերադարձը հայրենիք։ Նա մեզ պատմեց չվերթի չեղարկման պատճառով ունեցած խնդիրների մասին։

«Ես 8 օր գտնվում էի Թուրքիայում՝ Ադանա քաղաքում, պիտի վերադառնայի այն նույն ուղղությամբ, ինչպես որ գնացել էի, այսինքն՝ իմ թռիչքը Աթենքով էր, պիտի թռնեի Ստամբուլ-Աթենք-Երևան ուղղությամբ։ Վերջին օրը՝ թռիչքից երեք ժամ առաջ, նամակ ստացա, որ չվերթը չեղարկվել է, կապվեցի Թուրքիայում ծրագրի կազմակերպիչների հետ, տոմսեր գնեցինք, այս անգամ պիտի Անթալիայից թռնեի Մոսկվա, ձեռքիս այդքան գումար չկար, որ կարողանայի Մոսկվայից Երևան տրանզիտով թռնել։ Մտածեցի կգնամ ՌԴ-ում գտնվող հայրիկիս մոտ, հետո Հայաստան։ Գնացի, հասա Անթալիա, գրանցման (չեքինի) ժամանակ ասացին, որ այդ նույն օրը հրաման են արձակել, համաձայն որի, բացի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից, ոչ մեկը չի կարողանա Մոսկվա ոտք դնել՝ բացի տրանզիտով մեկնողներից։ Թուրքիայում լեզվի խնդիր կար, այնտեղ ոչ մեկը ո՛չ ազատ ռուսերեն էր խոսում, ո՛չ անգլերեն, ավելի շատ ժեստիկուլյացիայով ենք հաղորդակցվել։ Հասկացա, որ Մոսկվա չեմ կարող թռնել։ Խնդիր կար նաև ինտերնետի հետ, Թուրքիայի sim քարտ պիտի ունենայիր, որ կարողանայիր օգտվել օդանակայանի WiFi-ից », -պատմեց աղջիկը։

Նա ասաց, որ ամենուր մարդկային վերաբերմունքի է հանդիպել, տեղեկատվական կետից առաջնահերթ կապվել է Թուրքիայի կազմակերպիչների հետ, որոնք էլ  այս մասին տեղեկացրել են Հայաստանի կազմակերպիչներին: Օդանավակայանում ինտերնետից օգտվելու հարցում օգնել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը։ Նա կապ է հաստատել Հայաստանի կազմակերպիչների հետ, իսկ հետո ՌԴ-ում գտնվող հայրիկի հետ, որն էլ զանգահարել է Հայաստան՝ մայրիկին։

Հայաստանում էլ  մայրն ու իր բարեկամները, անհանգստացած, կապ են հաստատել Հայաստանում «Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի» աշխատանքները համակարգող Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» Հ/Կ-ի նախագահ Արթուր Նաջարյանի հետ, ճշտել են ուղարկող կազմակերպության կոնտակտները։ Վերջիններս առանձին-առանձին  կապ են հաստատել  Արտաքին գործերի նախարարության հետ, և բոլոր այս կառույցների շնորհիվ ՝ արագ կազմակերպվել է աղջկա թռիչքը Մոսկվայով դեպի Հայաստան, իհարկե, այս դեպքում Մոսկվան ծառայել է որպես տրանզիտ։

«Երբ նորից միացա ինտերնետին, տեսա, որ շատերն են անհանգստացել, ինձ ուղարկող կազմակերպության ղեկավարը, անդամներից շատերն են գրել ինձ, Թուրքիայում հյուրընկալող կազմակերպության ղեկավարը կապվել էր Գրիգոր Երիցյանի հետ ու տոմս էին գտել տրանզիտով դեպի Հայաստան։ Գնեցին տոմսը, վերադարձա: Կար ևս մեկ տարբերակ՝ Թուրքիայի կազմակերպիչները, օրինակ՝ մեր թրեյները, որը բնակվում էր Անթալիայում, ասում էր, որ կարող եմ մնալ այնքան, մինչև կկարգավորվի խնդիրը։ Շնորհակալ եմ բոլորից՝ իրենց մարդասիրական վերաբերմունքի համար»,- ասաց մեր զուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031