Թիվ 41 միկրոավտոբուսը երեկվանից չի սպասարկում: Այս մասին Aravot.am-ին ահազանգեցին Շենգավիթ համայնքի բնակիչները, որոնք ժամերով սպասել են թիվ 41-ին, սակայն այդպես էլ չի եկել: 41 համարի երթուղայինի բացակայությունը դժվարություններ է ստեղծում հատկապես Ներքին Չարբախի բնակիչների համար, որոնք մայրաքաղաքի կենտրոն հասնելու համար միայն թիվ 41 միկրոավտոբուսից են օգտվում: Ներքին Չարբախը սպասարկում են նաեւ թիվ 25 եւ 36 համարի միկրոավտոբուսները, որոնք սակայն բոլորովին այլ ուղղություններ են սպասարկում. առաջինը երթեւեկում է 3-րդ մասով եւ գնում մինչեւ Էրեբունի զանգված, 36 համարի երթուղագիծն էլ անցնում է Չարբախով, Մասիսի գյուղերով՝ հասնելով Հարավ Արեւմտյան թաղամաս: Այսինքն՝ այդ թաղամասի բնակիչները կենտրոն հասնելու համար միայն 41 համարի հույսին են:
«Թիվ 41 համարի երթուղին ոչ թե ամբողջությամբ չի աշխատում, այլ շարժակազմը նվազել է, եւ ներկայումս գիծը սպասարկում են ընդամենը 3 միկրոավտոբուս»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը եւ «ԵրեւանՏրանս» ՓԲԸ-ն ներկայումս այդ երթուղին սպասարկող ընկերության հետ քննարկումների մեջ են, որպեսզի նրանք առավոտյան եւ երեկոյան, բանուկ ժամերին շարժակազմն ավելացնեն:
Հակոբ Կարապետյանն ասաց, որ ոչ միայն թիվ 41 միկրոավտոբուսի, այլ նաեւ այլ երթուղիներում նույնպես որոշակի խնդիրներ են առաջացել վարորդների հետ կապված, որոնք 60 տարեկանն անց են. «Հասկանալի է, որ նրանք ռիսկային գոտում են, եւ, համապատասխան հրահանգների բերումով, այս շրջանում այդ տարիքի վարորդները չեն աշխատում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ